Տպել
14.12.2017
Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում` Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների բնույթն ու զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Նաիրա Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններն ու գործընթացները` անդրադառնալով ԲՀԿ-ի եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագործակցության հուշագրի ստորագրմանը:

Տիկին Զոհրաբյանն անդրադարձ է կատարել նաեւ առաջիկա համատեղ ծրագրերին, մասնավորապես երկու երկրներում համագործակցող երիտասարդական կառույցների եւ կանանց խորհուրդների փոխայցերին վերաբերող հարցերին:

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունն իր խոսքում կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը եւ հույս հայտնել, որ խումբը ակտիվորեն կհամագործակցի Չինաստանի խորհրդարանի հետ? իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:

Թիան Էրլունը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի կարեւորագույն քաղաքական ուժերից է, եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հետ:

Միքայել Մելքումյանը, կարեւորելով «Մետաքսի ճանապարհ» չինական մեգանախագիծը, եւ դրա նկատմամբ Հայաստանի հետաքրքրվածությունն ու այդ շրջանակում համագործակցության հնարավորությունները, ընդգծել է նախագծի դերը՝ որպես տարածաշրջանի տնտեսությունն ակտիվացնող գործոն, ինչը երաշխիք կարող է դառնալ տարածաշրջանային կայունության ապահովման համար:

Քննարկվել են նաեւ այլ հարցեր: