Տպել
06.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 3

Սեպտեմբերի 6-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին»» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթին, որը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա ներկայացրել է առաջարկվող կարգավորումները, որոնք վերաբերում էին քաղաքացիների անհատական ծանուցմանն ինտերնետի կամ այլ միջոցներով:

Օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

Կողմերի համաձայնությամբ սահմանված դեպքերում անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն ուղարկվել է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը: Սույն մասով նախատեսված դեպքում անձը պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից:

Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցումն ուղարկած անձը կամ մարմինը հնգօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում կամ ծանուցվող անձը մասնակի կամ ամբողջությամբ չի կատարում ծանուցմամբ պահանջվող գործողությունը, ապա ծանուցումը եւս մեկ անգամ ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դա ուղարկելուց հետո հնգօրյա ժամկետում այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում չստանալու կամ ծանուցմամբ պահանջվող գործողության ամբողջական կամ մասնակի կատարում կրկին անգամ չլինելու դեպքում ծանուցումն ուղարկվում է փոստային կապի միջոցով պատվիրված նամակով, ծանուցումը ստացող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված հասցեով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գտնվելու վայրի փոստային հասցեով:

Բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված դեպքերի, անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցողի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները կատարվելուց հետո ծանուցումը եւս մեկ անգամ ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում անհատական ծանուցման առկայության վերաբերյալ ծանուցում հրապարակելուց հետո տասներորդ օրը:

Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն նույնականացման քարտ չունեցող ֆիզիկական անձանց կամ պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող իրավաբանական անձանց անհատական ծանուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարեւորել նաեւ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիների իրազեկումը տարբեր հասանելի միջոցներով:

Նախագծերի փաթեթը կառաջարկվի ՀՀ ԱԺ խորհրդի քննարկմանը՝ ընդգրկվելու համար ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի քննարկումը հետաձգվել է:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել եւ հաստատել է հանձնաժողովի աշխատակարգը, որը սահմանում է հանձնաժողովի գործունեության սկզբունքները եւ կարգը:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նախագծի ներկայացման նպատակը ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանքների ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է:

Քննարկվել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակար•եր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի ներկայացմամբ: Համաձայնա•րի նպատակն է միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել ռազմական երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական եւ մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաեւ նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքների կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների, գիտատեխնիկական, արտադրական, նորոգման եւ ներդրումային ներուժի առավելագույն օգտագործմանը, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ պաշտպանական ներուժի ամրապնդմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնա•րում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման եւ զարգացման հիմնական նպատակը համարվում է դրա մասնակիցների գիտատեխնիկական, արտադրական եւ ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը ռազմական, երկակի եւ քաղաքացիական նշանակության արտադրանքի բարձր տեխնոլոգիական եւ մրցունակ նմուշների ստեղծման եւ արտադրման ուղղությամբ, ինչպես նաեւ նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների նորոգման եւ արդիականացման ուղղությամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) համար:

«Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Պայմանավորվող կողմերն այնքանով, որքանով դեռեւս չեն հանդիսանում նման օգտագործումն արգելող պայմանագրերի կողմեր, ընդունում են այս արգելքը, համաձայնում են տարածել այս արգելքը մանրէաբանական պատերազմի միջոցների վրա եւ համաձայնում են միմյանց նկատմամբ պարտավորված լինել սույն hռչակագրի պայմանների համաձայն:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու: Այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում մատակարարող կողմին վերջինիս կողմից հսկողության իրականացման համար: Նախագծով սահմանվում են նաեւ կողմերի լիազորված կազմակերպությունները:

Հանձնաժողովը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հեղինակների բացակայության պատճառով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծն ընդգրկվել է ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը:

Փոխնախարարի խոսքով՝ կարգավորված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող ՀՀ թանգարանային ֆոնդի, ինչպես նաեւ յուրաքանչյուր թանգարանի ֆոնդի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման խնդիրները: «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանվել եւ ճշգրտվել են օրենքի կարգավորման առարկան, օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները եւ սկզբունքները, հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի հանձնարարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները եւ կներկայացնի դրանք հանձնաժողովին երկու շաբաթ հետո:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթն կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տրասնպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը:

Պարոն Դեմիրխանյանը նշել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի առաջարկությունների եւ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քննարկման արդյունքում:

Ներկայումս ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում կան բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացը, ինչպես նաեւ բացառելու օրենքի որոշ դրույթների անհարկի կրկնությունները: Այս օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ավելի դյուրին դարձնել լիցենզավորման ընթացակարգը:

Հարակից զեկուցող Արման Սաղաթելյանն անդրադարձել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի պայմանների հստակեցմանը եւ ներկայացվող պահանջներին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Պարոն Մինասյանը նշել է, որ օրենքի այս փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնել բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը ՀՀ կրթական համակարգի բոլոր մակարդակներում եւ հատկապես նախադպրոցական ու հանրակրթական: Կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը ու կհամապատասխանեցվի «Կրթություն? հանուն կայուն զարգացման» ռազմավարության եւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը նշել է, որ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցումն է եւ ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրության համապատասխանեցումը ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը:

Մասնավորապես, օրենսդրական միասնականացումն ապահովելու նպատակով մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվել է նաեւ լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների ցանկը:

Օրինագծերի փաթեթը կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը:

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Օրինագծերը ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվել է:

Վարդան Բոստանջյանի առաջարկությամբ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը:



06.09.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամներ Ջեմիլիա Շերովային (ԳԱՎԻ երկրի ավագ մենեջեր), Ջոհանա Ուիշնեւսկային (ԳԱՎԻ ավագ մենեջեր) եւ ՀՀ առողջապահության նախ...

06.09.2017
Սփյուռքի հետ աշխատանքի հայկական փորձը կներկայացվի Եվրոպայում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: ...

06.09.2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լեւոն Օրբելու 135-ամյակը եւ ականավոր հայագետ, արեւելագետ եւ ազգագրագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 1...