National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
07.11.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ
1 / 9

ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի, Ջուզեպպե Գալատիի հետ:

Արմեն Ռուստամյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերը, անդրադարձել օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին:

ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքին, «Վերահսկիչ պալատի մասին» օրենքին  եւ «Դատական օրենսգրքի» ընդունմանը՝ ընդգծելով, որ կարճ ժամանակահատվածում մեր երկիրը դրական արդյունքներ է արձանագրելու ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ստեղծման հարթակում:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել օրեր հետո «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանի՝ Եվրոպական միության հետ կապերի խթանման պատրաստակամությանը:

Համազեկուցողները հետաքրքրվել են կոռուպցիայի դեմ պայքարով, ինչի առնչությամբ ՀՅԴ խմբակցության անդամներն ընդգծել են, որ կոռուպցիան լուրջ մարտահրավեր է, որի դեմ էական քայլեր են ձեռնարկվում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանն ու Արարատ Միրզոյանը նույն օրը հանդիպել են Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ։

Հյուրերի խնդրանքով «Ելք» խմբակցության ղեկավարն ու անդամներն անդրադարձել են խորհրդարանում եւ քաղաքական հարթությունում իրենց դերին ու առաքելությանը, օրենսդրական գործունեությանը։

Ներկայացնելով գործընկերներին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ելք» դաշինքի քաղաքական ուղու մասին, անդրադարձ կատարել խորհրդարանական վերջին ընտրություններում տեղ գտած թերություններին եւ օրենսդրական բացերին, ներկայացրել խմբակցության օրենսդրական գործունեությունը։

Մանե Թանդիլյանը ներկայացրել է «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներն ու առաջնահերթությունները, անդրադարձել ընտրական կեղծարարությանը, խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ բացահայտված կոռուպցիոն դեպքերին։ Պատգամավորի խոսքով՝ խնդիրներ կան, որոնց լուծման համար ընդդիմությունը պատրաստակամ է համագործակցել քաղաքական մեծամասնության հետ։

Արարատ Միրզոյանը նշել է, որ «Ելքն» այն քաղաքական ուժն է, որը ժողովրդավարական փոփոխությունները պետք է հասցնի իր տրամաբանական ավարտին՝ արդյունքում ունենալով ժողովրդավարական հասարակություն: «Մեր առաքելությունը ապագայի նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումն է»,-նշել է պատգամավորը։

Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ խմբակցությունն առաջին իսկ օրվանից պատրաստ է եղել քաղաքական ուժերի հետ համատեղ խորհրդարանական գործունեություն ծավալելուն։ Ըստ նրա՝ «Ելքը» միակ քաղաքական ուժն է, որը հավատում է ժողովրդավարությանը, ազատ շուկայական հարաբերություններին եւ եվրոպական պետություն ստեղծելու գաղափարին։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլի առաջարկով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել են 2018 թվականի ապրիլից հետո խորհրդարանի դերին ու նշանակությանը, խորհրդարան-կառավարություն հարաբերություններին։

Արարատ Զուրաբյանը ներկայացրել է «Ծառուկյան» դաշինքի անցած ուղին, օրենսդրական գործունեությունն ու խմբակցության քաղաքական առաջնահերթությունները։ Պատգամավորը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են դեպի ժողովրդավարություն եւ հավելել, որ փոփոխությունները մեր երկիրը նոր հունով տանելու հնարավորություն են ընձեռում։ Արարատ Զուրաբյանը խոսել է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի թերություններից՝ նշելով, որ այն պետք է բարեփոխել եւ օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրահամակարգի վերաբերյալ դրույթը։ Պատգամավորը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է ստանձնելու կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու իր պարտավորություններն ու հաղթահարելու բոլոր խոչընդոտները։

«Մենք ունենք քաղաքական եւ օրենսդրական բավարար փորձ՝ լիարժեք գործունեություն ծավալելու համար»,- նշել է պատգամավորը։

Գեւորգ Պետրոսյանը, կարեւորելով սահմանադրական փոփոխությունները, նշել է, որ խմբակցությունը մերժողական դիրքորոշում ունի այն նախագծերի նկատմամբ, որոնք չեն բխում ժողովրդի շահերից։ «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքն օրենքների շրջանակներում հետամուտ է ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելուն նաեւ խորհրդարանից դուրս»,- նշել է պատգամավորը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ընտրական գործընթացներին, դատական համակարգի թերություններին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ գործակցությանը։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է. «Ուրախ ենք լսել ձեր տեսակետները, պատկերացումներն ու ընկալումները ձեր խորհրդարանի ապագայի դերակատարության վերաբերյալ։ Դա այն է, ինչի ջատագովն ենք մենք»։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Հրայր Թովմասյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Ռուստամ Մախմուդյանը:

Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին Հայաստանի հետ համագործակցության ու ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի: Այս համատեքստում պարոն Բաղդասարյանն ընդգծել է հատկապես արդյունավետ աջակցությունը սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունման գործընթացներում:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրում իրականացվող քայլերին՝ պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ այն մշտական գործընթաց է. վերջին տարիներին այդ հարցում զգալի աշխատանք է կատարվել, ինչը նոր թափ է ստացել հատկապես սահմանադրական բարեփոխումներից հետո: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքին:

Խոսելով այս տարի մեր երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին՝ պարոն Բաղդասարյանը նշել է, որ դրանք դրական իմաստով տարբերվում էին Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններից: Նա ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները:

Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողով-ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողով-համազեկուցողներ համատեղ աշխատանքն այս ձեւաչափում համագործակցության լավագույն օրինակ է համարել: Տիկին Նաղդալյանը, անդրադառնալով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ՀՀ Ազգային ժողովն անցնելու խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է. «Յուրաքանչյուր ճանապարհ հաղթահարելու գրավականն այդ ճանապարհով քայլելն է, եւ այսօր Հայաստանի խորհրդարանը հենց դա է անում՝ իրագործելով օրենսդրական այն քայլերը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանական կառավարման անցնելու համար»:

Հրայր Թովմասյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մասնավորապես Սահմանադրական դատարանի որոշումներին առնչվող հարցերին՝ փաստելով, որ ի տարբերություն մի շարք երկրների՝ ՍԴ որոշումները չկատարելու հարցում մեր երկրում խնդիրներ չկան: Նշվել է, որ նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանն ստացել է կարեւորագույն լիազորություն, որը վերաբերում է լիազորությունների հարցով իշխանության բարձրագույն մարմինների միջեւ վեճերի լուծմանը. այն հնարավորություն է տալիս կոնֆլիկտային իրավիճակներում գտնելու սահմանադրական լուծումներ եւ դուրս գալու ճգնաժամային իրավիճակից: Պատգամավորը նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքի նախագիծը եւս ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին:

Պարոն Թովմասյանը ներկայացրել է նաեւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը:


07.11.2017
Քննարկում «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով
Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկում` «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում, ՀՀ Ազգային ժողովի...

07.11.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հասարակական եւ քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի համար ծննդյան 70-ամյակի առթիվ Վարազդատ Ավոյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Վարազդատ Ավոյանին՝ Արա Բաբլոյանը մաղթել է երկար տարիների կյանք եւ բարեկեցություն: ...

07.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնախնդիրներ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 7-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, նախարարության, հասարակական կազմակե...

07.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին: Արա Բաբլոյանը ողջունել է եվրոպացի համազեկուցողների այցը խորհրդարան եւ անդրադարձել մեր երկրում սահմանադրական ...

07.11.2017
Տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 7-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մանրամասնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS