Տպել
14.09.2017
Իսրայելի Կնեսետի պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
1 / 3

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ սեպտեմբերի 13-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում, ծանոթացել կրթական ծրագրին եւ ընդլայնման պլաններին:

Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի կատարմամբ հյուրերն ունկնդրել են Կոմիտասի ստեղծագործություններից:

Թալի Պլոսկովը նշել է, որ տպավորված է կենտրոնի հաջողություններով եւ ընդգծել երիտասարդ սերնդի կրթությանը հատկացված առանձնահատուկ վերաբերմունքը, ինչը երկրի ապագայի կերտման կարեւոր նախադրյալ է: Տիկին Պլոսկովը նշել է, որ կենտրոնի ձեռքբերումները եւ լավագույն փորձը կներկայացնի Իսրայելում:

Գագիկ Մինասյանը եւս կարեւորել է Թումոյի գործունեությունը, որտեղ հայ սերունդը կրթվում եւ դաստիարակվում է 21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաների կիրառման եւ ավանդական արժեքների զուգակցմամբ, ինչը, նրա գնահատմամբ, ազգային ինքնության պահպանման երաշխիք է: