National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.02.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
24.02.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 7

Փետրվարի 24-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար կընդգրկվեն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որը հանձնաժողովի գնահատմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հաշվի առնելով նախագծի սոցիալական նշանակությունը՝ հանձնաժողովի որոշմամբ նախագծի երրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի 24 ժամվա ընթացքում:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ գյուղտեխնիկայի պետական համարանիշի եւ գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այլ պետական մարմնի փոխանցելու գործընթացը սահմանված կարգով իրականացնելու անհրաժեշտությամբ: Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվեն նաեւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից նախագծերով: Քննարկված նախագծերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի, օրինագծով փորձ է արվում կարգավորել ՀՀ-ում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանել «ՀՀ ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները։

Սահմանվում է «արտոնագրված Ճարտարապետ» հասկացությունը։ Ըստ այդմ՝ արտոնագրված ճարտարապետը ֆիզիկական անձ է, ով ստացել է ճարտարապետական բարձրագույն կրթություն եւ օրենքով սահմանված արտոնագիր, որն իրավունք է տալիս նրան ինքնուրույն իրականացնելու ճարտարապետական մասնագիտական գործունեություն։

Քննարկման ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են հստակ պարզաբանումներ։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաեւ նախատեսել համապատասխան անցումային դրույթ արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի՝ վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից՝ 5 տարի, ինչը խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման եւ ոլորտի հետագա զարգացման համար։

Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանն ու ներդրումների ներգրավմանը։

Նշենք, որ նմանօրինակ նախագիծ էր ներկայացրել պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այս նախագծին տվել է դրական եզրակացություն եւ այն ներառված է նստաշրջանի օրակարգում։ Խնդիրը կարգավորելու նպատակով հանձնաժողովի նախագահն առաջարկել է հանդես գալ մեկ միասնական նախաձեռնությամբ։

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։

Նշվել է, որ նախագծերի նպատակն է հարկային մարմնի կողմից ռոյալիթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում 90 տոկոսի փոխարեն 80 տոկոս սահմանաչափի կիրառումը։

Նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել՝ մետաղների կազմը, ինչպես նաեւ մետաղներից յուրաքանչյուրի համար չվճարվող առավելագույն սահմանաչափեր սահմանել, որպեսզի կրճատվեն արհեստականորեն հարկման բազան նվազեցնելու հնարավորությունները։

Առաջարկվում է նաեւ Լոնդոնի մետաղների բորսայից բացի՝ այլ հեղինակավոր նմանօրինակ կառուցներից օգտվելու հնարավորություն տալ։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական ամբողջական կարգավորմամբ, տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ։

Նախատեսվում է ազատականացնել հանրային ծառայությունների ոլորտում չափման միջոցների, օրինակ՝ հաշվիչների, ստուգաչափման իրավունքի տրամադրումը մասնավոր կազմակերպություններին։ Ըստ այդմ՝ ոլորտում մրցակցային դաշտ կստեղծվի, որը խթան կհանդիսանա չափագիտության ոլորտում ներդրումների ներգրավմանն ու արդիականացմանը։

Քննարկված բոլոր նախագծերն ստացել են դրական եզրակացություն ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։ Հարցերի քննարկումը կազմակերպվելու է քսանչորս ժամյա ռեժիմով։

Կառավարության առաջարկությամբ հետաձգվել է «ՀՀ էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։

Քննարկման արդյունքում դրական եզրակացություն է ստացել երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Օրենսդրական փոփոխությամբ կստեղծվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմք:

Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ առաջարկվում է իրավական որոշակիության սկզբունքից ելնելով հստակ տարբերակում մտցնել տուգանքի վճարման «անհնարինություն» եւ «չարամտորեն խուսափել» եզրույթների միջեւ: Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել տարածքային մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները: Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի նպատակն է կանոնակարգել առկա իրավահարաբերությունները եւ վերացնել օրենսդրական բացը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Առաջարկվում է վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը, ուժը կորցրած ճանաչել կրկնվող դրույթը, ինչպես նաեւ գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք կամ կարգավորված են ՀՀ օրենսգրքի ընդհանուր դրույթներով կամ պետք է կարգավորվեն բացառապես կողմերի հայեցողությամբ՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:

Քննարկված նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Գագիկ Մելիքյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Լեռնիկ Ալեքսանյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը ներկայացրել է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությունում կատարված փոփոխություններով: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակ է սահմանվում հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելը: Սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքները, որոնք բխում են ինչպես նոր Սահմանադրության նորմերից, այնպես էլ INTOSAI հռչակած չափորոշիչներից:

Հեղինակների գնահատմամբ՝ օրենսդրական փաթեթն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում ժամանակակից պահանջների համապատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը:

Հարակից զեկույցներում հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարեւորել են օրենսդրական փաթեթի ընդունումը հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության տեսանկյունից, մասնավորապես հայեցակարգային այն փոփոխությունը, որով ստուգման գործառույթը փոխարինվում է աուդիտի գործառույթով: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը կողմ է օրենսդրական փաթեթին:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում իրականացնելու վերաբերյալ:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում է ընդգրկվել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ օրենսդրական փաթեթը միտված է սպառողների շահերի պաշտպանությանը, առաջարկվում է պարզեցնել վարկառու եւ վարկատու հարաբերությունները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում իրականացնելու վերաբերյալ:

Հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաեւ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի վերաբերյալ, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 44,037,000 եվրո գումարի չափով վարկ: Ծրագրով կբարելավվի ՀՀ տարածքում Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ վարկը տրամադրվելու է 22 տարով, ֆինանսների նախարարության կողմից սահմանված լողացող տոկոսադրույքով:

Բյուջետային գրասենյակի համակարգող, փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է Բյուջետային գրասենյակի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՀՀ կառավարության հեղինակած «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 44,037,000 եվրո գումարի չափով վարկ: Ծրագրով կբարելավվի ՀՀ տարածքում Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն էլ ներկայացրել է 2016 թվականի նոյեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի երկու պետությունների միջեւ բարեկամական կապերի զարգացմանը:

1962 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Արձանագրությամբ կստեղծվի հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով, որը պատասխանատու կլինի կոնվենցիայի կիրառման եւ մեկնաբանման առնչությամբ ծագող վեճերի բարեկամաբար լուծման համար:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ անվտանգության բնագավառում համագործակցության եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիրը, որը կնպաստի կողմերի միջեւ բարեկամության եւ համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության պահպանմանն ու հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության խորացմանը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ 2016 թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ արձանագրությունը երկարաձգում է ԵԱՏՄ շրջանակում առանձին ապրանքատեսակների համար 2015-2016 թվականներին ներդրված դրոշմավորման փորձնական ծրագրի իրագործման ժամկետը երկու տարով:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը: Արձանագրությամբ կողմերի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում կդյուրացվի «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրի իրագործումը:

Համաձայնագրերն ու արձանագրությունները հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «1971 թվականին Բանգլադեշում բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը հանձնաժողովի որոշմամբ քննարկվել է դռնփակ ընթացակարգով: Հանձնաժողովը, նախագծի հեղինակի համաձայնությամբ, որոշում է կայացրել հայտարարության նախագիծը լրամշակելու եւ խմբագրելու նպատակով հարցի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:


24.02.2017
Հանդիպում խորհրդարանում
Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է միջխորհրդարանական հար...

24.02.2017
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS