Տպել
27.01.2017
ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ փոխնախագահը քննարկել են սկզբունքային խնդիրներ
1 / 1

Հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ԵԽԽՎ աշխատանքների վերաբերյալ առկա մտահոգությունները: Անդրադարձ է եղել Եվրոպայում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդունված արժեհամակարգի նահանջին, կոռուպցիայի տարածմանը, ճանաչված արժեքների ոտնահարմանը, կառույցի բարեփոխման անհրաժեշտությանը: ԵԽԽՎ-ն վերջին անգամ բարեփոխվել է 7-8 տարի առաջ եւ այս տարիներին լրջագույն փոփոխություններ են եղել: Նշվել է, որ այսօրվա գերակա խնդիրներից մեկը ԵԽԽՎ-ն ցնցող կոռուպցիոն երեւույթները գնահատելու, դրանց ծնող պատճառները վերհանելու եւ հաղթահարման մեխանիզմներ մշակելու համար քայլեր ձեռնարկելն է:

ԱԺ պատվիրակության ղեկավարը կարեւորել է այն տեսակետը, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ու Հայաստանին առնչվող հարցերն իրականությանը համարժեք ընկալում ունենան եւ Հայաստանում ընդունելի լինեն եվրոպական ժողովրդավարության պահանջներն ու կարեւորությունը: Անդրադարձ է եղել վերջին շրջանի հայտարարություններին եւ իրադարձություններին, որոնց վերաբերյալ ԱԺ փոխնախագահը Թորբյորն Յագլանդին որոշակի տեղեկատվություն է տրամադրել: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանական կողմի անմարդկային ոճրագործությունների, քաղաքացիական բնակչության ու զինվորների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմի հետաքննության եւ գնահատականի անհրաժեշտության հարցերը, որոնց վերաբերյալ Հերմինե Նաղդալյանը եւ Հայաստանի այլ ներկայացուցիչներ, Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին տարբեր հանդիպումների ժամանակ լիարժեք եւ ամբողջական տեղեկատվություն են փոխանցել եվրոպացի պաշտոնյաներին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին եւ գլխավոր քարտուղարին:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս օրերին Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ու ներկայացրել լիարժեք եւ ամբողջական նյութեր, փաստեր ու փաստաթղթեր, նաեւ տեղեկատվություն ներկայացրել դեկտեմբերի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի մասին, որոնց պետք է օբյեկտիվ գնահատական տրվի:

«Մենք կարեւորում ենք ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետը, որ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առումով Եվրոպայում չպետք է լինեն «սեւ կետեր»՝ փակ տարածքներ, եւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան պետք է գործի Եվրոպայի ողջ տարածքում: Մենք կիսում ենք այս տեսակետը եւ համարում ենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է լինի Արցախում, որը հանձնառել է այդ չափանիշները եւ պետք է իր դիրքորոշումներն ավելի ակտիվ ներկայացնի: ԼՂ հակամարտությունը միակ գոտին է, որտեղ մարդու իրավունքների հանձնակատարն ու նրա ներկայացուցիչները չեն եղել, մինչդեռ դա կարեւոր հարց է թե ԼՂՀ-ում իրական վիճակի մասին պատկերացում տեղում կազմելու, թե ԼՂՀ-ն կոնվենցիայի գործողության տարածքում ներգրավված տեսնելու առումով, հատկապես, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանի կարգով միացել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիային»,- հանդիպմանը նշել է Հերմինե Նաղդալյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...