Տպել
14.02.2017
«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արցախահայության հաղթանակից բացի այլ լուծում չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:

ԱԺ փոխնախագահի հորդորով զրույց-հանդիպումն ընթացել է անկեղծ եւ ջերմ մթնոլորտում: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ եւ բազմաբնույթ են եղել. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց, ազգ-բանակ գաղափարախոսություն, խորհրդարանական դիվանագիտություն, ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանում, քաղաքական գործընթացներում կուսակցությունների դերակատարություն:

Էդուարդ Շարմազանովը հարցուպատասխանի ձեւաչափում ուսանողներին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը, կոնֆլիկտի լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության ջանքերը:

«Մենք Մինսկի խմբի համանախագահներից եւ միջազգային հանրությունից ակնկալում ենք բացառապես կոնֆլիկտի կարգավորման արդար դիրքորոշում, որը բխում է հայտնի երեք սկզբունքներից եւ ՄԱԿ-ի կանոնադրությունից»,-նշել է պարոն Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման հարցում մեր երկրի կողմից իրականացվող պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության գերակա ուղղություններին եւ ընդգծել. «Մեր նպատակն է, որ մեր հայրենակիցներն ապրեն եւ արարեն ազատ ու անկախ երկրում: Մենք ամբողջ աշխարհին պետք է ապացուցենք, որ արցախահայության հաղթանակն այլընտրանք չունի»:

Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանման ու տարածման մասին եւ այս համատեքստում կարեւորել այդ արժեքների վրա հիմնված ժողովրդավարական պետության դերը:

Հանդիպման ավարտին պարոն Շարմազանովը ուսանողներին խորհուրդ է տվել խնդիրների հաղթահարման հարցում լավատես լինել, զինվել գիտելիքներով եւ ընտրել այնպիսի մասնագիտություն, որն աշխատաշուկայում կլինի մրցունակ:

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն իր տեսակետն է հայտնել նաեւ ՀՀ ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: