Տպել
26.10.2017
Բացվել է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի աշխատանքների ցուցահանդեսը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 26-ին բացվել է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի գործերի ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացման խոսքում նշել է. «Կառլոս Աբովյանի գործերը հուշում են, որ գործ ունենք հայրենասեր գեղանկարչի հետ: Նրան ոգեշնչել են հայ մանրանկարիչները, Ռեմբրանդտը, Վան Գոգը, Ալեքսանդր Բաժբեուկ- Մելիքյանը, Մինաս Ավետիսյանը եւ բնության հրաշք՝ Լոռվա ձորը: Կառլոս Աբովյանն ապրել է զուսպ, համեստ կյանքով, խուսափել է մեծարանքից՝ ստեղծելով իր ուրույն աշխարհը: Նա հրաժարվում էր կենդանության օրոք ցուցադրել իր ստեղծագործությունները. կարծում էր՝ մեծերին է հատուկ կազմակերպել ցուցահանդեսներ: Ութսունականներից եմ սկսել մտերմություն անել գեղանկարչի հետ, բայց, ափսոս, կարճ եղավ մեր ընկերությունը: Յուրահատուկ էր մարդկային հարաբերություններում եւս»:

Վարպետի ներշնչման աղբյուրը բնությունն էր: Իր իսկ կտակի համաձայն՝ գեղանկարչի սիրտն ամփոփված է Լոռվա ձորում՝ Արդվին մատուռի մոտ. մի վայր, որը նա առանձնապես էր սիրում:

Պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը, գնահատելով Կառլոս Աբովյանի գործերը, ասել է. «Ես մի նոր Ռեմբրանդտ գտա»:

«Կառլոս Աբովյանը դիմապատկերի մեծ վարպետ էր: Նրա կտավներին յուրահատուկ են խորհրդապաշտությունը, գունային ոչ կաղապարային լուծումները, դինամիկան: Նրա վրձնած կանանց ու տղամարդկանց բազմաթիվ դիմապատկերներում, ինչպես նաեւ ինքնադիմանկարներում, արտացոլված է նկարչի աշխարհայացքը: Նյութի խորությամբ, ֆոների նուրբ բարդությամբ, մթին կամ լուսավոր գույներով նա զուգում էր իր բնորդներին: Բոլոր կանանց՝ անկախ տարիքից, վեհացնում էր, դարձնում կանացի կատարելության տիպար»,- իր խոսքում ասել է Կառլոս Աբովյանի դուստր Անուշ Աբովյանը:

«Կառլոս Աբովյանի գեղանկարչությունը ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր նրա հետ միասին ցանկանում են թափանցել հայելու մյուս կողմը եւ ըմբռնել էակների ու իրերի խորությունը: Կառլոս Աբովյանը թարմ շունչ, հյութեղ ներկապնակ եւ հանդիսավորություն բերեց: Յուրահատուկ են նրա գծանկարները, բնապատկերները, նատյուրմորտները եւ հատկապես դիմանկարները»,-ասել է ժողովրդական վարպետ, դերասանուհի Մարինե Մխիթարյանը:

2017 թվականին գեղանկարիչ Կառլոս Աբովյանը կդառնար 80 տարեկան:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...