National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
24.12.2016
Խորհրդարանական լսումներ՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում դեկտեմբերի 23-ին կազմակերպել էր ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, այլ շահագրգիռ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների, հոգեբուժական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բուժաշխատողներ:

Նշենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխության ենթարկել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի վերնագիրը` պայմանավորված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի տերմինաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, հստակեցնել իրավունքների սահմանափակման դեպքերը եւ դրանց մասին հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրինական ներկայացուցիչներին ծանուցելու կարգը: Օրենքի նախագծով առաջին անգամ սահմանվում են պացիենտների (գործունակ) պարտականությունները, որոնց սահմանման հիմք են հանդիսացել միջազգայնորեն հայտնի բժշկական հաստատությունների (Ջ.Հոպկինսի անվան հիվանդանոց, UCLA-ի հիվանդանոցային կենտրոններ, ՌԴ օրենսդրություն) կողմից սահմանված պացիենտների պարտականությունները, սակայն հաշվի առնելով հոգեբուժական օգնության եւ սպասարկման առանձնահատկությունները` սահմանվել է դրանց նվազագույն ցանկ: Առաջարկվում է նաեւ սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ եւ պայմաններ, սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդների ընդհանուր նկարագիրը, դրանց կիրառման ընթացակարգեր սահմանելու լիազորություն տալով կառավարությանը, ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը` համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ տերմինների միասնականացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, սահմանել ոչ հոժարակամ, ինչպես հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, նախատեսել հոգեկան խանգարում ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների` որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման կառուցվածքը, գործող մեխանիզմներ սահմանել` «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաեւ ՀՀ կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում նշել է, որ լսումների նպատակն է քննարկել նախագծով առաջարկվող փոփոխությունները, անրադառնալ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, վերհանել հոգեբուժության ոլորտի խնդիրները եւ գտնել հնարավոր օրենսդրական լուծումներ դրանք հաղթահարելու համար: Հանձնաժողովի նախագահի խոսքով` ՀՀ-ում գրանցված են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մոտ 50 000 անձինք, ովքեր շարունակաբար հոգեբուժական օգնության ու հատուկ խնամքի եւ պետական հոգածության կարիք են զգում: Պարոն Բաբլոյանը նշել է, որ հոգեկան առողջության ոլորտը բազմաբնագավառ է, ներառում է ոչ միայն առողջապահության, այլեւ սոցիալական, արդարադատության, կրթության եւ այլ բնագավառներ, ուստի լսումներին հրավիրված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչը թույլ կտա բազմակողմանի քննարկել օրենքի նախագիծը եւ ընդունել օրենք, որը համափարփակ լուծում կտա հոգեկան առողջության ոլորտի առջեւ ծառացող խնդիրներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, նշել է, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առանձին դեպքերում հրատապ լուծման կարիք ունեն: Պարոն Թաթոյանի խոսքով` իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն պացիենտների վատ վերաբերմունքի կանխարգելմանը եւ տալ օրենսդրական այնպիսի ձեւակերպումներ, որոնք պրակտիկայում կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Պաշտպանի կարծիքով` պետք է հստակ մոտեցումներ որդեգրել այն դեպքերի համար, երբ քրեական վարույթի շրջանակներում անձը հայտնվում է հոգեբուժական հաստատությունում:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի լրամշակման կարիքն առաջացել է, քանի որ գործող օրենքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել կանոնակարգող փաստաթղթերով: Ըստ պարոն Խաչատրյանի` գործող օրենքը բազմաթիվ լրամշակումների, նոր կարգավորումների ու օրենսդրական եզրույթների կարիք ունի: Փոխնախարարի տեղակացմամբ` առաջին փոփոխությունը վերաբերում է հոգեկան առողջության եզրույթի վերանայմանը. ներառվել է նաեւ սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաեւ հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը: Զեկուցողը մանրամասն խոսել է նախագծի կարեւոր դրույթների մասին, ներկայացրել նոր սահմանումները:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը ներկայացրել է հոգեբուժական ծառայությունների իրավիճակը Հայաստանում: Նա նշել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մեծ մասը դուրս է մնում հոգեբույժների եւ հոգեթերապեւտների տեսադաշտից: Հետազոտությունները վկայում են, որ առողջապահության առաջնային օղակում, ընդհանուր տիպի հիվանդանոցներում, ինչպես նաեւ մասնագիտացված ախտորոշիչ կենտրոններում այցելուների մի ստվար զանգված դրսեւորում է տարատեսակ հոգեախտաբանական խնդիրներ: Սակայն հիվանդների այս զանգվածը չի ստանում մասնագիտական հոգեբանական, կանխարգելիչ, բուժական, վերականգնողական բնույթի որակյալ օգնություն: Ըստ պարոն Թորոսյանի` գոյություն ունեցող հոգեբուժական ծառայության համակարգը ուշադրությունը եւ ջանքերը կենտրոնացնում է դիսպանսերներում հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց վրա եւ գործնականում անտեսում է ամբողջ բնակչության հոգեկան առողջության պահպանման խնդիրները: Ներկայիս համակարգը հիմնված է հիվանդանոցային բժշկական օգնության վրա: Գլխավոր հոգեբույժի խոսքով` համապատասխան գիտելիքներով զինված սոցիալական աշխատողների եւ հոգեկան առողջության պահպանման ոլորտի այլ մասնագետների բացակայությունն ավելի է սահմանափակում ամբուլատոր եւ համայնքային մակարդակներում համապատասխան ծառայություններ տրամադրելու հնարավորությունները:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է հոգեբուժական օգնության եւ սպասարկման ոլորտում մարդու իրավունքներին առնչվող ՄԻՊ աշխատակազմի դիտարկումների վերլուծությունը: Նշվել է, որ ՄԻՊ-ը հոգեբուժական օգնության եւ սպասարկման վերաբերյալ 2015-2016 թթ.-ին ստացել է 31 դիմում-բողոք, ինչպես նաեւ իրականացվել է 22 արագ արձագանքում, թեժ գծին ստացվել է 66 ահազանգ: Աշխատակազմում տրվել է 39-ը խորհրդատվություն հոգեբուժական օգնության եւ սպասարկման վերաբերյալ: Տիկին Գասպարյանը կարեւորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաինտեգրումը հասարակություն: Ըստ զեկուցողի` օրենսդրական նախագիծն ընդգրկում է հոգեբուժական խնամքի կարիք ունեցող հիվանդների իրավունքների ցանկը, սահմանվում են դատահոգեբուժական փորձաքննության տեսակների եւ դրա իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումները, հստակեցվել են մի շարք դրույթներ, սակայն խնդրահարույց է եւ քննարկման կարիք ունի պացիենտների համար օրենքով պարտականության սահմանումը:

Հոգեբուժական օգնության տրամադրման խնդիրներին եւ դրանց իրավական կարգավորման ուղիներին է անդրադարձել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա` նախագծի մշակման ժամանակ պետք է հաշվի առնել հաշմանդամների կոնվենցիայի դրույթները: Պարոն Սաքունցի կարծիքով` օրենքով անհրաժեշտ է նախատեսել ընթացիկ եզրակացությունների բողոքարկման իրավունքը:

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանն էլ իր ելույթում ներկայացրել է Սպիտակի խնամքի տունը որպես հոգեկան առողջության երկարատեւ խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների այլընտրանքային մոդելը Հայաստանում:

Ամփոփելով լսումները` ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար եւ հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին, որոնք կօգնեն կատարելագործելու օրենքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS