Տպել
20.11.2017
«Արցախն ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանով
1 / 2

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հարգելի Բոլեսլավ Կազիմիրի,

հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի հարգելի մասնակիցներ,

ուրախ եմ ողջունելու ձեզ ՀՀ Ազգային ժողովում: Հուսով եմ, որ այսօրվա նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն: Մեր երկկողմ խորհրդարանական օրակարգը բավականին հագեցած է. ներառում է ինչպես խորհրդարանականների համագործակցության հարցերը միջազգային հարթակներում, այնպես էլ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող խնդիրները: Հայ-բելառուսական երկկողմ ռազմավարական հարաբերությունների կարեւորագույն կետերից մեկը խորհրդարանական համագործակցությունն է. այդ իմաստով մեր հանձնաժողովն ունի ծանրակշիռ դերակատարում եւ լուրջ անելիքներ:

Հարգելի գործընկերներ,

վերջին տարիների ընթացքում հայ-բելառուսական համագործակցությունն ստացել է նոր բովանդակություն, մասնավորապես մեր խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են թե՛ ՀԱՊԿ ԽՎ-ի, թե՛ ԱՊՀ ՄԽՎ-ի եւ թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում: Այնուհանդերձ, թույլ տվեք շեշտել, որ անելիքները դեռեւս շատ են, կան նաեւ թերություններ: Առավել ակտիվ, արդյունավետ եւ համագործակցված աշխատանքի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես երկու երկրների համար զգայուն հարցերում պետք է ունենալ հստակ դիրքորոշում: Այստեղ ուզում եմ նշել, որ դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հայտարարություն, ուր հստակ նշված է, որ ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊ-ի անդամ պետությունների միջեւ պետք է ունենա առաջնային նշանակություն երրորդ երկրների նկատմամբ, որոնք չեն մտնում այդ ռազմաքաղաքական պայմանագրի մեջ, այսօր արդեն ՀԱՊԿ-ի: Կարծում եմ՝ մենք բոլորս հասկացանք, թե ինչի մասին է խոսքը:

Նշեմ նաեւ, որ 2016 թվականի հոկտեմբերին մեր երկրների նախագահները ՀԱՊԿ երեւանյան համաժողովի շրջանակում ընդունել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` նշեմ, որ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: Բանակցություններում առաջընթաց ապահովելու համար մենք մերժում ենք խնդրի ռազմական լուծումը եւ դատապարտում ռազմատենչ հռետորաբանությունը: Կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար օր առաջ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Արցախը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան եւ ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը եւ մեր պարտքն է պաշտպանել այդ իրավունքը:

Շնորհակալ եմ ուշադրության համար»,-ասել է պարոն Շարմազանովը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...