Տպել
27.01.2017
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը
1 / 1

Հունվարի 26-ին ԵԽԽՎ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից փոխանցել է. «Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլը ներկայացրել է տեղեկատվություն 2016 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության մասին: Նա մանրամասն տեղեկացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների մասին: Կարեւորվեց Սահմանադրության փոփոխությունից հետո կատարվող օրենսդրության համապատասխանեցումը, նշվեց, որ քաղաքական համակարգի փոփոխությունն իրականացվելու է նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Օրենսգիրք, որը քննարկվել եւ ընդունվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության աննախադեպ համագործակցությամբ: Իշխանությունը նպատակ է հռչակել անցկացնել օրինական եւ օրինակելի, ազատ եւ արդար ընտրություններ: Մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվել են նաեւ 2016 թվականի ամռանը ՊՊԾ գնդի գրավմանն առնչվող իրադարձությունները, որոնց ժամանակ իշխանությունները հնարավորն արեցին իրավիճակի լիցքաթափումն առանց լրացուցիչ լարվածության իրականացնելու համար: Ընդգծվեց իրավիճակի կարգավորմանն ուղղված ՀՀ Նախագահի բացառիկ հետեւողական եւ համբերատար գործելաոճը:

Հայաստանի հարցերով համազեկուցողները շեշտադրումներ էին արել եւ նիստի ժամանակ հնչեցին դիտարկումներ երկրում կատարվող փոփոխությունների մասին, մասնավորապես՝ նոր կառավարություն կազմելը, կառավարության նոր ծրագիրը, որի նպատակները շատ կարեւոր են թե տնտեսական բարեփոխումների, թե կոռուպցիայի դեմ պայքարի, թե տնտեսական զարգացման առումով, որոնք երկրի գլխավոր գերակայություններից են: Համազեկուցողների կարծիքով՝ վերջին շրջանում երկրում եղել է քաղաքական ուժերի օրինակելի համագործակցություն՝ Ընտրական օրենսգրքի բարելավման, ընտրությունների կազմակերպման եւ այլ օրենքների մշակման գործընթացներում, ինչը հուսադրում է, որ քաղաքական կառուցողական մթնոլորտը կպահպանվի եւ ընտրությունների ժամանակ, եւ ընտրություններից հետո: Դա երկրի ժողովրդավարության զարգացման ուղղությամբ լուրջ քայլ է: Տեղեկատվության մեջ նշվում է նաեւ դատաիրավական, ոստիկանական բարեփոխումների մասին, որոնց նպատակն է բարձրացնել վստահության աստիճանը երկրում: Կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարի ուղղության խորացումը: Համազեկուցողներն ընդգծեցին վերջին շրջանում կատարված քայլերը, այդ թվում անօրինական հարստացումը քրեականացնող օրենքը եւ կոռուպցիայի դեմ պաքարի այլ քայլերը: Նրանց կարծիքով՝ սահմանադրական բարեփոխմանը հաջորդած գործընթացները կարեւոր նշանակություն կունենան երկրի համար, դրանց հաջողությունների համադրումը կարող է լավ հիմք դառնալ ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հաջորդ փուլերին անցնելու համար: Համազեկուցողները դրական գնահատական տվեցին կատարված աշխատանքներին եւ գոհ էին Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքից»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...