National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
07.12.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 8

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի այս օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է նախագծին չվերագրել այնպիսի դեր, որն այն չունի եւ չի կարող ունենալ: «Նախագծին մի վերագրեք կարգավորիչ դեր, այս օրինագիծը չի հավակնում մտնելու մարդկանց ընտանիքներ»,-ասել է նա եւ կոչ արել կողմ քվեարկել նախագծին՝ վստահեցնելով, որ որեւէ մեկը չի հանդուրժի այն դրսեւորումները, որոնց դեմ այս օրինագիծը պայքարելու է:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու քննադատություններին:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի եւ Մուրադ Մուրադյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրենսդիրները նիստի ընթացքում ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

«Հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Օրենսդրական առաջարկը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով: Հանրագիր հասկացությունն է սահմանվել, ըստ որի հանրագիրը Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունն է: Սահմանվել են նաեւ անհատական հանրագիր, կոլեկտիվ հանրագիր, կրկնակի հանրագիր, էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագիր, հրապարակային հանրագիր հասկացությունները: Ներկայացված են հանրագիր ներկայացնելու սահմանափակումները, հանրագիր ներկայացրած անձի իրավունքները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, հանրագրի ներկայացման կարգը, հանրագրի գրանցումը եւ հրապարակումը, հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի գործողության (անգործության) բողոքարկումը եւ այլ կարգավորումներ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով՝ հանրագրի ինստիտուտը հանրային իշխանությունների ու քաղաքացու միջեւ որոշակի կապի եղանակ է, որով բնակչությունը կարողանում է հանրային իշխանությանն իրազեկել որոշակի խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են ենթադրել ինչպես օրենսդրական, այնպես էլ քաղաքականության փոփոխություն: Նրա գնահատմամբ՝ արդյունավետ աշխատելու դեպքում այս կապը կարող է նպաստել մի շարք խնդիրների լուծմանը: Պարոն Թովմասյանը նշել է, որ նախագծի ընդհանուր փիլիսոփայությունն ու մոտեցումները համահունչ են այս ինստիտուտին ներկայացվող միջազգային պահանջներին: Հանձնաժողովում հարցը մանրամասն քննարկվել է, ներկայացվել են առաջարկներ :

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ կողմ է նախագծի գաղափարին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանադրական կարգավորումները թելադրում են ունենալ նման օրենք: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն անդրադարձել են որոշ հարցադրումների ու դրույթների, որոնք մասնավորապես վերաբերել են քաղաքացիների՝ հանրագիր ներկայացնելու հետ կապված խնդիրներին:

Հրայր Թովմասյանը եւ Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության պահանջներին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշել է, որ օրենքի փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթ են կրում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Ռուստամ Մախմուդյանի, Հակոբ Բեգլարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա իրավակարգավորումները զրկում են տուժողին՝ որպես դատավարության մասնակցի, օգտվելու իր դատավարական հնարավորություններից, հայտնելու դիրքորոշում արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ տուժողը փաստարկված առարկում է դատարանում արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ Աժ պատգամավորներն իրենց հարցերն են ուղղել հարակից զեկուցողին:

Եզրափակիչ ելույթում Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական եւ Վռճաբեկ դատարանների կայացրած ընդհանրական որոշումների հետ կապված հարցերին:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի, Կարեն Ավագյանի, Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հրայր Թովմասյանը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ? օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը? սահմանելով, որ պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել, ինչպես նաեւ մեկ տարով կարող է երկարաձգվել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը: Միաժամանակ նախագծով առաջարկվում է հասարակական կազմակերպությանն իրավունք վերապահել իր կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նախատեսել, որ գործադիր մարմին ընտրելու լիազորությունը կարող է փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:

Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ որպես քաղաքացիական իրավունքի ոլորտի մասնագետ? կարծում է, որ նախագիծը շեղում է կանոններից, սակայն այս պահին այն լուծում է իրավաբանական անձանց միություններին վերաբերող հարցերը:

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ով նշել է, որ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումն իրականացվում է համացանցում բոլորին հասանելի լիազոր մարմնի կողմից վարվող տիրույթում? ապահովված անձի կողմից, միաժամանակ որպես սպասարկման գրասենյակ հանդես է գալիս նաեւ նոտարը: Ըստ հիմնական զեկուցողի? ապահովված իրավունքների համակարգի վերաբերյալ դրույթը սահմանում է, որ մինչեւ 2022 թվականը պետք է զարգացնել ապահովված իրավունքների գրանցման համակարգը, ինչին մեծապես կնպաստի գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելը? Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման գրասենյակների միջոցով:

Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով ընդլայնվում է սպասարկման գրասենյակ հասկացությունը: Նա նշել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը նույնպես ներկայացրել է Արթուր Հովհաննիսյանը, ով նշել է, որ նախագծով առաջարկվում է լուրջ բարեփոխումներ կատարել ոլորտում? մասնավորապես սահմանափակելով հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները, փոխելով կատարողական գործողութունների եւ բռնագանձումների ժամկետները:

Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել քննարկվող նախագծին? մանրամասնելով հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ժամկետի փոփոխությանը, տնտեսվարող սուբյեկտների՝ դրամական միջոցների վրա դրվող արգելանքներին վերաբերող հարցերը: Տիկին Հովհաննիսյանն անդրադարձել է հանձնաժողովի նիստում արված առաջարկությանը? կարգավորել ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդների հայտարարման գործընթացը, որտեղ սահմանված շեմի հետեւանքով քաղաքացիների գույքը վաճառվում է անհավանական ցածր գներով:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձ է կատարել ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների հաշիվներին արգելանք դնելու մեխանիզմներին, որոնց պատճառով մարդիկ հայտնվում են տհաճ իրավիճակներում:

Նախագծի քննարկման ընթացքում հնչած հարցերին պատասխանել են Արթուր Հովհաննիսյանը եւ Արփինե Հովհաննիսյանը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը ներկայացրել է Արթուր Հովհաննիսյանը, ով նշել է, որ այս օրինագծի ընդունման արդյունքում նոտարները կկարողանան էլեկտրոնային եղանակով թվային ստորագրությամբ վավերացնել պայմանագրեր: Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս նախագիծը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը եւ կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է օրինագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը, ով նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2005 թ. հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածներում արտացոլելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Հարակից զեկուցող Հարություն Կարապողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով? օրնագծի ընդունմամբ ակնկալվում է հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը:

«ՀՀ Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ով արձանագրել է, որ ծրագիրը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում վերջին անգամ, քանի որ 2018 թվականի ապրիլից կառույցը վերածվելու է Հաշվեքննիչ պալատի, որն ինքն է հաստատելու տարեկան ծրագիրը: Լեւոն Յոլյանի խոսքով? վերահսկողությունից անցում է կատարվելու հաշվեքննության: Պարոն Յոլյանը նշել է, որ 2018 թվականին անցկացվելու է համալիր ուսումնասիրություն բոլոր ոլորտներում, որը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել ուսումնասիրվող ոլորտների գործունեության արդյունավետության մասին:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ Ազգային ժողովն առաջարկել է հաստատել ծրագիրը, Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրվանից ծրագրում ընդգրկված թեմաներով իրականացնել հաշվեքննություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: Նա նշել է, որ առաջարկվում է այդ ապրանքների ցանկում ներառել նաեւ դաշտային սպաթ, կրաքար, դոլոմիտ եւ կիր պարունակող այլ քարատեսակները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը ներկայացրել է նախագծի հիմնադրույթներն ու հասկացությունները՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով: Նրա խոսքով՝ ՎՊ-ն բարձրացնում է անկախության մակարդակը եւ ինքն է հաստատելու իր տարեկան գործունեության ծրագիրը, դադարելու է վերահսկողական գործառույթներ իրականացնել, ինչը եւս քայլ է աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կառույցի ստանդարտներին համապատասխանեցնելու համար: ՎՊ-ի աշխատակիցները համարվում են քաղաքացիական ծառայողներ, ինչը հակասում է Լիմայի հռչակագրի այն դրույթին, ըստ որի բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից իրականացվող գործառույթների ժամանակ չի կարող իրականացվել արդյունավետ հաշվեքննություն մի կառույցում, որն ապահովում է իր աշխատակիցների համալրումը: Հաշվեքննիչ պալատը պետք է հաշվեքննություն ներկայացնի պետական բյուջեի կատարման վերաբերյալ: Եւ հաշվեքննիչ պալատի անդամները, եւ հաշվեքննություն իրականացնող կառույցների ստորաբաժանումների ղեկավարները ու նրանց տեղակալները որոշ ժամանակ անց պետք է լինեն աուդիտորներ: Հստակ ամրագրվել է կառույցի նպատակը. այն հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ օրինագծի նպատակը վերահսկողությունից հաշվեքննություն անցնելն է, ինչպես նաեւ աուդիտի բարձրագույն մարմնի միջազգային կազմակերպության՝ INTOSAI-ի չափորոշիչներին համահունչ բարձրագույն աուդիտորական մարմնի ստեղծումը: Օրենքում հստակ սահմանված է, թե որ դեպքում եւ որտեղ կարելի է հաշվեքննություն իրականացնել:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել նախագծի առնչությամբ:

Մանե Թանդիլյանը ընդգծել է, որ հաշվեքննիչը նույն աուդիտորն է, որը կարող է իրականացնել աուդիտ հանրային ոլորտում: Նա արժեւորել է հատկապես հաշվեքննիչ պալատի անկախության ապահովման անհրաժեշտությունը, ինչը հանրության վստահության բարձրացման կարեւոր պայման է: Հանրության վստահության բարձրացման հարցում տիկին Թանդիլյանը կարեւորել է հաշվեքննիչ պալատի անդամների օբյեկտիվությունը, անկախությունը, պրոֆեսիոնալիզմը եւ քաղաքական չեզոքությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ կարեւոր աշխատանք է կատարվել եւ կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակին եւ որոշ վիճահարույց դրույթների վերաբերյալ ներկայացրել առաջարկներ: Նշելով, որ օրինագիծը կարեւոր հենասյուների վրա է հիմնված՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է որոշ եզրույթների հստակեցման մասին: Խոսրով Հարությունյանն էլ ընդգծել է, որ որակապես նոր մարմին է ստեղծվում, որը կոչված է հաշվեքննությամբ վեր հանել նաեւ այս կամ այն թերությունները ծնող իրավական եւ օրենսդրական պատճառները:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Շաքե Իսայանի հեղինակած օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են փոփոխություն կատարել օրենսգրքում, ըստ որի «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 8-ին:




07.12.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 7-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am