Տպել
11.09.2017
Մեկնարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Սեպտեմբերի 11-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ ներկայացրել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի, ապա նաեւ՝ սեպտեմբերի 11-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է:

Քննարկվել են մի շարք համաձայնագրեր վավերացնելու վերաբերյալ օրենքների նախագծեր  

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ վերոնշյալ երկու երկրների քաղաքացիներն այդ երկրներում կարող են առանց մուտքի արտոնագրերի մնալ, տեղաշարժվել 90 օր` վեց ամսվա ընթացքում: Համաձայնագիրը ստանդարտ է եւ նպատակ ունի կատարելագործել համապատասխան դաշտը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի /ՄԲՄՄԿ/ միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը:

Սամվել Ֆարմանյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա եւս, ինչպես իր գործընկեր Արտակ Զեյնալյանը, անհրաժեշտ է համարել նախագծում տեղեկանքի առկայությունը համաձայնագրի եւ ՀՀ օրենսդրության միջեւ հակասությունների վերաբերյալ:

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Աստանայում, որի նպատակը գիտության զարգացումն է համաձայնագրի կողմ համարվող երկրներում: Նշենք, որ կենտրոնն ի սկզբանե գործունեությունն սկսել է 1992 թվականին՝ Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Հայաստանը միացել է 1994 թվականին: Կենտրոնը մշակում, հաստատում, ֆինանսավորում, ու վերահսկում է կողմերի տարածքներում գտնվող հաստատություններում եւ կառույցներում իրականացվող գործունեությունը, որն առնչվում է միջուկային, ռադիոլոգիական, քիմիական եւ կենսաբանական զենքերին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է Արման Սաղաթելյանը: Նշելով համաձայնագրի դրական կողմերը, կենտրոնի ստեղծման նախադրյալներն ու նպատակները՝ նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել եւ հարցադրումներով հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը լրացումներ է առաջարկում հարկային օրենսդրությունում

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Առաջարկվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների (բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող) եւ հումքային ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի եւ գործարար ծրագրերի շրջանակներում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել ներդրումային միջավայրն ու բարձրացնել տնտեսավարող սուբյեկտների ներդրումային ակտիվությունը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը նշել է, որ բավականին ընդլայնվում է սահմանի վրա ԱԱՀ-ից ազատվող ապրանքների ցանկը: Փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Քննարկվել է բնական մորթուց պատրաստված ապրանքների՝ ներքին շուկայում շրջանառության միասնական հսկողությանը նպատակաուղղված համաձայնագիր

«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկման է ներկայացրել Վախթանգ Միրումյանը: Համաձայնագրի գործողության ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Համաձայնագիրը նպատակաուղղված է բնական մորթուց պատրաստված ապրանքների՝ ներքին շուկայում շրջանառության միասնական հսկողությանը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարցի վերաբերյալ տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա փորձել է հասկանալ, թե ինչ հավելյալ գործիքակազմ է անհրաժեշտ մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում վարչարարության իրականացման համար:

Արձագանքելով ՀՀ ԱԺ փոխնախագահի հարցադրմանը՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ առեւտրի ոլորտում ստվերի նվազեցման, մեծածախ եւ մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտը փաստաթղթաշրջանառությամբ ապահովելու հարցում օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմն ամբողջությամբ բավարար է:

Նախագիծ՝ ուղղված ժամանակավոր ներմուծումը դյուրացնելուն  

Վախթանգ Միրումյանը ներկայացրել է նաեւ «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է դյուրացնել ժամանակավոր ներմուծումը՝ պարզեցնելով եւ ներդաշնակեցնելով ընթացակարգերը: Կոնվենցիան նախատեսում է ապրանքների ներմուծման դեպքում ժամանակավոր ներմուծման գրքույկի տրամադրում, իսկ տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում՝ մաքսային անցման գրքույկ: Կոնվենցիան սահմանում է «երաշխավորման ցանկ» հասկացությունը, ինչը նշանակում է, որ կոնվենցիային միանալուց հետո ՀՀ կառավարության կողմից պետք է ընտրվեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է տրամադրեն այդ ժամանակավոր գրքույկները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ՝ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Համաձայնագրով Մեղրի եւ Նուրդուզ մաքսային անցակետերում կմատուցվեն համատեղ ծառայություններ՝ ուղեւորների, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով: Նախատեսվում է կրկնակի հսկողության եւ կրկնակի ընթացակարգերի վերացում: Ելքի երկրում ներկայացված մաքսային հայտարարագրի տվյալները հիմք են հանդիսանալու մուտքի երկրում ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հայտարարագրման համար: Մաքսային հսկողությունն իրականացնելու է մուտքի երկիրը, մասնավորապես մաքսային զննման համակարգերի մասով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը հարակից զեկույցում նշել է, որ սահմանային համատեղ դարպասն ավելի է պարզեցնում ապրանքների եւ ուղեւորների փոխադրումները: Նախատեսվում է հսկողության մեկ անցակետ արտահանող երկրի կողմից տրված մեկ հայտարարագրով: Պարոն Մելիքյանն ընդգծել է, որ բավականին հեշտացվում է նաեւ էլեկտրոնային գնահատման գործընթացը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել քննարկվող հարցի վերաբերյալ

Ռուստամ Մախմուդյանը, արժեւորելով օրենսդրական առաջարկը, կարեւորել է նման միասնական դարպասի ստեղծումը նաեւ հարեւան Վրաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը եւս կարեւորել է նախաձեռնության ընդունումը եւ նշել, որ իրենք կողմ են քվեարկելու: Պատգամավորն անդրադարձել է Հայաստան-Իրան համագործակցության մի շարք նախաձեռնությունների, որոնք, նրա գնահատմամբ, ձախողվել են:

Գեւորգ Գորգիսյանն անթույլատրելի է համարել ՀՀ Ազգային ժողով բերել միջազգային պայմանագրեր կամ այնպիսի նախագծեր, որոնց հիմնավորման մեջ հստակ պատկերացում չի տրվում, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ եւ ինչ օգուտ կտա ընդունվելու դեպքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր խոսքում անդրադարձել է ոչ վստահելի երկրներից տարանցիկ ճանապարհով Իրանից Հայաստան ներկրվող ապրանքներին:

Գագիկ Մելիքյանը նշել է, որ Մեղրու ՀԷԿ-ի հետ կապված բանակցություններն արդեն ավարտվել են, ճշտվում են ֆինանսավորման աղբյուրները, իսկ իրանական կողմն իրականացրել է շուրջ 10 միլիոն դոլարի շինմոնտաժային աշխատանքներ:

Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը հավաստիացրել է, որ Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինները համագործակցելու են, գրանցումները կատարվելու են էլեկտրոնային տարբերակով եւ ոչ վստահելի երկրներից ապրանքի ներմուծման ռիսկերը վերահսկվելու են:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը վերադարձնել եւ /կամ/ հաշվանցել հարկ վճարողի հարկային այլ պարտականությունների դիմաց: Ըստ նրա՝ նախագծի ընդունմամբ կբարձրանա տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Ելույթ ունեցած բոլոր պատգամավորները կողմ են արտահայտվել օրինագծի ընդունմանը՝ համարելով, որ այս նախագծով կթեթեւանա տնտեսվարող սուբյեկտների, հատկապես վնասով աշխատող կազմակերպությունների հոգսը:

Եզրափակիչ ելույթում Վախթանգ Միրումյանը նշել է, որ նոր Հարկային օրենսգիրքը 2018 թվականին կմտնի կիրառության մեջ, իսկ այս նախագիծը կտարածվի 2017 թվականի հուլիսի մեկից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող՝ բյուջեից հաշվանցման ենթակա գումարի նկատմամբ:

Նախատեսվում է դյուրացնել գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը խորհդարանի քննարկմանն է ներկայացրել «Գործունեության իրականացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով՝ նախագծերի նպատակն է գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացը իրականացնել ծանուցմամբ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացրած անձանց՝ լիազոր մարմնում հաշվառման կարգը, ինչպես նաեւ գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների համար վերացնել առանձին լիցենզիայի պահանջը եւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հարակից զեկույցում նշել է, որ փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Եզրափակիչ ելույթում Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ամբողջ տարածքում գենետիկ ինժեներիայի գործունեության լիցենզավորման գործընթացի ծանուցմամբ կազմակերպումը, բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորության նախատեսումը, ինչպես նաեւ առկա խնդիրների վերացումը եւ օրենքների դրույթների հստակեցումը:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է «Մարդու իմունային անբավարարությունից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ՀՀ իրավական ակտերը միջազգային ընդունված սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ անձանց հանդեպ խտրականությունը բացառող, նրանց իրավունքները պաշտպանող օրենսդրություն ունենալու անհրաժեշտությամբ:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

ՀՀ ԱԺ նախագահը խնդրին անդրադարձել է ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական տեսանկյունից: Պարոն Բաբլոյանը նշել է, որ դեռեւս 90-ականներին ինքն աշխատել է նույնաբովանդակ օրենքի նախագծի վրա, սակայն այն ժամանակ մոտեցումն այլ էր, գիտելիքները, առավել եւս հնարավորությունները՝ սահմանափակ. նախկինում վերաբերմունքն ագրեսիվ էր ոչ միայն վիրուսի, այլեւ վիրուսակրի նկատմամբ: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ բժշկական հասարակությունը կարողացել է հասկանալ, որ վիրուսակիրը նույն իրավունքներն ունի, ինչպես մնացած մարդիկ եւ չպետք է նրանց միջեւ խտրականություն դնել: Հետագայում մոտեցումները փոխվել են: «Խնդիրը մեր մեջ է, մենք պետք է մեր երիտասարդներին, հասարակությանը դաստիարակենք, վարքագիծ ձեւավորենք այդ առումով: Մարդու իրավունքը հավասար է»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանում բուժում ստանալու դեպքում հատուկ կարգ մտցնելը կնշանակի խտրականություն դնել, ուստի խտրականությունը հանվում է: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ մեր երկիրը գնում է քաղաքակիրթ հասարակություն, զարգացած պետություն ստեղծելու ճանապարհով: Նա նշել է, որ այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժումը բավականին մատչելի է դարձել: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է կանխարգելիչ ծրագրերի իրականացումը:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել եւ պատգամավորներին հուզող խնդիրներին անդրադարձել Հակոբ Հակոբյանը եւ Սերգեյ Խաչատրյանը:

Գործադիրն առաջարկում է կարգավորել ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները

Այնուհետեւ քննարկվել է «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Օրենսդրական փաթեթով փորձ է արվում կարգավորել մեր երկրում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում են «ՀՀ ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպա-իրավական ձեւն ու դրա գործունեության ընդհանուր հիմունքները եւ առանձնահատկությունները, ճարտարապետի իրավունքներն ու պարտականությունները ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Ճարտարապետն օժտված պետք է լինի բավարար փորձառությամբ, մասնագիտական հմտությամբ եւ կրի համաչափ պատասխանատվություն: Յուրաքանչյուր ճարտարապետ գործունեություն ծավալելու համար պետք է պարտադիր արտոնագրվի ՀՀ ճարտարապետների պալատի կողմից եւ իրականացնի բոլոր այն պարտականություններն ու լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով, ինչպես նաեւ օգտվի օրենսդրական արտոնություններից:

ՀՀ ԱԺ պատգամավորները բազմաթիվ հարցեր են բարձրացրել, որոնք վերաբերել են ճարտարապետական պալատին վերահսկողական գործառույթներ վերապահելու նպատակահարմարությանը, լիցենզավորման գործընթացին, չարտոնագրված ճարտարապետների մասնագիտական գործունեության իրականացմանը, օտարերկրյա մասնագետների՝ մեր երկրում ճարտարապետական գործունեություն իրականացնելու կարգին եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի վաղվա նիստում:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին:


11.09.2017
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ» գիտական մենագրության շնորհանդեսը: ...