Տպել
14.03.2017
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 14-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմք ընդունելով «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ներկայացված 2001 թվականի մայիսի 30-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների փոփոխման վերաբերյալ փաստաթուղթը` առաջարկվում է գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացն իրականացնել ծանուցմամբ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացրած անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգը: Կարգավորման նպատակը գենետիկ ինժեներիայի գործունեության լիցենզավորման գործընթացը ծանուցմամբ կազմակերպելու ապահովումն է եւ առկա խնդիրների վերացումը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում: