Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հանդիպել է խորհրդարանում հյուրընկալված` Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Վարդան Բոստանջյանը շնորհավորել է մանկավարժներին Ուսուցչի օրվա կապակցությամբ եւ կարեւորել մանկավարժի դերն ու նշանակությունը յուրաքանչյուր մարդու կյանքում:
Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, պահանջված մասնագիտություն ընտրելուն, արտագաղթին եւ բազմաթիվ այլ հարցերի:
Բուհական համակարգի խնդիրների առնչությամբ Վարդան Բոստանջյանը նշել է, որ ոլորտում առկա խնդիրները կլուծվեն ժամանակի ընթացքում:
Անդրադառնալով իր մանկության երազանքի վերաբերյալ հարցին՝ պատգամավորը նշել է, որ իր երազանքները հիմնականում կատարվել են, եւ դրանք վերաբերում էին պիտանի մարդ ու մասնագետ դառնալուն:
Վարդան Բոստանջյանը աշակերտներին խորհուրդ է տվել տիրապետել օտար լեզուների, զբաղվել ընթերցանությամբ:
Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, Վարդան Բոստանջյանը լուսանկարվել է աշակերտների հետ: