Տպել
16.12.2017
«Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:
 
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջեւ փոխայցերի ակտիվացումն ու շփումները:
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ջանքերով Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար:
 
Պարոն Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
 
«Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ԼՂ հիմնահարցի առնչությամբ երբեմն անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամությունից: Ակնկալում ենք, որ կարվեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհակասող հայտարարություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել: Մենք դրական ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարեկամության խմբի հայտարարությունը եւ ակնկալում ենք, որ խումբը Լատվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ գործընթաց կսկսի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, եւ իրենց կարծիքը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքին: