Տպել
26.09.2017
Շարունակվում է Արա Բաբլոյանի այցը Վրաստան
1 / 5

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ եղել են նաեւ Հայաստանում:

Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու անկախ երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից:
 
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Գիորգի Մարգվելաշվիլին մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:

Նույն օրը ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:


26.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Սեպտեմբերի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր: ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ...

26.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքու...

26.09.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ: Սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկ...

26.09.2017
«Մեր եկեղեցին եւ՛ աղոթքի, եւ՛ հայապահպանության տաճար է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի...