National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.05.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.05.2017
Շարունակվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
1 / 12

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության զոհերի՝ Պոնտոսի հույների հիշատակը:

Առավոտյան նիստում տեղի են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրությունները. հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում ընտրվելու համար առաջադրել էր Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, իսկ ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությունը՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ԱԺ 105 պատգամավորից քվեարկություններին մասնակցել է 100-ը:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13-ը, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 22-ը, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Միքայել Մելքումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29-ը, անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը:

ԱԺ նախագահի նորընտիր տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը շնորհակալություն են հայտնել կուսակիցներին եւ գործընկերներին՝ նման պատասխանատու պաշտոնում իրենց թեկնածություններն առաջադրելու եւ ցուցաբերած վստահության համար:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր եւ գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին եւ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, բարձր գնահատել նրանց կատարած աշխատանքը խորհրդարանում եւ հանձնել հուշանվերներ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այնուհետեւ տեղեկացրել է, որ տեղի են ունեցել ԱԺ խմբակցությունների նիստեր, ընտրվել են ԱԺ խմբակցությունների ղեկավարներ եւ քարտուղարներ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը, ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գեւորգ Գորգիսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյանը:

Արա Բաբլոյանը նաեւ տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Պարոն Բաբլոյանը նշել է, որ նույն հոդվածի համաձայն, եթե պատգամավորները մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով ետ չվերցնեն իրենց դիմումները, ապա դրանք կհամարվեն ընդունված:

Այնուհետեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Նա տեղեկացրել է, որ նման նախագիծ է հեղինակել նաեւ ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցությունը:

ՀՀԿ խմբակցության նախագծով առաջարկվում է, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը եւ 112-րդ հոդվածի 1-ին մասը, ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը սահմանել 9-ը: Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով որոշ հանձնաժողովների թերբեռնվածությունը, (ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանում գործել են 12 մշտական հանձնաժողովներ), երեք մշտական հանձնաժողով նախատեսվում է միացնել այլ հանձնաժողովների: Ըստ բանախոսի՝ նման որոշման համար նշանակություն են ունեցել երեք գործոններ՝ պատգամավորների թվի կրճատում, հանձնաժողովների թերբեռնվածություն, քաղաքական գործոն: Մասնավորապես, այլ հանձնաժողովների կմիացվեն Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, Սոցիալական հարցերի հանձնաժողովը, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը:

«Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության առաջարկը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ այլընտրանքային նախագծով առաջարկվում է պատգամավորների թվի կրճատմանը զուգահեռ կրճատել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը՝ 12-ից դարձնելով 10: Նա առաջարկել է պահպանել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ներկայացնելով հիմնավորումներ: Պարոն Մարուքյանն անդրադարձել է նաեւ հանձնաժողովների թվի կրճատման քաղաքական կողմին:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Կոստանյանը, Արամ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Արտակ Զեյնալյանը:

Իրենց տեսակետներն են հայտնել նաեւ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քննարկվող հարցի վերաբերյալ խմբակցության տեսակետը եւ չհիմնավորված համարել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի միացումը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներում եղել է անհավասարակշռություն. որոշ հանձնաժողովներ աշխատել են թերբեռնված ոչ իրենց կամքով: Ըստ նրա՝ եթե Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովը ղեկավարվի սկզբունքային ընդդիմության նախագահի կողմից, ապա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարձանագրվեն նշանակալի հաջողություններ:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ թեպետ իր գլխավորած հանձնաժողովը նախորդ գումարման խորհրդարանում մի շարք օրինագծերի առնչությամբ գլխադասային չի եղել, սակայն դա չի խանգարել իրեն մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետներ ներկայացնել եւ բարձրացնել այդ հարցերը միջազգային ատյաններում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության առաջարկին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե քաղաքական պատասխանատվությունը պետք է կրել միասին եւ անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կիսի քաղաքական պատասխանատվությունը, լինի ուժեղ եւ կառուցողական ուժ: Ըստ նրա՝ զարմանալի է, որ արմատական ընդդիմությունը ցանկություն ունի հանձնաժողով ղեկավարելու: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ միշտ դեմ է եղել հանձնաժողովների թվի ավելացմանը, քանի որ արդյունավետությունը քանակով չի որոշվում:

Եզրափակիչ ելույթում Հրայր Թովմասյանը նշել է, որ պետք չէ գերագնահատել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների լիազորությունները, քանի որ մեծամասնությունը ներկայացված է լինելու բոլոր հանձնաժողովներում եւ քվեարկություններն էլ կատարվելու են համապատասխանաբար:

Էդմոն Մարուքյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ խոսքը քաղաքական ամբիցիաների մասին չէ, այլ մասնագիտական որակները կիրառելու: Նա նշել է, որ ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցությունը պաշտպանում է իր շահը, Դոնթի բանաձեւով իրեն հասանելիք հանձնաժողովը նախագահելու իրավունքը: Պարոն Մարուքյանը բացառել է ԱԺ հանձնաժողովների միավորման իրավական կողմը. ըստ նրա՝ հարցը քաղաքական է եւ նպատակ ունի, որ «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցությունը չղեկավարի որեւէ հանձնաժողով:

Խորհրդարանն այնուհետեւ 64 կողմ, 9 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծին, որը ներկայացրել էր ՀՀԿ խմբակցությունը:

«Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության ներկայացրած տարբերակը չի ստացել բավարար թվով ձայներ:

Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձել է ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրմանը. ԱԺ վեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, երեք հանձնաժողովների նախագահներինը՝ ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հակոբ Հակոբյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արմեն Աշոտյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վարդան Բոստանջյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Կորյուն Նահապետյանը, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Հրայր Թովմասյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վարդեւան Գրիգորյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Խոսրով Հարությունյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Գագիկ Մինասյանը:

Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա տարիների գործունեության իրենց տեսլականը: Նրանք շնորհակալություն են հայտնել վստահության եւ այդ պատասխանատու պաշտոններում իրենց թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուները հավաստիացրել են, որ ընտրվելու դեպքում կփորձեն բարձրաձայնել եւ լուծել ոլորտներում առկա համակարգային խնդիրները:

Հակոբ Հակոբյանը նշել է, որ իր՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինելու ժամանակահատվածում համակարգում բազմաթիվ բարեփոխումներ նախատեսող օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, ինչը սոցիալական աջակցության արդյունավետ իրականացման հարցում դրական ազդեցություն է ունեցել քաղաքացիների համար: Ըստ նրա՝ եւ առողջապահության, եւ սոցիալական ոլորտներում օրենսդրական, քաղաքական եւ տնտեսական սկզբունքները պետք է լինեն կանխարգելիչ: Պարոն Հակոբյանը խոսել է նաեւ ժողովրդագրական խնդիրների մասին:

Արմեն Աշոտյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության, ինչպես նաեւ իրեն վստահված հանձնաժողովի դերը հսկայական է: Նրա համոզմամբ՝ արտաքին քաղաքականությունը, այդ թվում խորհրդարանական դիվանագիտությունը, պետք է խարսխված լինեն Հայաստանի ազգային եւ պետական շահերի վրա: Ներկայացնելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի սկզբունքները՝ նա նշել է, որ Հայաստանը պատասխանատու է նաեւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի համար մինչեւ Արցախի Հանրապետության միջազգային լիարժեք ճանաչումը: Արտաքին քաղաքականության տիրույթում պարոն Աշոտյանն առանձնացրել է Սփյուռքի եւ հայրենադարձության խնդիրները:

Վարդան Բոստանջյանը նշել է, որ տիրապետում է ոլորտի խնդիրներին եւ ընդգծել, որ հանձնաժողովի գործունեությունը կլինի արդյունավետ: Նա անդրադարձել է դպրոցների՝ այս օրերին քննարկվող օպտիմալացման հարցին: Թեկնածուն կարեւորել է մարդկային կապիտալի ճիշտ գնահատումը եւ օգտագործումը ու հավելել, որ պատրաստ է ակտիվ աշխատել նաեւ այլ հանձնաժողովների քննարկումների ընթացքում:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետագա գործունեությունը՝ ընդգծելով, որ մեր երկրի անվտանգությանն առնչվող բազմաթիվ խնդիրների հարցում, ինչպիսին են կոռուպցիան, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, արդար կառավարումը, անարդարությունը, պետական կառավարման որակը, մեր գործընկերը Եվրոպական միությունն է եւ եվրոպական կառույցները: Տիկին Զոհրաբյանը ներկայացրել է այս տարիների ընթացքում իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ այն արդյունավետ համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, եվրոպական կառույցների, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի, «Կարմիր խաչի» հետ: Խոսելով ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի մասին՝ տիկին Զոհրաբյանը նշել է, որ այդ փաստաթղթով ՀՀ-ԵՄ հարաբերություններն առաջիկայում կթեւակոխեն նոր որակական շեմ: Թեկնածուն խոսել է նաեւ հանձնաժողովի առաջիկա անելիքների մասին:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ին:


19.05.2017
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի ե...

19.05.2017
Արա Բաբլոյանի արձագանքն Ադրբեջանի գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության առնչությամբ
Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին: Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից հա...

19.05.2017
Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Ստորեւ ներկայացնում ենք Արա Սաղաթելյանի կենսագրությունը: Արա Կարլենի Սաղաթելյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 21-ին Երեւանում: 1988-1993 թթ՝ սովորել եւ ավարտե...

19.05.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կենսագրությունը
Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Ալավերդիում:1997թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:...

19.05.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում: 2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: 2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադ...

19.05.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի կենսագրությունը
Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին Երեւանում: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ-ի ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS