Տպել
29.09.2017
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վանաձորում գործող այս կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը նախատեսում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներկայացնել եւ հորդորել է կազմակերպության անդամներին առաջարկներ ներկայացնել: Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի շրջանակում քննարկվում են նաեւ սոցիալապես խոցելի խավերի ներառմանն առնչվող հայեցակարգային խնդիրներ:

Հյուրերը ներկայացրել են իրենց կազմակերպության գործունեությունը եւ լուծում պահանջող խնդիրների շրջանակը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ իր իրավասությունների շրջանակում կփորձի աջակցել դրանց լուծմանը եւ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, աշխատատեղերի ստեղծմանը, լիարժեք կրթության ապահովմանը եւ այլ հարցերի: