Տպել
20.03.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը նշել է, որ մեծապես կարեւորվում է ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ նոր ընտրական համակարգով խորհրդարանական կառավարման ձեւին սահուն անցումը:

Այս համատեքստում դեսպանը հաջողություն է մաղթել գալիք ընտրություններում եւ հույս հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ շփումներն ակտիվ եւ շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հարցին: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման հարցում հինգերորդ գումարման խորհրդարանական գործունեությունը եղել է ակտիվ, սակայն դեռեւս կա չօգտագործված ներուժ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Արտակ Զաքարյանը կարեւորել է հակամարտության կարգավորման հարցում Կանադայի հավասարակշիռ դիրքորոշումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ դեսպան Քյուրը նշել է, որ Կանադան մեծապես կարեւորում է ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված միջազգային գործընթացները՝ որպես քայլ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այս համատեքստում նաեւ անդրադարձ է կատարվել Երեւանում 2015 եւ 2016 թվականներին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացմանը՝ կարեւորելով այդ հարթակի դերը միջխորհրդարանական մակարդակում Ցեղասպանության թեման բարձրաձայնելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-կանադական հարաբերությունների մի շարք ոլորտների, կարեւորվել է հարաբերությունների առավել խթանումը խորհրդարանական մակարդակում՝ աջակցելով բիզնեսի, կրթության եւ մշակութային ոլորտների զարգացմանը:

Քննարկվել են նաեւ հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացման եւ բիզնես հնարավորությունների խթանմանը վերաբերող հարցեր: Արտակ Զաքարյանը կարեւորել է 2017 թվականի սեպտեմբերին Երեւանում կանադական կողմի նախաձեռնությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաժողովի անցկացումը՝ հույս հայտնելով, որ համաժողովի աշխատանքներին աջակցություն կցուցաբերի նաեւ գալիք խորհրդարանը:

Կողմերը կարեւորել են նաեւ 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը՝ որպես նշանակալի իրադարձություն ՀՀ արտաքին քաղաքական գործընթացներում:

Հանդիպման ավարտին դեսպանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում եւս երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...