Տպել
25.04.2017
«Ցեղասպանություն իրականացրած պետությունների եւ վարչակազմերի անպատժելիությունն իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների». Հերմինե Նաղդալյան
1 / 1

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որում եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության փաստի վրա եւ խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:

Հերմինե Նաղդալյանը ելույթում փաստել է, որ Ցեղասպանություն իրականացրած պետությունների եւ վարչակազմերի անպատժելիությունը, միասնական միջազգային դատապարտմանն ու հետագա կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների բացակայությունը կամ անկարողությունը հանգեցրել է նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ մարտահրավերների, դեռեւս բախվում է հնարավոր ցեղասպանությունների իրական սպառնալիքին:

«Մենք՝ հայերս, Ցեղասպանություն վերապրածներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում առավելագույնն անելու ցեղասպանության դեմ պայքարում: Տասնամյակների ընթացքում ցեղասպանությունների մասին խոսելիս մենք աղաղակում էինք՝ «այլեւս երբե՛ք»: Մենք ասում էինք «այլեւս երբե՛ք» 1994 թվականին իրականացված Ռուանդայի ցեղասպանությունից հետո: Աշխարհն աղաղակում էր՝ «այլեւս երբե՛ք» 2014 թվականին, երբ ԴԱԻՇ-ն սկսեց կոտորել անմեղ եզդիներին: Հայերն «այլեւս երբե՛ք» էին աղաղակում 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն, այս հանցագործությունների կրկնությունը ողջ աշխարհում դեռ շարունակվում է»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահը հարկ է համարել հիշեցնել, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան ընդունվել է գրեթե 7 տասնամյակ առաջ, որը նշանակալից իրադարձություն է: Բայց միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ տեղի չունենան: Ցեղասպանությունների կանխարգելման կայուն մեխանիզմներ են պահանջվում: Պատշաճ նախազգուշացումը, արձագանքը ցեղասպանածին միջավայրին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը էական դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման պայքարում:

«2015 թվականի մարտին՝ Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից: Ավելի քան 70 պետություններ միացան Հայաստանին եւ համահեղինակեցին բանաձեւը: Այս բանաձեւի հիման վրա, 2015 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր», - իր ելույթում փաստել է տիկին Նաղդալյանը՝ համոզմունք հայտնելով, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանություն չարիքը:


25.04.2017
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը: Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն եւ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որեւէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի:...

25.04.2017
Մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը` Ռիմա Վաղարշակի Նաղդալյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից: ...

25.04.2017
Տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը
Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերը, որոնց մասնակցել են...