Տպել
18.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին հրավիրված նիստում քննարկել է տնտեսության ոլորտին առնչվող հարցեր:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ծրագրի նպատակներն են` պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում, ապահովել բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը, խթանել մրցակցային մշակույթը:

Հանձնաժողովը 2018 թվականի ընթացքում շարունակելու է ուսումնասիրություններն ապրանքների եւ ծառայությունների շուկաներում՝ մենաշնորհի եւ գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության դեպքերի եւ շուկաներում անհավասար մրցակցային միջավայր ձեւավորող երեւույթների բացահայտման, ինչպես նաեւ համակենտրոնացման նկատմամբ իրականացվող վերահսկողության ուղղությամբ:

Հանձնաժողովը ծրագրային աշխատանքներ իրականացնելիս հաշվի է առնում միջազգային փորձը, ուսումնասիրում է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ներքին շուկայի մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաեւ համագործակցում է տնտեսական մրցակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կառույցների հետ: Այդ նպատակով հանձնաժողովը կշարունակի իրականացնել արդյունավետ, լայնածավալ եւ ակտիվ համագործակցություն մի շարք միջազգային կազմակերպությունների, Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ մասնակից պետությունների, ԵԱՏՄ անդամ պետությունների, արտերկրի մրցակցային կամ հակամենաշնորհային մարմինների հետ հետեւյալ ուղղություններով. մրցակցության քաղաքականության կիրարկման լավագույն փորձի փոխանակում, միջազգային փորձին համահունչ օրենսդրական բարեփոխումների իրականացում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում մրցակցային ընդհանուր սկզբունքների եւ կանոնների կիրարկմանը վերաբերող հարցերի շուրջ նախատեսված պարտավորությունների առումով օրենսդրության ներդաշնակեցում:

Պատգամավորների հարցերն առնչվել են վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, գների կայունացման, օրենսդրական ճանապարհով մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությանը:

Պատգամավորները հիմնականում կարեւորել եւ կողմ են արտահայտվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագրին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագիրը:

Հանձնաժողովը 2018 թվականի ընթացքում շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտների իրավական ակտերի լրամշակման աշխատանքներին: Մասնավորապես, մասնակցելու է կարգավորման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի, իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի մշակմանը, կատարելագործմանը եւ իրականացմանը:

Միքայել Սողոմոնյանը, անդրադառնալով սակագնային քաղաքականությանը, նշել է, որ սակագնային կարգավորումը հիմնվում է համաշխարհային պրակտիկայում ընդունված անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքի վրա եւ նպատակաուղղված է հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց բնականոն տնտեսական գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ սպառողների եւ կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռմանը: Հանձնաժողովը 2018 թվականի ընթացքում եւս հետեւողականություն կդրսեւորի իրականացվող սակագնային քաղաքականության կատարելագործման աշխատանքներում: Սակագների գործող կառուցվածքի հետագա կատարելագործումը հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է, քանի որ սակագների կառուցվածքի միջոցով կարելի է նոր ազդակներ հաղորդել համակարգի զարգացմանը:

Քանի որ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, տեղական եւ միջազգային խորհրդատուների ներգրավմամբ կլրամշակվեն եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումներին կհամապատասխանեցվեն ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առեւտրային կանոնները: Հանձնաժողովը 2018 թվականի ընթացքում կշարունակի էներգետիկայի բնագավառում էներգետիկ հաշվեկշիռների, կարգավորվող ընկերությունների կողմից լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի ու 9 պարտավորությունների, իրականացված ներդրումների եւ սակագների վրա ազդող մի շարք այլ գործոնների վերլուծության եւ, ըստ անհրաժեշտության, սակագների վերանայման աշխատանքները:

Հաշվի առնելով ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները եւ սղաճի փոփոխությունները, մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը սահմանված կարգով կճշգրտվեն փոքր հիդրոէլեկտրակայաններից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները: Այս գործընթացը կրում է պարբերական բնույթ եւ իրականացվում է յուրաքանչյուր տարի:

2018 թվականին կուսումնասիրվեն եւ կհաստատվեն էլեկտրական էներգիա արտադրող խոշոր կայանների կողմից հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացվող պայմանագրային եւ տնօրինելի էլեկտրական հզորությունների չափաքանակները:

Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայում ամրագրված բազիսային սակագների ճշգրտման մեխանիզմների համաձայն՝ 2018 թվականին կճշգրտվեն խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները՝ մանրածախ ջրամատակարարման ծավալի, էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություններով եւ սղաճով պայմանավորված:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները բանախոսին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սակագնային քաղաքականությանը, էներգետիկայի բնագավառի ազատականացման խնդիրներին:

ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ վերոնշյալ երկու ծրագրերն ընդունվել են ի գիտություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Միքայել Մելքումյանի,Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Միքայել Մելքումյանը նշել է, որ նախագծի հիմնական նպատակը մեր երկրում մեծ թվով փոքր տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ հարկային միջավայրի սահմանումն է՝ շրջանառության հարկի շեմի բարձրացման միջոցով:

Նոր հարկային օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը, որը գործելու է 2019 թվականից, չի ընդգրկում «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Բացի այդ, 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմի սահմանման ժամանակաշրջանում տնտեսության վիճակն այլ էր: Տարբեր էին ինչպես իրացման շրջանառությունները, այնպես էլ արտարժույթի փոխարժեքը. այդ ժամանակաշրջանում 58.35 մլն դրամը համարժեք էր շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին, որի ներկայիս արժեքը տատանվում է 100 մլն դրամի շուրջ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշել է, որ ՀՀ կառավարության եզրակացությունը օրենքի նախագծի վերաբերյալ դրական չէ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը գործընկերոջն առաջարկել է նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարով:

Հիմնական զեկուցողը չի ընդունել առաջարկությունը: Ըստ Միքայել Մելքումյանի՝ օրինագիծը ներկայացվել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության կայացրած քաղաքական որոշման արդյունքում:

Հանձնաժողովականները օրենքի նախագծին դրական եզրակացություն չեն տվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ գործող օրենքի համաձայն՝ առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներ միասին կարող են ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք միասին զբաղեցնում են շուկայի մեկ երկրորդը, իսկ երեք ընկերությունները միասին՝ շուկայի երկու երրորդը:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն այն է, որ վերջինիս ներկա ձեւակերպումը թույլ է տալիս պնդել, որ եթե շուկայում առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտն ունի 49 տոկոս մասնաբաժին, երկրորդը՝ 1 տոկոս, իսկ երրորդ եւ մնացած ընկերությունները 0.99 տոկոս, ապա առաջին երկու ընկերությունները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցող, իսկ երրորդն ու մնացածները՝ ոչ: Այնինչ ակնհայտ է, որ նախ՝ 1 տոկոս շուկայական մասնաբաժին ունեցող ընկերությունը չի կարող համեմատվել 49 տոկոս մասնաբաժին ունեցողի հետ եւ դիտվել որպես գերիշխող դիրք ունեցող եւ երկրորդ՝ այդ ընկերությունն իր չափերով համադրելի է մնացած փոքրերի հետ եւ ճանաչվելով գերիշխող դիրք ունեցող՝ կհայտնվի անբարենպաստ պայմաններում, կորցնելով առեւտրային ճկունությունն ու որպես հետեւանք՝ իրացման շուկաները: Նույնը վերաբերում է նաեւ երեք տնտեսվարողներին միասին գերիշխող դիրք ունենալու պայմաններին:

Առաջարկվող փոփոխությունը կբացառի արդեն հիշատակված շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կառավարությունը կողմ է առաջարկվող կարգավորումներին:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հրայր Թովմասյանի նախագահությամբ:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ գործող իրավակարգավորումների համաձայն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Վերջինս լիազորված է արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ, ինչպես նաեւ արտակարգ դրություն հայտարարելու եւ իրականացվող միջոցառումների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին եւ այլն: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պարագայում Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ պետք է իրականացնեն մի դեպքում ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը. խոսքը վերաբերում է նաեւ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությանը` դրանից բխող իրավական հետեւանքներով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: Վարդան Եղիազարյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի իրավակարգավորումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նոր պահանջներին:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ օրինագծում որոշ եզրույթներ վերախմբագրվել են կամ փոխարինվել են նոր եզրույթներով:

Հրայր Թովմասյանը ներկայացրել է օրինագծին վերաբերող առաջարկությունները, որոնք հանձնաժողովը քվեարկությամբ ընդունել է:

Քվեարկության արդյունքում օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը նույնպես քննարկման է ներկայացրել է Վարդան Եղիազարյանը, ով նշել է, որ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների նոր տեսակներ ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում եւ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվում ՀՀ քրեական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հավելվածներում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող մեկից ավելի նախագծեր, որոնց շրջանառությունից մինչեւ ընդունումն ընկած ժամանակային տեւողությունը լուրջ խնդիրներ է առաջացնում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով:

Ըստ Վարդան Եղիազարյանի՝ նշված հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուսումնասիրել միջազգային փորձը եւ քննարկել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը:

Որպես խնդրի լուծում առաջարկվում է օրենքում սահմանել թմրամիջոցների (եւ այլ նյութերի) չափերին վերաբերող չափանիշներ, որոնցով պայմանավորված կլինի այն հանգամանքը, թե կոնկրետ տեսակի թմրամիջոցի կոնկրետ չափաքանակը մանր է, թե զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր: Այդ չափանիշներից ելնելով` ՀՀ կառավարությունը կսահմանի թմրամիջոցների կոնկրետ չափաքանակները: Մասնագիտական պնդումների հիման վրա նախագծերում ամրագրվել է, որ հոգեներգործության չափանիշը օգտագործվելու է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի չափերը որոշելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրինագծի հիմնավորման մի դրույթի՝ հետաքրքրվելով՝ արդյոք թմրանյութը շրջանառության ընթացքում ոչնչացնելու դեպքում նույնպես սահմանվում է քրեական պատասխանատվություն: Պարոն Թովմասյանի խոսքով՝ այս առումով Հայաստանը գտնվում է կառավարելի մակարդակում, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ մարդկային տեղաշարժն այս ոլորտում ստեղծում են որոշակի խնդիրներ, որոնք մտահոգիչ են:

Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ միջազգային բոլոր հարթակներում օրակարգային են թմրամիջոցների արգելմանը, վերահսկմանը վերաբերող հարցերը եւ կարգավորումները: Նա նշել է, որ անհրաժեշտոսւթյուն է այս նախագծի ընդունումը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կընդգրկվի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Վարդան Եղիազարյանը, ում խոսքով ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականին կատարված փոփոխություններով. անհրաժեշտություն կա գործող օրենքը համապատասխանեցնելու Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ կարգավորելու իրավակիրառ պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներն ու օրենսդրական բացերը: Հրայր Թովմասյանը նշել է, որ նախագծի դրույթներն ունեն խմբագրական բնույթ, եւ քվեարկության է ներկայացրել հանձնաժողովի առաջարկությունները, որոնք ընդունվել են: Արփինե Հովհաննիսյանի առաջարկությամբ խմբագրական փոփոխություն է տեղի ունեցել:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավորներ Նիկոլ Փաշինյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի, Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի ուշադրությանն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ սույն օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորներին: Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ? բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եւ ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետեւ օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որեւէ արգելքի մուտքի եւ ելքի իրավունքով, քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը եւ մասնավորապես արգելում են ԱԺ պատգամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից: Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորների գործունեության արհեստական եւ ոչ իրավաչափ խոչընդոտների:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել հոդվածը եւ արձանագրել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանի կարծիքով՝ պատգամավորների այցը կարող է բացասական ազդեցություն ունենալ նախաքննության վրա:

Արփինե Հովհաննիսյանն արձանագրել է, որ աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներում ձերբակալված եւ կալանավորված անձանց մոտ մուտք ու ելքի անարգել իրավունք չկա: Այն երկրները, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանին տրված է ազգային կանխարգելման իրավունք, այլ պաշտպանության իրավունք չկա: Տիկին Հովհաննիսյանն առաջարկել է լուծումներ գտնել ՀՀ նոր Սահմանադրության շրջանակում՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան:

Օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է նախաքննության ընթացքում` հարցաքնության ժամանակ, տեսաձայնագրում կատարելու միջոցով բացառելու կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խոշտանգումը եւ վատ վերաբերմունքը: Գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությունները տեսագրվում են ըստ անհրաժեշտության: Այն դեպքերում, երբ հարցաքննությունն իրականացվում է առանց տեսաձայնագրման, բարդ է ապացուցել կամ հերքել՝ հարցաքննության ընթացքում խոշտանգում եղել է, թե ոչ: Եթե մեղադրյալի հարցաքննությունները քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տեսաձայնագրվեն, ապա հնարավոր կլինի նախ պարզել՝ խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգման, նվաստացման ենթարկման արդյունքում, թե ինքնակամ: Հարցաքննության տեսաձայնագրմամբ նաեւ հնարավոր կլինի պարզել՝ հարցաքննվողի դեմքի կամ մարմնի տեսանելի մասերի վրա առկա են արդյոք խոշտանգման հետքեր, կամ կապացուցվի հակառակը, որը կբխի օրինականության սկզբունքից: Հիմնական զեկուցողի կարծիքով՝ մեղադրյալի, կասկածյալի հարցաքնությունների տեսաձայնագրման նորմի կիրարկման պահանջը խիստ անհրաժեշտ է արդար դատաքննություն իրականացնելու համար, եւ այն ուղղակի կնպաստի Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերի պահանջների արդյունավետ կատարմանը, եւ կամրապնդի խոշտանգումների բացարձակ արգելքը, որը սահմանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրել է քննարկվող օրինագծի շուրջ ՀՀ կառավարության տեսակետը՝ նշելով, որ նախագծի ընդունվելու դեպքում կծագեն բազմաթիվ հարցեր. տեսաձայնագրումը պիտի կատարվի մեղադրյալի համաձայնությամբ, տեխնիկական միջոցների գնումը եւ տեղադրումը կպահանջի բավականին ժամանակ, եւ հավելյալ բեռ կստեղծվի պետական բյուջեի համար:

Հրայր Թովմասյանն իր խոսքում նշել է, որ նախագծի՝ այս տեսքով ընդունումը կստեղծի նոր խնդիրներ, քանի որ թերի են կարգավորումները եւ ժամկետները:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ այս նախագիծը գործիքակազմի բացակայության պատճառով չի կարող կյանքի կոչվել:

Ներկայացված նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի, Ռաֆիկ Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է 2 ամսով:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը երկարատեւ քննարկումներից հետո հետաձգվել է՝ հանձնաժողովում հնչած առաջարկությունները «Ելք» խմբակցությունում քննարկելու եւ լրամշակված տարբերակ ներկայացնելու նպատակով:

Մի շարք օրինագծեր ներկայացվել են հանձնաժողովին՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման եւ եզրակացություն ներկայացնելու համար՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների փաթեթը, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ներկայացված նախագծերն ստացել են դրական եզրակացություն, եւ կընդգրկվեն առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում:



18.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ: Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդ...

18.10.2017
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ
Հոկտեմբերի 18-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը...

18.10.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ...

18.10.2017
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման վերաբերյալ» խորհրդարանական լսումներ, որին մ...