Տպել
09.03.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 9-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլայոս Կոձիասին:

Ողջունելով նախարարին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները, պատմական ընդհանուր անցյալը եւ հոգեւոր ու մշակութային արժեքների ընդհանրությունը:

Աժ նախագահը, հիշատակելով 1996 թվականին Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, իր երախտագիտությունն է հայտնել 2014-ի սեպտեմբերին ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Գալուստ Սահակյանն արձանագրել է, որ այսօր հայ-հունական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական երկխոսությունից մինչեւ փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում:

ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-հունական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ են զարգանում եւ ակնկալվում է, որ խորհրդարանների միջեւ համագործակցությունը, մասնավորապես փոխայցելությունները կշարունակվեն:

Խորհրդարանի ղեկավարն այս համատեքստում հատկապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի համագործակցությունը տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների ձեւաչափում եւ երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումները միմյանց համար զգայուն հարցերում:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը՝ ընդգծելով զարգացման լայն հնարավորությունների հեռանկարը Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում: Նա նշել է, որ Եվրամիության հետ համագործակցության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ նախագահի խոսքով՝ եւ Հայաստանը, եւ Արցախը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը. նրանք կարեւորում են խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ փոխանցելով Հունաստանի խորհրդարանի նախագահի ողջույնները՝ Նիկոլայոս Կոձիասը եւս կարեւորել է Հունաստանի եւ Հայաստանի քաղաքակրթական եւ պատմական ընդհանրությունները: Նա ցավով անդրադարձել է Հայոց ցեղասպանության թանգարանից իր ստացած տպավորություններին եւ նշել, որ պատմությունը ճիշտ չհասկանալու, դասեր չքաղելու դեպքում կարող է կրկնվել:

Պարոն Կոձիասը, կարեւորելով Հունաստանի եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական երկխոսությանը եւ ռազմավարական համագործակցությունը, անդրադարձել է նաեւ տնտեսական գործընկերությանը, որի հետ կապված անելիքները շատ են: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Նիկոլայոս Կոձիասն այս համատեքստում ընդգծել է վիզաների ազատականացման հարցը: Կարեւորելով իր այցը Հայաստան՝ նա նշել է, որ այս այցի հիմնական նպատակը Հունաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական անհամաչափությունների կարգավորումն է, որն ինքը պատրաստվում է քննարկել ՀՀ Նախագահի, վարչապետի եւ կառավարության անդամների հետ, ներկայացնել իր տեսակետերն ու առաջարկները:

Պարոն Կոձիասն իր խոսքում ընդգծել է մշակութային դիվանագիտության մեծ դերը եւ նշել, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում խորհրդարանների աջակցության կարիքը կա:

Նիկոլայոս Կոձիասը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը նույնպես կհամագործակցի Հունաստանի խորհրդարանի հետ, այնտեղ եւս կձեւավորվի Հունաստանի հետ բարեկամության խումբ:

Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը Նիկոլայոս Կոձիասի այցը Հայաստան գնահատել է որպես հայ-հունական բարեկամությունը եւ քաղաքական երկխոսությունն առավել զարգացնելու փոխադարձ շահագրգռվածության արտահայտություն: