Տպել
23.12.2016
Աշխատանքային քննարկում
1 / 1

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի շրջանակում կիբեռանվտանգության ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի վերջին նիստը, որի ընթացքում ամփոփվել են երկու տարվա ընթացքում խմբի կատարած աշխատանքի արդյունքները:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ կիբեռանվտանգության ռազմավարության մշակումը եւ ընդունումն առաջնահերթություն է պետության համար: Նա հավելել է, որ աշխատանքային խմբի առաջարկների հիման վրա մշակվել է «Ռազմավարական մոտեցումներ կիբեռանվտանգության ոլորտում» փաստաթղթի նախագիծը, որում ներկայացված են հայեցակարգային մոտեցումներ կիբեռանվտանգության ոլորտի հիմնական հասկացությունների, պետության պատասխանատվության շրջանակի, խնդիրների եւ իրավասությունների, կարեւոր ենթակառուցվածքների դասակարգման, այդ ենթակառուցվածքներին ուղղված ռիսկերի գնահատման եւ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նորմերի, պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության չափանիշների կիրառման, համակարգչային պատահարների արձագանքման թիմերի ստեղծման, ինչպես նաեւ կիբեռանվտանգության ոլորտում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ: Հաշվի առնելով կիբեռանվտանգության ոլորտի առանձնահատկությունը եւ դրա կարեւորությունը պետական եւ մասնավոր հատվածներում՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ պատկերացնել պետության պատասխանատվության շրջանակը, խնդիրները եւ իրավասությունները: Նա կարծիք է հայտնել, որ մեր երկրում կիբեռանվտանգության իրավիճակի համալիր ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կամ որեւէ գերատեսչության կառուցվածքում անհրաժեշտ է ստեղծել կիբեռանվտանգության իրավիճակի վերլուծությունների ստորաբաժանում, որը համակարգված աշխատանքներ պետք է իրականացնի կիբեռանվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ: Նշվել է, որ պետք է իրականացվեն ոլորտում օրենսդրության ձեւավորմանն ուղղված աշխատանքներ:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են աշխատանքային խմբի կատարած հսկայածավալ աշխատանքը: Կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմագրավելու հարցում կարեւորվել է պետության կարիքներին համահունչ քայլերի իրականացումը, միջազգային փորձի ուսումնասիրությունը, համատեղ ծրագրերը: Անդրադարձ է կատարվել անհատական տվյալների իրավական պաշտպանության խնդիրներին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ոլորտին առնչվող կառավարության քաղաքականությունը: Նշվել է, որ առաջիկայում կմշակվի եւ կհաստատվի ոլորտի ռազմավարությունը, կառավարության ծրագրով նախատեսվում է կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծում: Պարոն Մարտիրոսյանը բարձր է գնահատել աշխատանքային խմբի կատարած աշխատանքը եւ առաջարկների հիման վրա մշակված փաստաթղթի նախագիծը:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ փաստաթղթի նախագծի վերջնական տարբերակը կուղարկվի ՀՀ վարչապետին եւ կառավարության համապատասխան ստորաբաժանումներին: Նա նշել է, որ  աշխատանքային խմբի գործունեությունը կլինի շարունակական: