Տպել
24.10.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով խորհրդարան էր այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքը, վերջին տարիներին Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլերը:

Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ընդգծել է օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես բարեկամական խմբերի գործունեության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:

Պարոն Մոնտեյրոն, հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն, նշել է, որ ԼՂ հակամարտության հարցում Բրազիլիան իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ վերահաստատելով խաղաղ լուծման կողմնակից լինելը: Դեսպանի խոսքով՝ հարեւանների միջեւ վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում: Արա Բաբլոյանը, նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, արձանագրել է՝ հարաբերություններն աշխուժացել են հատկապես վերջին տարիներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ նշելով, որ բրազիլացի գործընկերները միջազգային տարբեր կառույցներում մշտապես միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նախաձեռնություններին:

Արա Բաբլոյանն իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին՝ այդ համատեքստում կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդի բարեկեցության ապահովմանն առնչվող հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ մեկնելով Հայաստանից՝ նա կշարունակի մնալ մեր երկրի հավատարիմ բարեկամը:



24.10.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները` համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ Ա...

24.10.2017
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի եւ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգերի նախագծերը: Պատգամավորները քննարկել են ԱԺ գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն չստացած նախագծերը նստաշրջանի օրակարգ...

24.10.2017
«Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուա...

24.10.2017
Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տ...