Տպել
24.06.2016
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ անսահման է ազատության նրա ձգտումը». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին ընդունել է Բուենոս-Այրես քաղաքի խորհրդարանի պատգամավոր Գուստավո Վերային:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-արգենտինական բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ դրանք զարգանում են համաչափ եւ բնականոն հունով: Նա կարեւորել է Արգենտինայի խորհրդարանի հետ կապերի առավել սերտացումն ու զարգացումը, ինչն իր հերթին անհրաժեշտ է համարել նաեւ Գուստավո Վերան: ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հղել Արգենտինայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման համար:

Հանդիպմանը զրուցակիցներն առանցքային տեղ են հատկացրել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ֆրանցիսկոս Պապի այցը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր գնահատել է պատմական եւ նշանակալի՝ ողջ աշխարհի քրիստոնյաներին համախմբելու, սեր եւ խաղաղություն քարոզելու առումով:

Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն առանձնացել է մի շարք ռազմական հանցագործություններով, որոնք իրականացվել են ադրբեջանական զինուժի կողմից թե զինվորականների, թե խաղաղ բնակիչների նկատմամբ: Նա նշել է, որ Ադրբեջանին անթաքույց աջակցություն է ցուցաբերել Հայաստանն արդեն 23 տարի շրջափակման մեջ պահող Թուրքիան: ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել նման հարցերի վերաբերյալ երկակի ստանդարտների կիրառումը՝ ընդգծելով. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ կամարտահայտության եւ անկախ ապրելու իրավունք, ինչպես մնացած երկրների ժողովուրդները»: Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները դեռեւս 1991 թվականին են արտահայտել իրենց կամքը՝ հանրաքվեի ճանապարհով դուրս գալով ԽՍՀՄ կազմից: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ անսահման է ազատության նրա ձգտումը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Պատգամավոր Գուստավո Վերան նույնպես անդրադարձել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին եւ գնահատել այն իր առանձնահատուկ նշանակությամբ եւ նպատակներով: Արգենտինացի պատգամավորը եւս կարեւորել է մեր երկրի հետ կապերի ամրապնդումը, ներկայացրել Ֆրանցիսկոս Պապի գործունեությունը, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատերազմների, ռասիզմի եւ ահաբեկչությունների դեմ պայքարը, փախստականների խնդիրները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...