National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.12.2016
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 4

Դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումները՝ «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով:

Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, տարբեր մարզպետարանների, գյուղական համայնքների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ներկայացնելով զեկուցողներին եւ քննարկվող թեման, անդրադարձել է ՀՀ-ում 2007 թվականից իրականացվող տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրին, որով նախատեսվում էր բարելավել սելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձեւավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը եւ խթանել կովկասյան գորշ ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է իրականացվող ծրագրի նպատակները՝ ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքերի բարելավմանը եւ մթերատվության բարձրացմանը: Ըստ նախարարի՝ ծրագրի մեկնարկից հետո մեր երկիր ներմուծվել է 2500 գլուխ տոհմային երինջ, որոնք տրվել են անհատ գյուղացիներին եւ գյուղացիական տնտեսություններին՝ տարաժամկետ վճարման պայմանով: Սակայն կենդանիների որոշակի քանակի անկման եւ ծագած զանազան խնդիրների պատճառով վճարումները չեն կատարվել:

Նախարարը, անդրադառնալով ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնելով քննարկել խնդիրների լուծման ուղիները շահագրգիռ կողմերի հետ, նշել է, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում շուտով կներկայացվեն առաջարկություններ, որոնք որոշակի պայմանների փոփոխության պարագայում կապահովեն ծրագրի շարունակականությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն իր զեկույցում ներկայացրել է, որ մեր երկրում տավարաբուծության զարգացման ծրագիրն իրականացվում է ճապոնական դրամաշնորհով եւ ի սկզբանե նախատեսված է եղել Ավստրիայից, Լատվիայից, Չեխիայից Հայաստան ներկրել շուրջ տասներկու հազար երինջ՝ տարաժամկետ վճարման պայմանով: ՀՀ են ներկրվել բարձր կաթնատվություն ունեցող 2500 գլուխ հոլշտինյան, շվից եւ սիմենթալ տեսակների տոհմային երինջեր, որոնք տրվել են անհատ գյուղացիներին եւ գյուղացիական տնտեսություններին: Վերջին տարիներին իրականացված մշտադիտարկման արդյունքում տեսանելի է ծրագրի արդյունատվությունը: Սակայն զեկուցողն անդրադարձել է նաեւ ծրագրի իրականացման ընթացքում ծագած խնդիրներին. հիսուն տնտեսվարող սուբյեկտ տարբեր պատճառներով տարաժամկետ վճարումը չի կատարել եւ ոմանց նկատմամբ արդեն հարուցվել են դատական գործեր:

Պարոն Հարությունյանը, ամփոփելով իր զեկույցը, ներկայացրել է կաթնատվության ցուցանիշները եւ նշել է, որ այժմ կատարվում է հաշվառում, որի ավարտից հետո առաջարկությունները կներկայացվեն կառավարության հաստատմանը, այնուհետեւ կփոխվեն ծրագրի պայմանները:

Տավարաբուծության բնագավառն ուսումնասիրող գիտական հաստատությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտում տիրող իրավիճակին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ամփոփելով խորհրդարանական լսումները, նշել է, որ մշտական հանձնաժողովը պատրաստ է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ մասնագետների հետ քննարկել խնդիրների լուծման ուղիները՝ նպաստելով երկրի գյուղատնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի զարգացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS