National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.12.2016
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշում, համաձայն որի՝ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ՝ առաջին ընդմիջման տեւողությունը՝ մեկ ժամ, երկրորդ ընդմիջումը՝ կես ժամ: Հաջորդ օրվանից սկսած՝ կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11:00-ին, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ:

ԱԺ ընդունած այլ որոշումների համաձայն՝ մի շարք օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ երրորդ ընթերցմամբ քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նաեւ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել են միջազգային համաձայնագրերը:

Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման փուլում համալրվել է մի շարք նոր նախագծերով, որոնք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ պատգամավորները նախ քննարկել են առաջին ընթերցմամբ: Ըստ պարոն Սարգսյանի՝ ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով: Նախարարը նշել է, որ փաթեթի ընդունման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում կապահովվի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի կիրառումն ու օրենսդրական կարգավորումների միասնականությունը:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխություները նպատակային են եւ անհրաժեշտ է կողմ քվեարկել առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծերին:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ, ընդունվել է առաջարկների մի մասը: Ըստ պարոն Սարգսյանի՝ առաջարկները հիմնականում վերաբերել են օրենքի հետադարձ ուժ ստանալուն, պրոգրեսիվ վճարման սկզբունքի կիրառմանը եւ նախատեսվող վճարման ենթակա գումարներն այլ աղբյուրներից հավաքագրելու գաղափարին: Հիմնական զեկուցողը վստահեցրել է, որ նախաձեռնության ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման, հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ եւ արդյունավետ համակարգ, ինչի արդյունքում միանվագ վճարվող ապահովագրական գումարների չափերը ներկայում տրամադրվող գումարների չափերի համեմատ կբարձրանան, ինչն էլ իր հերթին կարեւոր խթան կհանդիսանա բարձր ռիսկայնության պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման համար:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով՝ օրենսդրական նախագծերն իրավական տեսանկյունից ամրապնդում են սոցիալական ապահովագրության նոր համակարգի ներդրումը. այն ազգային տուրքի գաղափարի վրա հիմնված համակարգ է, որը պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Նշվել է, որ ներկայացված առաջարկների հիման վրա վերանայվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը եւ կազմավորման կարգը: Օրենքով ամրագրվում է նաեւ հիմնադրամի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը. յուրաքանչյուր տարի կառավարության կողմից Ազգային ժողովին են ներկայացվելու տեղեկություններ հիմնադրամի գործունեության վերաբերյալ, օրենսդրորեն ձեւակերպվելու են շահառուների իրավունքներն ու պարտականությունները, նրանց ընտրման կարգը:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ներկայացված նախագծին: Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով ազգային տուրքի գաղափարը, խոսել է մեր երկրում գոյություն ունեցող անվստահության մթնոլորտի մասին: Նա անդրադարձել է ԲՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկներին եւ նշել, որ իրենք կողմ են քվեարկելու: Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ բանակը չպետք է բարեգործության օբյեկտ լինի, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության կամ որեւէ մեկի քմահաճույքի հույսին, դա նվաստացուցիչ է. այս օրենքի նախագիծն այդ իրավիճակները կանխելու հնարավորություն է ստեղծում: Պատգամավորը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը: Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ արդյունավետ կլիներ, որ այս հարցը քննարկվեր բանակում որոշ բարեփոխումներ իրականացնելուց հետո: Նրա կարծիքով՝ օրենքի նախագիծը պետք է վերաբերի նաեւ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա համոզմունք է հայտնել, որ նախաձեռնության մեխը պարտադիր բաղադրիչն է. հայ ժողովուրդը պարտավոր է իր հայրենիքը պաշտպանել, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր ներդրումը:

Պարոն Շարմազանովը ողջունելի է համարել ազգային տուրքի գաղափարը, որը գործում է որոշ երկրներում:

«Մենք պետք է սեփական բանակի ու զինվորների հանդեպ հոգատար լինենք եւ, այո, հասկանանք, որ սա հայրենիքի բոլոր քաղաքացիների հոգատարության խնդիրն է»:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ նախագծի հիմքում դրված վստահության մեխանիզմներն անհրաժեշտ են: Նա  ողջունել է Պաշտպանության նախարարության գաղափարը եւ նշել, որ կողմ է քվեարկելու:

Հրանտ Բագրատյանը, խոսելով ազգային տուրքի գաղափարի մասին, նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվածը սովորական սոցիալական ծախս է: Նա առաջարկել է կիրառել եկամտահարկի լողացող սանդղակ, խոսել է զինծառայողներին աշխատավարձ վճարելու մասին: Մարգարիտ Եսայանի խոսքով՝ նախագծով խնդրի ինստիտուցիոնալ լուծում է առաջարկվում, այն համախմբման նպատակ ունի: Նա կարեւորել է օրենքի նախագծում պարտադիրի բաղադրիչը: Միքայել Մելքումյանը նշել է, որ ազգային տուրքի եւ ազգային միասնականության գաղափար է դրված նախագծում, եւ ինքը դեմ է գումարի հարցում ըստ աշխատավարձի սանդղակի տարբերակված մոտեցում ցուցաբերելուն: Զարուհի Փոստանջյանը դեմ է նախագծին, նա կարծիք է հայտնել, որ այն կոռուպցիոն բնույթ ունի: Հովհաննես Մարգարյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ նշել, որ պետք է հավասար մոտեցում ցուցաբերել սոցիալական աջակցության հարցում: Ռուզաննա Մուրադյանն անդրադարձել է գործընկերների դիտողություններին եւ առաջարկներին՝ նշելով, որ դրանցից շատերը կառուցողական են, սակայն որոշ պատգամավորներ խոսեցին ամեն ինչից, բայց ոչ քննարկվող հարցից: Նա կարեւորել է նախագծի ընդունումը եւ վստահություն հայտնել, որ նախագծի գաղափարը բոլորի համար ընդունելի է: Լեւոն Մարտիրոսյանը պաշտպանել է Ռուզաննա Մուրադյանի՝ ազգային տուրքը բոլորի համար ընդունելի լինելու վերաբերյալ տեսակետը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել այս կարեւոր նախագծին:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա անդրադարձել է նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման փուլում գործընկերների ելույթներին եւ քաղաքացիների՝ տարբեր ձեւաչափերով քննարկումներին՝ նշելով, որ որեւէ քաղաքացի անտարբեր չի եղել ազգային տուրքի հատուցման գաղափարի նկատմամբ: Նա քաղաքական ուժերին կոչ է արել ազգային տուրքի այս վեհ եւ համազգային գաղափարը կրող նախագիծը չշահարկել եւ չդարձնել ցանկացած թեմայով խոսելու շարժառիթ:

Ելույթ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտնել է ՀԱԿ խմբակցության բացասական դիրքորոշումը օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, թե փաթեթում առկա գաղափարը պետք է իրականացնել պետական բյուջեի միջոցներով: Ըստ նրա՝ ազգային տուրքը ոչ թե զինծառայողներին աջակցելու՝ քաղաքացիներին տրվող հնարավորություն է, ինչպես նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ պարտադրանք է եւ հարկատեսակ: Նա գործընկերներին կոչ է արել դեմ քվեարկել փաթեթին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արտակ Զաքարյանը: Նա անընդունելի է համարել բանակին վերաբերող հարցերի քննարկումը շահարկելու եւ ամեն ինչից խոսելու՝ որոշ պատգամավորների վարքագիծը: Անդրադառնալով քննարկվող նախագծին, նա նշել է, որ ազգային տուրքի հատուցումը բոլոր քաղաքացիների պարտքն է, այլ ոչ թե դրամահավաքություն. ըստ նրա՝ սա քաղաքացիական, քաղաքական, մարդկային եւ բարոյական վարքագծի եւ պատասխանատվության դրսեւորում է, որն օրենսդրական տեսք է ստացել: Նա կոչ է արել չաղարտել գաղափարը:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ամփոփելով եզրափակիչ ելույթը, անդրադարձել է վստահելիության խնդրին եւ պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին՝ վստահեցնելով եւ համոզմունք հայտնելով, որ «Հիմնադրամն աշխատելու է այնպես, որ բոլորը հպարտ են լինելու կողմ քվեարկելու համար. ես, որպես քաղաքական պաշտոնյա, որպես քաղաքական գործիչ՝ այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում եմ իմ քաղաքական կենսագրությունը եւ իմ ապագան»,- մասնավորապես նշել է Վիգեն Սարգսյանը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչեւ «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքն (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-258-Ն) ուժի մեջ մտնելը որպես անհատ ձեռնարկատեր դուրս էին եկել հաշվառումից եւ ունեն եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով պարտավորություններ, կարողանան օգտվել այդ արտոնություններից: Բացի այդ, նախագծով նախատեսվում է արտոնությունները կիրառել նաեւ 2009-2012թթ. հաշվետու ժամանակաշրջանների համար:

«Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` սոցիալական վճարները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մասնակիցը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15%-ի չափով? կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):

Միաժամանակ, վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սոցիալական վճարի պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված (որոնց դեպքում միայն կարող է փոխանցվել ռեեստր վարողի հաշվին), եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը եւ տույժը մարելու համար: Դա նշանակում է, որ կուտակային հատկացումները ռեեստր վարողի հաշվին փոխանցվում են միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ վճարվում են սոցիալական վճարները եւ հաշվարկված տույժերը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն, որ ճշտված հաշվարկների ներկայացման դեպքում տույժերի վերահաշվարկներ չեն կատարվում, չվճարված տույժերի առկայությամբ պայմանավորված` կուտակային հատկացումները ժամանակին ռեեստր վարողի հաշվին փոխանցելու ընթացքում առաջացած խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է սահմանել սոցիալական վճարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից ազատելու արտոնություններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դրական է գնահատել եւ ողջունել ներկայացված փաթեթը եւ նշել, որ այն համաներում չէ, դա կարգավորելու է դաշտը: Ըստ նրա՝ հարկային վարչարարության ոլորտը, մաքրվելով ապառքներից, կարող է կարգավորել դաշտը եւ արդյունավետ լինել գործարարների համար: Տիկին Նաղդալյանը նաեւ նշել է, որ օրենսդրական փաթեթը բխում է կառավարության ծրագրից եւ կարգավորելու է ինքնազբաղվածների խնդիրներն ու լուծելու է նաեւ նրանց սոցիալական հիմնահարցերը:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 14-ի նիստում:


13.12.2016
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ: Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ ...

13.12.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 13-ին`  ժամը 13:30-ին, Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի լրագրողի հետ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպին:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am