Տպել
20.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստային
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելու մեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել եւ ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կարեւոր հարթակ է միջպետական հարաբերությունների զարգացման համար եւ այս համատեքստում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի արդյունավետ գործունեությունը, որի անդամները մշտապես նպաստել են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության բարձրաձայնման ուղղությամբ եւ համոզմունք է հայտնել, որ այդ ջանքերն անպայման հաջողությամբ կավարտվեն:

Ջիմ Կոստան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելելը եղել է իր վաղեմի երազանքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նա ասել է. «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ եւ ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի եւ այլեւս չլինեն ցեղասպանություններ»:Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում եւ կարեւորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ նմանատիպ այցերը կլինեն շարունակական՝ ուղղված միջխորհրդարանական կապերի առավել ընդլայնմանն ու ակտիվացմանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայանպաստ գործունեության համար Ջիմ Կոստային պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:


20.07.2016
Հանդիպում խորհրդարանում
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամ Արմեն Ռուստամյանը եւ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հուլիսի 20-ին հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի հետ: Հյուրին ուղեկցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը: Ողջունելով պարոն Կոստայի...

20.07.2016
Այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ ...

20.07.2016
Հայտարարություն
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներ՝ Ազգային հանձնաժողովի անդամ...