Տպել
13.04.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Նորվեգիայի «Լիդերհորն» երգչախմբի անդամներին
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորությունից Հայաստան ժամանած «Լիդերհորն» երգչախմբի անդամներին: Նշենք, որ խումբը Հայաստան է եկել հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայերին հաղորդակից դարձնելու նորվեգական հոգեւոր երաժշտությանը: Նրանք նախորդ օրն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երգչախմբի՝ մշակույթի միջոցով 21-րդ դարում առկա մարտահրավերների եւ անարդարությունների դեմ պայքարելու առաքելությունը:

«Համոզված եմ, որ անցյալի անարդարությունների դեմ մենք պետք է պայքարենք քրիստոնեաբար՝ սեր եւ համերաշխություն քարոզելով, իսկ ձեր պայքարում ես տեսնում եմ արդարության ձգտում»,-ընդգծել է պարոն Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ցեղասպանությունների դեմ պայքարը եւ այդ համատեքստում ընդգծել, որ նման ոճրագործությունների դեմ, անկախ իրենց կրոնական հայացքներից, պետք է պայքարեն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մշակույթի գործիչները՝ համամարդկային արժեքների միջոցով:

«Շատ դեպքերում մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարող անել այն, ինչ կարող եք անել դուք, եւ դա դուք երեկ ապացուցեցիք Ծիծեռնակաբերդում՝ ձեր երգի հնչյունների ներքո սեր, հանդուրժողականություն եւ եղբայրություն տարածելով ամենուր»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հյուրերն ընդգծել են, որ իրենց այցը հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման եւս մեկ ազդակ է եւ նշել, որ շարունակելու են իրենց արդար պայքարը: Կազմակերպիչների խոսքով՝ երգչախմբի վաղեմի երազանքն է եղել գալ Հայաստան ու այցելել հատկապես Ծիծեռնակաբերդ:

Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ երգչախմբի անդամները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացել նիստերի վարման կարգին: Այնուհետեւ նիստերի դահլիճում նրանք կատարել են Կոմիտասի ստեղծագործություններից:


13.04.2017
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի ապրիլի 13-ի նիստը չի կայացել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ...

13.04.2017
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, խորհրդարանական խմբակցությունների՝ ապրիլի 14-ին կայանալիք ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամերին` ՀԱԿ խմբակցություն 11:10 ՀՀԿ խմբակցություն 11:30: ...