Տպել
27.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարարին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաեւ Միացյալ Թագավորության անցած ճանապարհը: Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ նպաստավոր համագործակցությունը, կարեւորել է դեսպանի կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Ալան Դանքնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը, խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց ոչ երբեք Եվրոպայից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: