National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
22.03.2016
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 5

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը: Լսումներին մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների, ազգային փոքրամասնությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Բացելով խորհրդարանական լսումների աշխատանքը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ նախագծի շուրջ քաղաքական ուժերի մասնակցությամբ օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած քննարկման արդյունքում աշխատանքային խմբում լուրջ քննարկումներ են ծավալվել: Պարոն Սահակյանը համոզմունք է հայտնել, որ այն մտահոգությունները եւ առաջարկները, որոնք կներկայացվեն լսումների ընթացքում, կքննարկվեն աշխատանքային խմբի կողմից:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող նոր մոդելը, այն է՝ բաց եւ փակ ցուցակների համադրումը նորամուծություն է. այն չի բխում ՀՀ Սահմանադրությունից, սակայն արդիական է, տարածված է Եվրոպայի 20 երկրներում եւ ունի լայն կիրառում: Ըստ պարոն Հարությունյանի՝ առաջարկվել է ընտրողների գրանցումն իրականացնել տեխնիկական միջոցների ներգրավմամբ: Հիմնական զեկուցողը նշել է, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում ընտրողների ցուցակները հրապարակվում են ընտրություններից 3 օր առաջ՝ էլեկտրոնային տեսքով, ուստի յուրաքանչյուր ոք կարող է համացանցից ներբեռնել այդ ցուցակը եւ համոզվել, թե արդյոք կան ընտրողներ, ովքեր միաժամանակ հայտնվել են երկու տարբեր տեղամասերի ցուցակներում: Հիմնական զեկուցողը վստահեցրել է, որ նման դեպք չի կարող տեղի ունենալ:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ տեխնիկական համակարգերի ծրագրային ապահովումը պետք է ենթարկվի տեխնիկական աուդիտի՝ հասանելի բոլոր մասնակիցների, քաղաքական ուժերի եւ միջազգային կազմակերպությունների համար: Ընդգծվել է, որ Էլեկտրոնային ցուցակը մասերի բաժանելու եւ սարքերի մեջ ներբեռնելու գործընթացը պետք է ամբողջովին վերահսկելի լինի մասնակից քաղաքական ուժերի կողմից:

Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընտրություններից հետո համապատասխան ծրագրային եղանակով մասնակիցների ամբողջ ցանկը, այն է՝ էլեկտրոնային տարբերակով ընտրողների ստորագրած ցուցակները ծրագրային եղանակով կհամեմատվեն միմյանց հետ, այլ ոչ թե կհրապարակվեն: Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ առաջարկները շատ կառուցողական են եւ հնարավորություն կընձեռեն բարձրացնելու վստահությունը գործընթացի նկատմամբ:

Նշվել է, որ յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից հավատարմագրվող լրագրողների թվի վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Դավիթ Հարությունյանը խոսել է նաեւ ՏԻՄ ընտրությունների գործընթացում իրականացվող քայլերից:

Դավիթ Հարությունյանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ընտրախախտումների դեմ իրականացվող միջոցառումներին, ընտրակաշառքների կրճատմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ընտրակաշառք տվող անձի նկատմամբ սահմանված պատժի խստացման անհրաժեշտությանը, գունավոր քվեաթերթիկների կիրառությանը, նախագծի պարզեցմանը, ընտրատեղամասերում դիտորդների եւ ԶԼՄ-ների թվի սահմանափակմանը, ընտրատեղամասերում ընտրողի էլեկտրոնային գրանցման սարքերի տեղադրման գործընթացին, խորհրդարանում կանանց ներկայացվածության թվի ավելացմանը, Ազգային ժողովի ընտրություններին ազգային փոքրամասնությունների մասնակցության ձեւաչափին, քվեարկության կտրոնների պահպանմանը եւ քվեարկության էլեկտրոնային գրանցման եղանակին, ընտրացուցակների ճշգրտությանը, մատների թանաքոտմանը:

Հովհաննես Սահակյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Կարծիք է հնչել, որ նախագծում առկա են լրագրողների իրավունքների ու մասնագիտական գործունեությանը վերաբերող դրույթներ ու ձեւակերպումներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը, «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ քրեական օրենսգրքին եւ միջազգային փաստաթղթերին: Կարեւորվել է ցուցակների հրապարակումը, ինչպես նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառելու հնարավորությունը: Ելույթներում նաեւ անդրադարձ է կատարվել առաջիկա ԱԺ եւ ՏԻՄ ընտրություններին, կարեւորվել է դրանցում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությունը: Նաեւ կարեւորվել է ազատ, արդար ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: Առաջարկ է եղել ընտրատեղամասերի միջեւ ապահովել էլեկտրոնային կապ՝ լրացուցիչ ցուցակներով կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով: Տեսակետ է հնչել նախագիծն ոչ միայն Վենետիկի հանձնաժողով, այլ նաեւ միջազգային այլ կառույցների ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային քաղաքացիաիրավական ՀԿ-ի ներկայացուցիչ Ամո Շարոյանը, խոսելով Ազգային ժողովում ազգային փաքրամասնությունների ներկայացվածությունից, առաջարկել է աշխատանքային խմբում ընդգրկել նաեւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավորները:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ շահագրգիռ քննարկումները: Ընտրական օրենսգրքի մշակման հիմնական նպատակը, ըստ ԱԺ փոխնախագահի, այն է, որ հասարակությունը վստահի ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին: Եւս մեկ անգամ անդրադառնալով ցուցակների հրապարակմանը՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ պաշտոնական հրապարակումը չի թույլատրվում, սակայն հնարավոր է քաղվածք վերցնել եւ ծանոթանալ: Էդուարդ Շարմազանովն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին աշխատել միասին՝ ունենալու բոլորի կողմից ընդունելի Ընտրական օրենսգիրք:

Իշխան Խաչատյանն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի մշակման քաղաքական միասնական ձեւաչափին՝ կարեւորելով հասարակության համար վստահելի ընտրական համակարգի ձեւավորումը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ ԸՕ-ի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացրած առաջարկները: Իշխան Խաչատրյանը ընդունելի չի համարել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերը՝ որպես մեկ միասնական ընտրատարածք դիտարկելու դրույթը: Լեւոն Զուրաբյանն, անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկած քաղաքական երկխոսության ֆորմատին` 4+4+4 ձեւաչափին, տեղեկացրել է, որ ի սկզբանե իշխող կուսակցությունն այն մերժում է: Պատգամավորի դիտարկմամբ՝ խոսքը փոխզիջման մասին է, եւ այդ ձեւաչափից է կախված ժողովրդի հավատի վերականգնումն ընտրական գործընթացի նկամամբ: Արամ Մանուկյանի խոսքով՝ կառավարության պնդումները քվեարկած ցուցակների չհրապարակման եւ ցուցակների մաքրման վերաբերյալ համոզիչ չեն: Պատգամավորը եւս մեկ անգամ առաջարկել է ընդառաջ գնալ հասարակության եւ քաղաքական ուժերի՝ քվեարկությանը մասնակցած եւ ստորագրված ընտրացուցակների հրապարկման պահանջին: Պատգամավորն առաջարկել է քննարկել այն բոլոր առաջնահերթ դրույթները, որոնք միտված են բացառելու ընտրակեղծիքները: Սամվել Նիկոյանը, կարեւորելով լսումների անցկացումը, ընտրական գործընթացում անհրաժեշտ է համարել էլեկտրոնային գրանցման համակարգի կատարելագործումը: Ռուզաննա Մուրադյանը, կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, նշել է, որ լսումների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են եղել կանանց վերաբերյալ: Տիկին Մուրադյանը նշել է, որ իշխող կուսակցությունը փորձում է ժողովրդավարական երկրի կառավարման օրինակով եւ ժողովրդավարության ճանապարհով ընթանալ: Նա ընտրական գործընթացի ազատ ու թափանցիկ կազմակերպման համար կարեւորել է քաղաքական մշակույթի եւ քաղաքական կամքի առկայությունը: Մարգարիտ Եսայանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վրա աշխատել են մասնագետները, որը համապատասխանեցվում է երկրի գլխավոր փաստաթղթին՝ ՀՀ նոր Սահմանադրությանը, որը վերջերս է բարեփոխվել: Նա կարեւորել է էլեկտրոնային գրանցում իրականացնելու մեխանիզմի ներդրումը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, եւս մեկ անգամ անդրադառնալով ցուցակների հրապարակմանը, տեղեկացրել է, որ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան փաստաթղթում նշված է, որ քվեարկած անձանց ցուցակները չպետք է հրապարակվեն:

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների համար եւ նշել, որ պատրաստ են դրանք քննարկել եւս մեկ անգամ:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին շահագրգիռ քննարկումների համար եւ նշել, որ ընդունելի առաջարկների արդյունքում լրամշակված նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Պարոն Սահակյանը ընտրական մշակույթի ձեւավորման գործընթացում բարձր է գնահատել նաեւ քաղաքացիական հասարակության դերը:


22.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր...

22.03.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ուն...

22.03.2016
Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հունաստանի ազատագրության տոնին նվիրված միջոցառմանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ներկա է գտնվել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր 1821 թվականի մարտի 25-ին Հունաստանի՝ օսմանյան լծից ազատագրմանը եւ հայ-հունական դարավոր բարեկամությանը: Միջոցառմանը ներկա են ե...

22.03.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 25-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու օրենսդրական կարգավորումը եւ առկա թերությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: ...

22.03.2016
Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է «Պոլիտալի» ընկերություն
Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանն այցելել է Աբովյան քաղաքում գտնվող «Պոլիտալի» իտալական ընկերություն եւ հանդիպել ընկերության տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիի հետ: Հանդիպման ընթացքում Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել իտալացի գործարարի՝ տեղական հումք...

22.03.2016
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Տավուշի մարզ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մարտի 19-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներ: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների...

22.03.2016
Միջազգային սեմինար՝ «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին՝ ժամը 10:00-ին, Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում կազմակերպում է «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով միջազգային սեմինար: Օրակարգին կարող ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS