Տպել
30.10.2017
Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
1 / 3

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի, պատվիրակության անդամներ Աղվան Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Գեւորգ Գորգիսյանի մամլո ասուլիսը: Պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերի աշխատանքների վերաբերյալ:

Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ին «Ազգային նորարարական համակարգերի զարգացումը Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում» թեմայով ելույթ է ունեցել ՍԾՏՀ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում:

Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ հանդիպմանը նաեւ նշել է, որ Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի հաստիքում առաջարկվել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ով, ստանալով համապատասխան քանակի ստորագրություն, կստանձնի այդ պաշտոնը:

Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստում հայ պատվիրակները ներկայացրել են ՀՀ-ում նորագույն տեխնոլոգիաների ներկայիս իրավիճակը եւ մատնանաշել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս ոլորտի առավել զարգացմանը:

Աղվան Վարդանյանը նշել է, որ Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում քննարկվել է «ՍԾՏՀ անդամ պետություններում երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանությունը եւ երաշխիքները» թեման, որի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ինքը:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստում ներկայացրել է «ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակը. տարածաշրջանում միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը» թեման եւ ընդգծել հայկական կողմի այն տեսակետը, ըստ որի՝ ՍԾՏՀ-ի եւ ՍԾՏՀ ԽՎ-ի միջեւ հարաբերությունները կարգավորող լավագույն ձեւաչափն արդեն իսկ առկա է, եւ անհրաժեշտություն չկա այն դեկլարացիայի միջոցով սահմանելու: