National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
15.12.2016
Շարունակվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 15-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ: Պատգամավորների առաջարկով՝ ելույթներին հատկացվող ժամանակը չի սահմանափակվել եւ դրանք կլինեն 10-ական րոպե, խմբակցություններին տրվել են 2 լրացուցիչ լիազորություններ. դրանք վերաբերում են խորհրդարանական լսումներ կազմակերպելուն եւ արտահերթ քննարկելու համար նախագծեր շրջանառության մեջ դնելուն: Գործուղումների մեկնած պատգամավորները պարտավոր կլինեն ներկայացնելու հաշվետվություն: Գործուղման մեկնած պատգամավորը կարող է նախապես հայտնել իր դիրքորոշումը որեւէ նախագծի վերաբերյալ. դրա համար նա պետք է փակ ծրարով իր «ձայնը» հանձնի ԱԺ աշխատակազմի քարտուղարությանը, որն այնուհետեւ կմիացվի քվեարկության ընդհանուր ձայներին: Որոշակի փոփոխություններ են կատարվել արտահերթ նիստեր հրավիրելու առնչությամբ եւ այլն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահրամ Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը կրկնակի քննարկվել է նաեւ խորհրդարանական լսումների ընթացքում, ստացվել է մոտ 100 առաջարկ, նախագիծը լրամշակվել է:

Հարակից զեկույցում ՀՀ կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում նախագծի, ինչպես նաեւ չընդունված առաջարկների վերաբերյալ իրենց տեսակետներն ու հիմնավորումներն են ներկայացրել պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Մարտիրոսյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ խմբակցության առաջարկների մեծ մասն ընդունվել է, սակայն ցավ է հայտնել չընդունված այն սկզբունքային առաջարկի կապակցությամբ, որը վերաբերում է հանձնաժողովում դրական եզրակացություն չստացած նախագծի ներկայացման համար առաջարկված 10-15 րոպեի չընդունմանը. նշենք, որ նախագծի ներկայացման համար սահմանվել է 3 րոպե: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ այլ հարցերի, խոսել կուսակցական հարցերից, ԱԺ խմբակցությունների գործունեության դրույթներից: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանն անդրադարձել են բարձրացված հարցերին, շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին», «Գնումների մասին» օրինագծերը, «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթի ընդունման պարագայում դատական կարգով արդար եւ համաչափ փոխհատուցման՝ ներառյալ նյութական եւ ոչ նյութական վնասների հատուցման եւ ռեաբիլիտացիայի իրավունք կստանան խոշտանգումից տուժած անձինք: Նախաձեռնությամբ հստակ նախատեսված են նաեւ խոշտանգումից տուժած անձի կողմից դատարան փոխհատուցման հայց ներկայացնելու ժամկետները: Փոխհատուցման իրավունք է վերապահվում նաեւ բոլոր այն անձանց, ովքեր դատական ակտը վիճարկել են ՀՀ գործող միջազգային դատարանում (օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան), եթե այդ ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում դիմել են փոխհատուցում ստանալու համար: Սակայն, այս դեպքում խոշտանգումից տուժած անձինք ներպետական կարգով իրավունք ունեն ստանալու փոխհատուցում այնքանով, որքանով դա չի տրամադրվել միջազգային դատարանի դատական ակտով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրինագծի նպատակն է բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, լուծումներ տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին: Օրինագծով սահմանվում է, որ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՔԿԱԳ մարմիններից կարող է ստանալ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ: Հստակեցվում են նաեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, խնամքի նպաստը վճարելը վերսկսելու պայմաններն ու կարգը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Առաջարկվում է սահմանել, որ ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաեւ կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման եւ կենսաթոշակառուի միջեւ փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա: Նշվել է, որ հետ կգանձվեն այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Առաջարկվում է մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը ավելի վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետեւանքով: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաեւ քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, միջազգային պայմանագրերին համապատասխան քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: Օրենքի նախագիծը քննարկվել է ՄԻՊ-ի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:

ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ: Հեղինե Բիշարյանը խոսել է հաշմանդամության կարգ ստանալու, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ու կրթական, զբաղվածության եւ այլ խնդիրների մասին: Նա կարեւորել է տիպային մանկապարտեզների եւ սոցիալական տների ստեղծումը եւ անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալների իրավունքների մասին: Հակոբ Հակոբյանի գնահատմամբ՝ գործող օրենքն ունի թերություններ եւ կա փոփոխություն կատարելու անհրաժեշտություն: Նա գտնում է, որ առողջապահության համակարգի միջոցով պետք է նվազագույնի հասցնել հաշմանդամության պատճառները: Պատգամավորը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում կարեւորել է համապատասխան սոցիալական միջավայրի ապահովումը: Վահե Էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանը խոսել են հաշմանդամության կարգ տալու հարցում ծագող խնդիրների մասին:

Եզրափակիչ ելույթում Արտեմ Ասատրյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին:

Առաջին ընթերցումով է քննարկվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 8-ի գրությունը՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցման ծրագրում ընդգրկելու առաջարկով, ուստիեւ նախագծով նախատեսվում է բժշկական կենտրոնն ընդգրկել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվել է ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Վարկի ընդհանուր գումարը կկազմի 55 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը կտրամադրվի 5 տարիների ընթացքում: Համաձայնագրի նպատակն է տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացման միջոցով համայնքներում զարգացնել ենթակառուցվածքներ զբոսաշրջության եւ համայնքներում տնտեսության զարգացման համար:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների օրենսդրական կարգավորման կատարելագործում, ոլորտների պետական վերահսկողության բարձրացում, ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների սպասարկման որակի եւ անվտանգության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների հասանելիության բարձրացում հաշմանդամների եւ այլ սակավաշարժուն խմբերի համար, ընդհանուր օգտագործման տրանսպորտի վերազինում, նորացում եւ արդիականացում, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի ներկայացմամբ: Օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն բնապահպանական իրավախախտումների արդյունքում ՀՀ կենդանիների եւ բույսերի Կարմիր գրքերում գրանցված եւ այլ տեսակների ոչնչացման (վնասման) արդյունքում պատճառված վնասի հատուցման հաշվարկման եւ գանձման իրավահարաբերությունները:

Երկրորդ ընթերցումով պատգամավորները քննարկել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթները, երրորդ ընթերցումով՝ «Կուսակցությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին» եւ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենսդրական փաթեթները:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 16-ին:


15.12.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնին կից հանրային դիվանագիտության դպրոցի սաների հետ: Ողջունելով ներկաներին երկրի օրենսդիր մարմնում՝ Արտակ Զաքարյանը նրանց հետ զրուցել է օրենսդրական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am