National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.10.2017
Խորհրդարանական լսումներում քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրական նոր կարգավորումները
1 / 7

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններին համապատասխան անվտանգության եւ պաշտպանության բնագավառում մեկնարկել են լրջագույն բարեփոխումներ, որոնց շրջանակում առանցքային է համապատասխան օրենսդրության վերանայումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով համակողմանի քննարկվել են խորհրդարանական հարթակում: Նրա խոսքով՝ զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում:

Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենսդրական կարգավորմամբ առաջարկվող նոր մեխանիզմներին, մասնավորապես զինվորական ծառայության նախապատրաստությանը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտմանը, զինվորական հաշվառմանը վերաբերող հարցերին:

Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ զորակոչի կազմակերպման մասով անհրաժեշտ է քննարկել տեղական զորակոչային հանձնաժողովների վերացման հնարավոր ռիսկերը: Նա զինված ուժերի համալրման եւ զինվորական ծառայության կազմակերպման համատեքստում կարեւորել է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայության նոր նախաձեռնությունների արդյունավետությունը եւ նշել, որ անհրաժեշտ է գնահատել բուհն ավարտած եւ սպայական կոչում ստացած զինծառայողների՝ սպայական կազմում ինտեգրմանն առնչվող կարգավորումները: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարկավոր է քննարկել ՀՀ քաղաքացի չհանդիսացող մեր հայրենակիցներին պետության պաշտպանությանը ներգրավելուն առնչվող հարցերը: Կորյուն Նահապետյանը, նշելով, որ ակնկալում է բովանդակային եւ արդյունավետ քննարկում, ընդգծել է, որ հանձնաժողովն ականջալուր է լինելու բոլոր առաջարկներին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումները, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում լայն քննարկումների փուլ են անցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն օրենսդրական կարգավորումներով երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական ապահովում, կոդիֆիկացում ու կոնսոլիդացում եւ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի իրագործման համար իրավական հիմքի ստեղծում:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ օրենսդրական կարգավորման հիմքում դրված քաղաքականության նպատակն է զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական վերելակ եւ՛ սպայական, եւ՛ շարային կազմի համար, ապահովել զինծառայողների ինտեգրումը հասարակությանը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով, ամրապնդել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Նախարարն ընդգծել է, որ օրենքի փոփոխությամբ կատարվելու է հիմնական հասկացությունների հստակեցում ու համապատասխանեցում Սահմանադրությանը, սոցիալական քաղաքականության ճկունության ամրապնդում, ժամկետային ծառայության խնդիրների հստակեցում: Փոփոխությունները միտված են լինելու ծառայությունից խուսափողների համար պատժի խստացմանը:

Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի նպատակներն ու իրավական կարգավորումները: Ծրագրերը նպատակ ունեն ամրապնդելու բանակ-հասարակություն կապը, մատնանշելու եւ ախտորոշելու հասարակության մեջ առկա խնդիրները հենց ծառայության ժամանակ, այլ ոչ թե ծառայությունն ավարտելուց հետո:

Առաջարկվում է լուծել սպաների բնակարանային ապահովման հարցը. նախատեսվում է ներդնել սպայական անձնակազմի բնակարանային ապահովման նոր՝ առավել արդյունավետ համակարգ: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ բուժզննման նոր կարգը: Նշվել է, որ կվերանան տեղական զորակոչային հանձնաժողովները: «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվում է տարկետում տալ հավատարմագրված բուհերի արական սեռի 100-150 ուսանողների, որոնք ընթացքում իրենց հիմնական կրթությունը կստանան ռազմական ուսումնական հաստատություններում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ Հայաստանում զինծառայողների ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու ուշադրության կենտրոնում, պետական մարմիններն ու քաղհասարակության ներկայացուցիչները պետք է իրենց հնարավորությունների սահմաններում ջանքեր գործադրեն՝ նպաստելու զինված ուժերում իրավունքների պաշտպանության համակարգի իրապես արդյունավետ գործունեության համար: ՄԻ պաշտպանը նշել է, որ իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաեւ ՀՀ զինված ուժերում, զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում. խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերում իրավական պաշտպանության մեխանիզմներ սահմանող ակտերի գործողությանը, դրանց գործնական լիարժեք կիրառությանը, այդ համակարգում իրավագիտակցության մակարդակի շարունակական բարձրացմանը: Պարոն Թաթոյանը կարծիք է հայտնել, որ զինված ուժերի համակարգում պետք է ստեղծվեն իրական կյանքում կիրառելի երաշխիքներ, որոնք յուրաքանչյուր զինծառայողի հնարավորություն կտան անմիջականորեն զգալու դրանց գործադրման արդյունքը: Արման Թաթոյանն ընդգծել է, որ բանակում իրավունքների պաշտպանությունը արդյունավետ չի լինի առանց օրենսդրական պատշաճ կարգավորումների եւ հավելել, որ իրենց աշխատակազմի դիտարկումների արդյունքում ոլորտում առկա խնդիրների մեծ մասը պայմանավորված է օրենսդրական ոչ հստակ կարգավորումներով, դրվագային լուծումներով:

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը մի շարք դրույթների վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ, որոնք մասնավորապես վերաբերում են պահեստազորի հզորացմանը, զինծառայողների խրախուսմանը, բժշկական ծառայության մատուցման կազմակերպմանը, զինծառայողի՝ կրթություն ստանալու երաշխիքներին եւ այլ հարցերի:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը նշել է, որ ապրիլյան պատերազմի օրերից հետո պաշտպանության ոլորտում սկսվեցին նոր գործընթացներ՝ նոր մոտեցումներով: Նա կարեւորել է օրենքի լիարժեք կենսագործման համար համապատասխան մեխանիզմների առկայությունը, զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական լիակատար վերահսկողության ուժեղացումը: Պարոն Պողոսյանն անդրադարձել է էլեկտրոնային համակարգում քաղաքացու առողջության վերաբերյալ ստուգումների կարեւորությանը: Նա կարծիք է հայտնել, որ զինվորական կոմիսարիատների բազաներն էլեկտրոնային դարձնելը կարող է հեշտացնել պահեստազորային հարցերի կարգավորումը: Պարոն Պողոսյանի կարծիքով՝ դպրոցներում պետք է առավել առարկայական ու գործնական դարձնել նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդումը:

Ելույթներում եւ հարցադրումներում ՀՀ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանական լսումների մյուս մասնակիցներն անդրադարձել են սպաներին բնակարանով ապահովելու ծրագրին, սպայական կազմի՝ գործարարությամբ զբաղվելուն, նրանց պարգեւատրումներին, նպատակային եւ ակտիվ պահեստազորային համակարգին, սպայական կազմում արտերկրի մասնագետների համալրմանը, քաղաքացիների զինվորական հաշվառմանը, պահեստազորային կցագրմանը, զորահավաքային ամրագրմանը, զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության կազմակերպմանը, զինծառայողների սոցիալական ապահովությանը եւ այլ խնդիրների:

Եզրափակիչ ելույթներում Թեւան Պողոսյանը եւ Արման Թաթոյանը կարեւորել են գործնականում կիրառելի օրենքի ընդունումը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հնչած առաջարկներին եւ մտահոգություններին, պարզաբանումներ ներկայացրել:

Ամփոփելով լսումների աշխատանքը՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական հարթակում նման ընդգրկուն քննարկումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերը նպատակ ունեն նպաստելու ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը եւ համալրմանը: Նա ընդգծել է, որ հնչած բոլոր առաջարկներն ու մտահոգությունները կքննարկվեն հանձնաժողովում:


11.10.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված նիստում քննարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվող մի շարք հարցեր։ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորմ...

11.10.2017
«Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին եւ Հարավային Կովկ...

11.10.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում անտառային հրդեհների եւ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ստեղծված իր...

11.10.2017
Հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձն...

11.10.2017
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաեւ Միջխորհրդարան...

11.10.2017
Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Նախատեսվում են նաեւ աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների պատվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am