Տպել
05.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 17

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով, որը հեղինակել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, առաջարկվում է վերացնել օրենքում առկա հակասությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա:

Երրորդ՝ «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կարգավորել գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության հետ կապված իրավահարաբերությունները, որոնք իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական, սակայն արդեն լուծարված տեսչության միջոցով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկել է «Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Ազատ առեւտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների արդյունավետ իրականացմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Պարոն Ազիզյանի խոսքով՝ համաձայնագիրը սահմանում է երկու երկրների միջեւ ներդրումների իրականացման հիմնական սկզբունքները: Նա ընդգծել է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ակտիվացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ ԱՄԷ-ի ներդրողներին թույլ կտա ավելի պաշտպանված զգալ մեր երկրում:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Համաձայնագրով պայմանավորվող յուրաքանչյուր կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների իրավունք է վերապահվում իրականացնելու չվերթեր՝ օգտագործելով օդի հինգերորդ ազատության իրավունքը՝ համաձայն համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղիների: Յուրաքանչյուր կողմի նշանակած ավիաընկերություն կամ ավիաընկերություններ կարող են ցանկացած կամ բոլոր չվերթերի ընթացքում բաց թողնել վերոնշյալ երթուղիների ցանկացած կետ եւ կարող են սպասարկել այդ կետերը ցանկացած հերթականությամբ՝ առանց ուղղությունների ու աշխարհագրության սահմանափակման եւ այս համաձայնագրով այլ կերպ թույլատրվող ցանկացած փոխադրում կատարելու իրավունքի սահմանափակման:

«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Համաձայնագրի գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վախթանգ Միրումյանը ներկայացրել է նաեւ «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է դյուրացնել ժամանակավոր ներմուծումը՝ պարզեցնելով եւ ներդաշնակեցնելով ընթացակարգերը:

Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում աշխուժացնել ապրանքաշրջանառությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ՝ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Համաձայնագրով Մեղրի եւ Նուրդուզ մաքսային անցակետերում կմատուցվեն համատեղ ծառայություններ՝ ուղեւորների, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով: Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն խուսափելու համար մաքսային հսկողության կրկնակի գործողություններից՝ դյուրացնելու համար օրինական առեւտուրը եւ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաեւ՝ ձեռնարկելու համար համատեղ միջոցներ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման եւ ապրանքները բաց թողնելու համար ծախսվող ժամանակի կրճատման ուղղությամբ:

Հանձնաժողովը որոշել է դրական եզրակացություն տալ քննարկված օրենքների նախագծերին եւ առաջարկել դրանք ընդգրկել սեպտեմբերի 11-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հեղինակի բացակայության պատճառով «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ նախ քննարկվել եւ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո հանձնաժողովը քննարկել է 2017 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը քննարկման է ներկայացրել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշվել է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Այն կնպաստի հասարակության առավել լայն զանգվածների համար բնակարան ձեռք բերելու սոցիալական խնդրի լուծմանը: Սահմանվում են այն դրույթները, որոնք պարտադիր պետք է ներառվեն հիփոթեքային վարկի պայմանագրում: Առաջարկվում է պայմանագիրն անվավեր կամ չկնքված համարելու փոխարեն սահմանել վարկատուի կողմից վարկառուի օգտին տուգանք վճարելու պարտավորություն: Նախագծի դրույթները խախտելու դեպքում, կրեդիտավորողը պարտավոր կլինի հօգուտ վարկառուի վճարել տույժ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով: Նախագծով սահմանվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ընտրության չափանիշներն այն դեպքում, երբ կրեդիտավորողն իր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը պայմանավորել է առանձին գնահատողների ծառայություններից օգտվելու հետ:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է գնահատել կառավարության առաջարկը՝ նշելով, որ հեղինակներն ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը: Նա նշել է, որ նախագիծը թույլ չի տալիս, որ վարկառուն չգիտակցված որոշումներ կայացնի: Պարոն Մինասյանի խոսքով՝ նախագծերի ընդունումը կնպաստի հիփոթեքային շուկայի ակտիվացմանը:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման նպատակը բանկային եւ ապահովագրական համակարգի կարգավորման եւ վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին: Առաջարկվում է տալ հնարավորություն Կենտրոնական բանկի կողմից սահմանելու հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ (բուֆեր), որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու (այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պարգեւավճարներ վճարելու) սահմանափակումների: Բազել III-ով սահմանվել է լեւերիջի գործակից, որի ներդրումը նպատակ ունի սահմանափակել տրված կապիտալի մակարդակի պայմաններում բանկերի կողմից ակտիվների չափազանց մեծ ծավալների ներգրավումը: Առաջարկվում է նորմատիվների ցանկում ավելացնել պարտավորության եւ եկամտի, պահանջի եւ գրավի հարաբերակցությունների առավելագույն չափերի սահմանման հնարավորություն:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցում, աուդիտորական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի տրման գործընթացի արդյունավետության բարձրացում:

Հանձնաժողովը որոշել է դրական եզրակացություն տալ քննարկված նախագծերին եւ առաջարկել ընդգրկել սեպտեմբերի 11-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ՝ առաջին ընթերցմամբ քննարկելու նպատակով:

Հանձնաժողովի անդամները քննարկել են նաեւ 2016 թվականի նոյեմբերի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջեւ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայից (ՀՇՄՖԿ) ֆինանսավորումն առաջարկվում է ՀՇՄՖԿ կողմից տրամադրված ներդրումների, փոխառությունների եւ երաշխիքների հավասար պայմաններով՝ առաջնահերթություն տալով այն ներդրումներին, որոնք ուղղված են շրջակա միջավայրի բարելավմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծի վերաբերյալ:

Այնուհետեւ Բյուջետային գրասենյակի 2017 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացրել է Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը: Հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն է տվել փաստաթղթին:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին հրավիրված նիստում քննարկել է մի շարք հարցեր:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումն է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իր առաջարկներով լրամշակված նախագծերին՝ դրանք քննարկելու համար Ազգային ժողովում:

Արտեմ Ասատրյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը քննարկման է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իր առաջարկներով լրամշակված նախագծերին՝ դրանք քննարկելու համար ՀՀ Ազգային ժողովում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որով նախատեսված են կարգավորումներ քննչական կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտման վերաբերյալ:

Քննարկման արդյունքում պատգամավորները քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը քննարկման է ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի նպատակն է Գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացն իրականացնել ծանուցմամբ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացրած անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգը, ինչպես նաեւ գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների համար վերացնել առանձին լիցենզիայի պահանջը եւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:

Քննարկման արդյունքում պատգամավորները քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Սերգեյ Խաչատրյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին հանձնաժողովի անդամները տվել են դրական եզրակացություն եւ ընդգրկել հերթական նիստերի օրակարգում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի հերթական նիստում, որը նախագահել է Հրայր Թովմասյանը, քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ազդեցություն առաջացնող հողամասերի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց միջեւ ծագած հարաբերությունները, սահմանվում է, թե որ հողամասերն են «հարեւանային», ինչ պարտականություններ ունեն հարեւանները միմյանց նկատմամբ եւ այլն: Նախագծով կարգավորվում են այն իրավիճակները, երբ հարեւանները չեն կարող որոշել իրենց հողամասերը բաժանող ստույգ սահմանը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կկարգավորվի նշված վարչական մարմնի կողմից վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման արդյունքում ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդիրը: Նախագծով նախատեսվում է գործող իրավակարգավորումը փոփոխելու արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի ծախսման ուղղությունները լրացնել երկու նոր ուղղություններով. հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում, ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում ՀՀ պետական բյուջեի հաշվին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացության մեջ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վարչարարություն իրականացնելու լիազորություններ վերապահված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ չհանդիսացող այլ մարմիններ եւ անձինք նախատեսելով, կապահովվի նաեւ այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից եւ անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը:

«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը` պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը` պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրությունը:

Հանձնաժողովի նիստում նաեւ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ներքոնշյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում` պատգամավորների առաջարկներով լրամշակված տարբերակներով:

«Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, որով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններին:

Պատգամավորների առաջարկներով լրամշակված տարբերակով հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի շարք օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է:



05.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձեւավորել են բարձր մա...