Տպել
06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 10

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ոլորտների պատասխանատուներ, հրավիրված այլ անձինք:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է սոցիալական ապահովության եւառողջապահության ոլորտների համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, խոսել առաջիկա ծրագրերի եւ անելիքների վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ սոցիալական պաշտպանության ոլորտին գալիք տարի նախատեսվում է հատկացնել 408,7 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշից պակաս է 362 մլն դրամով: Մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովման ծրագրի իրականացման համար նախատեսված է հատկացնել 236 մլրդ դրամ, նպաստերի վճարմանը՝ 78,6 մլրդ, որը նույն մակարդակին, է, ինչ այս տարի:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ շարունակվելու են իրականացվել մի շարք ծրագրեր, որոնց թվում են ԽՍՀՄ խնայբանկերում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը, երրորդ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում հատկացվող գումարների վերաբերյալ նախաձեռնությունը, որի համար, մասնավորապես 2018 թվականին կօգտագործվի շուրջ 300 մլն դրամ: Ինչ վերաբերում է ավանդների փոխհատուցման ծրագրին, ապա 2018 թվականին փոխհատուցումը կարող են ստանալ մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները:

Ինչպես նշել են հարցերով հանդես եկող պատգամավորները, հանրապետությունում նվազել է մեկ կամ երկու երեխա ունեցող քաղաքացիների թիվը, այնինչ շատացել են այն ընտանիքները, որտեղ ծնվում է երեք եւ ավելի երեխա: Գործադիրին առաջարկ է արվել վերանայել այստեղ իրականացվող քաղաքականությունը, եւ հաշվի առնելով ժողովրդագրական խնդիրները՝ մեծացնել առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում հատկացվող գումարի չափը: Նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել խնդիրը:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտում իրականացվող քաղաքականությունը, մանրամասն անդրադարձել ծրագրերին եւ ֆինանսական հատկացումներին: Այսպես՝ ոլորտին հատկացվելու է 80,1 մլրդ դրամ, որը եկող տարվա պետական բյուջեի ծախսային հատվածի 5,4 տոկոսն է: Այս տարվա ֆինանսական ցուցանիշից այն պակաս է 5,8 մլրդ դրամով: Դեղորայքային տրամադրում ծրագրի իրականացման համար կհատկացվի 4,2 մլրդ դրամ, որը 5 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից: Արտահիվանդանոցային ծառայությունների իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 25,4 մլրդ դրամ: Կշարունակվի 100 000 պետական աշխատողներին սոցփաթեթների հատկացման ծրագիրը, որը փոքր-ինչ նվազել է՝ կապված ոլորտում իրականացվող կրճատումների հետ: 6,3 մլրդ դրամ կուղղվի «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը, 1,5 մլրդ՝ սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման ծրագրի իրականացմանը:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ են ուղղել զեկուցողներին, առաջարկել վերանայել որոշ հատկացումներ, կատարել վերաբաշխումներ, անդրադարձել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումներին:

Նույն օրը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները, իսկ ոլորտների ղեկավարները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Օհանյանը եւ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը՝ իրականացվելիք ծրագրերը:

2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 126,714.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.17 %-ը, պետական բյուջեի ծախսերի 8.65 %-ը: Ծախսերը 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 712.4 մլն դրամով կամ 0.6 %ով: Հանրակրթության ոլորտի համար նախատեսվել է 74,237.1 մլն դրամ: Ծախսերի նվազումը 2017 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 2,184.7 մլն դրամ կամ 2.9 %: Կրթության ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են ՀԲ աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագիրը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,276.0 մլն դրամ:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 14,276.0 մլն դրամ` 2017 թ. 14276.8 մլն դրամի դիմաց: Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 9588.4 մլն դրամ` 2017 թ. 10065.4 մլն դրամի դիմաց: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 2568.5 մլն դրամ` 2017 թ. 1848.0 մլն դրամի դիմաց: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար նախատեսվում է 1306.7 մլն դրամ` 2017 թ. 1523.0 մլն դրամի դիմաց:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ կառավարությունը փորձել է բյուջետային փաստաթղթով անել առավելագույնը, որպեսզի կրթության ու գիտության ոլորտում որեւէ ծրագիր չտուժի եւ հետագայում բյուջետային միջոցների ավելացման հնարավորություն լինի: Մտահոգիչ է համարվել ՀՆԱ-ի աճի պարագայում բյուջեում կրթության եւ գիտության հատվածի հետ կապված տոկոսային խնդիրը, որը միջնաժամկետ հեռանկարում փորձ կարվի կարգավորել: Նախարարն ընդգծել է, որ 2018 թվականի հատկացումներում 600 միլիոն դրամի նվազեցումը որեւէ կերպ չի անդրադառնալու կրթության բովանդակության եւ որակի վրա: Ծրագրային բյուջետավորմամբ պայմանավորված կա կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն: Եվրամիության հետ իրականացվող կրթական համակարգում դրամաշնորհային ծրագիրը նպատակաուղղվելու է երեք հիմնական ուղղությունների՝ որեւէ մարզում պիլոտային ծրագրի իրականացում՝ ամբողջ կրթական համակարգի պատկերն ստանալու համար, միջին մասնագիտական կրթությանը եւ կրթության բովանդակությանը նվիրված հատված: Գիտության բնագավառում արմատական փոփոխությունները վերաբերում են ֆինանսավորմանը եւ գիտական ծրագրերի նոր որակին:

Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառի համար 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է 26,691.2 մլն դրամ` 2017 թ. պետական բյուջեով նախատեսված 26,457.8 մլն դրամի դիմաց կամ ծախսերն աճել են 233.4 մլն դրամով: Մշակութային ծառայությունների համար 2018 թ. նախատեսված են 13,564.8 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 13,995.3 մլն դրամի դիմաց: Մշակութային ծառայությունների գծով ծախսերը նվազել են 430.5 մլն դրամով կամ 3.1 %ով:

Արվեստի գծով 2018 թ. նախատեսված են 7,616.8 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 7,370.0 մլն դրամի դիմաց: Կինեմատոգրաֆիայի գծով 2018 թ. նախատեսված են 611.0 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 653.5 մլն դրամի դիմաց: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման գծով 2018 թ. նախատեսված է 395.8 մլն դրամ` 2017 թ. 405.9 մլն դրամի դիմաց:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն զարգացման եւ արդեն մեկնարկած ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովող բյուջե է լինելու: Առավել ագրեսիվ քաղաքականություն է իրականացվելու կապիտալ ծախսերի մասով. դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը: Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի աշխատանքներն ուղղված են լինելու հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկաներ արտահանելուն, կինոարտադրության ոլորտում նոր մոդելի կիրառմանը, վիզուալ քաղաքի ստեղծմանը, արտասահմանյան ֆիլմարտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար տնտեսական շահավետ խթանող առաջարկների ներկայացմանը, մշակութային արտադրանքի առավել թիրախավորված ծրագրի մշակմանը, այլ պետությունների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը:

Հանգստի եւ սպորտի ծառայությունների համար 2018 թ. նախատեսված են 2,631.8 մլն դրամ հատկացումներ՝ 2017թ. 1,842.8 մլն դրամի դիմաց: Այս ուղղությամբ ծախսերի աճը 2017 թ. համեմատ կազմել է 789.0 մլն դրամ կամ 42.8 %:

Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2018 թ. նախատեսված են 8,462.4 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 8,580.0 մլն դրամի դիմաց:

Տեղեկատվության ձեռքբերման գծով 2018 թ. նախատեսված են 361.7 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 383.6 մլն դրամի դիմաց:

Պատգամավորների հարցերը վերաբերել են որոշ մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերի վերանայմանը, մասնավոր հավատարմագրված բուհերի դիպլոմներին, ներառական կրթության ոլորտում հատկացումների նվազեցմանը, բնական գիտությունների զարգացման նպատակով ներմուծվող լաբորատոր սարքավորումների հարկմանը, բուհերի կողմից իրականացվող ուսումնական պրակտիկաների անցկացման վերանայմանը, գրադարանային գործի կազմակերպմանը եւ այլ խնդիրների:

Մինչեւ 9-ը նոյեմբերի՝ ժամը 18:00-ը, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կամփոփվեն «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ:


06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ի նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին...

06.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձեւավորված բարեկամական խմբի...

06.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում՝ «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով:Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:...

06.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ...

06.11.2017
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...

06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1. Երկուշաբթի, 30 հոկտեմբերի 2017թ., ժ.10.00, 334 սրահՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը` 1. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ց...