Տպել
01.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրաքից ժամանած գործընկերների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Արսեն Միխայլովը նոյեմբերի 1-ին հանդիպել են Իրաքի խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին վերոնշյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Ողջունելով իրաքցի գործընկերներին՝ Արման Սաղաթելյանն անդրադարձել է հայ-իրաքյան հարաբերություններին եւ համոզմունք հայտնել, որ պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչը վերջին երեք տարիներին վերընթաց է ապրում: Պարոն Սաղաթելյանն անդրադարձել է երկկողմ կապերին եւգոհունակությամբ ընդգծել, որ առեւտրատնտեսական կապերը Հայաստանի եւ Իրաքի միջեւ բավական ակտիվ են, թեեւ այն զարգացնելու մեծ ներուժ կա: Նա նաեւ նշել է, որ երկու երկրներն արդյունավետ համագործակցում են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչին նպաստել է նաեւ օդային հաղորդակցության զարգացումը: Պարոն Սաղաթելյանը հյուրերին տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատ են ստացել հայաստանյան չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից՝ զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանի կայուն եւ կանխատեսելի լինելը, անհրաժեշտ համարել հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով: Կարեւորվել է ահաբեկչությունների դեմ պայքարը:

Շիրակ Թորոսյանն այս համատեքստում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ իր ագրեսիվ քաղաքականությամբ փորձում է ձախողել խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ անգամ տանելով այն կրոնական հարթություն: Պարոն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի բազմաթիվ՝ հատկապես արաբական երկրների հետ: Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին ներկայացրել է Իրաքի տեսակետը, ըստ որի՝ նման հակամարտություններն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ռազմական:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արսեն Միխայլովը, Արամ Սարգսյանը եւ Ռուստամ Մախմուդյանը նույնպես կարեւորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, խոսել առեւտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններից:

Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել է 2014 թվականին եզդիների նկատմամբ իրականացված ոճրագործություններին եւ իրաքցի գործընկերներին հորդորել աջակցելու, որպեսզի տեղահանված եզդիները հնարավորություն ունենան վերադառնալու իրենց բնօրրաններ:

Պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նման հանդիպումները թե՛ հարաբերությունների խորացման, թե՛ տարբեր հարցերում փորձի փոխանակման տեսանկյունից: Նա, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, կարեւորել են համագործակցության խորացման անհրաժեշտությունն առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել է ներդրումների խրախուսումն ու բազմոլորտ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իրաքում հայկական համայնքին, բարձր գնահատվել նրանց դերակատարությունը հասարակական կյանքում: