Տպել
20.05.2017
Ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները
1 / 9

Մայիսի 20-ին շարունակվել է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը:

Ելույթներ են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել կուսակիցներին՝ իր աշխատանքը գնահատելու եւ նման պատասխանատու պաշտոնում իրեն վերստին առաջադրելու համար: Թեկնածուն անդրադարձել է նախորդ խորհրդարանում իր գլխավորած հանձնաժողովի գործունեությանը, մատնանշել այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ է համարում իրականացնել ընտրվելու դեպքում: Նա նշել է, որ շարունակվելու է խորհրդարանական վերահսկողությունը պաշտպանության եւ անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, առաջնահերթ խնդիր է լինելու ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Կարեւորվել է պաշտպանական ոլորտում գնումների գործընթացի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության բարձրացումը, ոլորտային օրենքների բարեփոխումը, միջազգային ռազմաքաղաքական կառույցների հետ համագործակցությունը, զինված ուժերի գրավչության բարձրացումը, առկա խնդիրների վերհանումն ու կարգավորումը, հանրությանը մտահոգող հարցերին ականջալուր լինելը:

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում իր անելիքներն ու պատկերացումները՝ նշելով, որ քաջածանոթ է ոլորտի խնդիրներին: Նա ընդգծել է, որ ընտրվելու պարագայում լսելու եւ հաշվի է առնելու հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքները, օրենսդրական աշխատանքում ներգրավված են լինելու ոլորտի գիտակներն ու մասնագետները, նշանակալի տեղ է տրվելու խորհրդարանական լսումների անցկացմանն ու խորհրդարանական վերահսկողության իրականացմանը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը նույնպես ելույթ է ունեցել եւ անդրադարձել ոլորտային այն կարեւոր հարցերին եւ խնդիրներին, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Թեկնածուն ներկայացրել է դրանք կարգավորելու վերաբերյալ իր պատկերացումները, առաջնահերթություններն ու հանձնաժողովի աշխատաոճը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Խոսրով Հարությունյանն անդրադարձել է տնտեսական զարգացման քաղաքականությանը՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով: Թեկնածուն անհրաժեշտ է համարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, ներդրումների ներգրավման եւ աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով քաղաքացիների եկամուտների ավելացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Պարոն Հարությունյանն անդրադարձել է արտահանման ավելացման խնդրին՝ այս հարցում արժեւորելով արտահանման շուկաների եւ արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից տնտեսության առանձին ճյուղերի դիվերսիֆիկացումը: Այս համատեքստում Խոսրով Հարությունյանը կարեւորել է ԵԱՏՄ հնարավորությունների եւ ԵՄ-ի հետ ձեւավորվող տնտեսական հարաբերությունների արդյունավետ օգտագործումը: Թեկնածուն ներկայացրել է նաեւ հանձնաժողովի հետագա անելիքների հարցում իր պատկերացումները: Նա վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում հանձնաժողովն իր գլխավորությամբ առավելագույնը կանի՝ այս պատասխանատու փուլում առաջիկա տարիների համար կայուն տնտեսական զարգացում ապահովելու հարցում իր ներդրումն ունենալու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանն անդրադարձել է խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացմանը: Պարոն Մինասյանը ներկայացրել է վերջին տարիների ընթացքում իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությունը, հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական աշխատանքը, մասնավորապես անդրադարձել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների արդյունքում Բյուջետային գրասենյակի ստեղծմանը, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի ընդունմանը: Թեկնածուն կարեւորել է ոլորտի միջազգային փորձի, ինչպես նաեւ խորհրդարան-բարձրագույն աուդիտորական մարմին փոխհարաբերության լավագույն փորձի ուսումնասիրությունը:

ԱԺ փոխնախագահը՝ հանձնաժողովների նախագահների թեկնածուների մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է թեկնածուների մարդկային ու մասնագիտական որակների մասին՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել նրանց օգտին: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ թեկնածուների գլխավորությամբ ԱԺ մշտական հանձնաժողովները լուրջ հաջողություններ կգրանցեն:

«Ելք» եւ ՀՀԿ խմբակցությունների տեսակետը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով քվեարկության վերաբերյալ իրենց դիրքորոշումը, առաջարկել է հրաժարվել Դոնթի բանաձեւից: Նա անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության հարաբերություններին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ խորհրդարանական համակարգում հիմնական բանավեճերը հանձնաժողովներում են ընթանալու, նիստերի դահլիճում հնչելու են քաղաքական գնահատականներ: Պարոն Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովներն օրենսդրական գործընթացում խմբակցությունների հետ ակտիվ կհամագործակցեն: Նա վստահ է, որ հանձնաժողովների նախագահները, համագործակցելով քաղաքական բոլոր ուժերի հետ, արդյունավետ կաշխատեն:

Ընտրվել են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահները

Այնուհետեւ տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկության արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ ընտրվել են:


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի անունից շնորհավորել է հանձնաժողովների նորընտիր նախագահներին եւ մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

Այնուհետեւ պարոն Բաբլոյանը տեղեկացրել է, որ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցին Ազգային ժողովը կանդրադառնա նոր կազմավորված կառավարության գործունեության ծրագիրը ներկայացվելուց հետո, ինչի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Ազգային ժողովն ավարտել է վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի նիստի աշխատանքը: