Տպել
09.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
 
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ:
 
Արա Բաբլոյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է հատկապես հիմա, երբ աշխարհը ցնցվում է ահաբեկչություններից, եւ այսօր էլ տեղի են ունենում ցեղասպանություններ: Կարծում եմ՝ քաղաքակիրթ երկրներն այդ ամենին համարժեք գնահատական պիտի տան»:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության զարգացման ուղղությամբ առաջընթացը տեսանելի է:
 
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում եւ ընդգծել բարեկամ երկրների արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը Արա Բաբլոյանին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Էրիկաս Պետրիկասը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ շնորհակալություն հայտնել ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովին՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար:
 
Դեսպանն անդրադարձել է Լիտվա-Հայաստան փոխշահավետ համագործակցությանը տնտեսության, մշակույթի եւ առողջապահության բնագավառներում:
 
Արեւելյան գործընկերության շրջանակում գնահատելով Հայաստանը որպես օրինակելի երկիր՝ Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը համագործակցության նոր հնարավորություններ եւ շփման եզրեր կստեղծի բարեկամ երկրների համար:




09.06.2017
«Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ելք» խմբակցություններում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 9-ին հանդիպել եւ վերոնշյալ նախագծերով նախատեսվող քայլերն է ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություններին: Հիշեցնենք, ո...

09.06.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Հունիսի 9-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀ կառավարության հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթո...