Տպել
12.12.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության հանդիպումներն ԻԻՀ-ում
1 / 10

Շարունակվում է Վահրամ Բաղդասարյանի գլխավորած ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության բազմաշերտ հարցեր, մասնավորապես փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում:

Տնտեսական համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Մեղրիում ստեղծվող տնտեսական ազատ գոտու աշխատանքներին, հնարավորություններին ու գործունեության հետագա կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել իրանական եւ հայկական արտադրանքների շրջանառությանն ինչպես հայկական եւ իրանական, այնպես էլ կողմերի միջնորդությամբ ու աջակցությամբ այլ շուկաներում:

Էներգետիկայի ոլորտում քննարկվել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչվող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ինչին պետք է հաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն կոնկրետ խնդիրների լուծմամբ՝ դրանցում ներգրավելով երկու երկրների գործադիր իշխանությունների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներին: Նախատեսվել է իրականացնել բազմակողմ համաժողովներ, որոնց նախաձեռնությամբ հանդես կգան Հայաստանի եւ Իրանի խորհրդարանները:

ԻԻՀ Մեջլիսի ներկայացուցիչները հավաստել են, որ իրանական օրենսդրությունը լիբերալ է, ինչը լայն հնարավորություն է տալիս խորացնելու արդյունավետ համագործակցությունը քննարկված ոլորտներում: Վերահաստատվել է, որ իրանական կողմը պատրաստ է քննարկել ու համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել բոլոր ոլորտներում:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:


12.12.2017
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Դեկտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գրո...

12.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվա եւ Լատվիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 12-16-ն աշխատանքային այցով կլինի Լիտվայում եւ Լատվիայում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ...