Տպել
27.01.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների եւ մշակութային օջախների ոչնչացման հարցը
1 / 1

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին հայկական պատվիրակության անդամները շարունակել են ակտիվորեն մասնակցել՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն եղել:

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Իրավիճակը Սիրիայում եւ դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրատապ կարգով հրավիրված բանավեճի ձեւաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման եւ մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը:

Սիրիայում եւ դրանից դուրս ծավալվող իրավիճակն ԱԺ փոխնախագահը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արեւելքի անմիջական հարեւանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց տարածաշրջանում եւ դրանից դուրս:

Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմն այդ ծանր իրավիճակում եւ հույս հայտնելով, որ այն կհանգեցնի տեւական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաեւ հայերին՝ Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանի ավանդական համայնքների ներկայացուցիչներին:

«Մեր հայրենակիցներից շատերը մահացել են ահաբեկչական հարձակումների եւ ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները եւ մշակութային հաստատություններն ավերվել են»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտագետ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ նաեւ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը:

«Այսօր էլ հազարավոր հայեր Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին ստիպված են կրկին լքել իրենց բնակավայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը սիրիացի փախստականներին ընդունող թվով երրորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանն զգալի ջանքեր է գործադրել փախստականներին աջակցման եւ ինտեգրման ուղղությամբ, առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության եւ քաղաքացիության տրամադրման ընթացակարգեր: Պետությունն աջակցում է նրանց գործարարությամբ զբաղվելուն, տրամադրում է երկարաժամկետ բնակության վայր, ապահովում է անվճար բժշկական օգնությամբ եւ կրթաթոշակով:

«Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեք անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաեւ նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,- իր ելույթում համոզմունք է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ ողջունելի համարելով Կիպրոսի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իր նախագահության ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն դիտարկելու նախաձեռնությունը:

«Մենք բոլորս աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում՝ Սիրիայում տեղի ունեցած մշակույթի դեմ ուղղված բարբարոսական ավերածություններից հետո՝ Պալմիրան, Հալեպի Ցիտադելը դրա ցայտուն օրինակներն են: Որպես աշխարհի քաղաքացիներ՝ մենք պատասխանատու ենք եւ պարտավոր ենք ջանքեր գործադրել՝ կանխելու մշակութային հուշարձանների ոչնչացումը թե պատերազմական, եւ թե հատկապես խաղաղ ժամանակահատվածում»,- եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...