Տպել
18.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 25

Դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նշվել է, որ օրինագծի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ այլընտրանքային ծառայության պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործընթացը: Լրամշակված տարբերակում փոփոխություն է կատարվել նախագծի 7-րդ հոդվածում, որով այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվելու է նաեւ հանրապետական հանձնաժողովին:

Երկրորդ ընթերցումով է քննարկվել նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ հստակեցվում են զինծառայողների համազգեստի եւ տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, փաթեթում փոփոխություններ չեն կատարվել:

Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովում քննարկվել են նաեւ խորհրդարանական վերահսկողության թեմայի շրջանակում իրականացվող միջոցառումներն ու կատարված աշխատանքները:

Նույն օրը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրապետական, մայրաքաղաքային եւ տարածքային սփռման հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Պարոն Դեմիրխանյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումը:

Հարակից զեկուցող Արման Սաղաթելյանի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման նպատակն է հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնող ընկերություններին հնարավորություն ընձեռել դիմակայելու տիրող իրավիճակում` սահմանելով պետական տուրքի ավելի փոքր դրույքաչափ: Նշված փոփոխության նպատակն է հնարավորություն տալ հեռուստաընկերություններին, ՀՀ պետական բյուջե վճարվող գումարների իջեցման արդյունքում, ավելի շատ գումար հատկացնել հեռուստահաղորդումների պատրաստման համար, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի որակյալ հաղորդումներ պատրաստել:

Մտքերի փոխանակության ընթացքում զեկուցողները պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվի 2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ նախագծերով առաջարկվում է ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահմանափակեն առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերի մեծությամբ: Նախագծերի ընդունմամբ կամրապնդվեն եւ կընդլայնվեն բյուջետային գործընթացի կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ «ԵԼՔ» եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով տեղի է ունեցել քննարկում: Նիստին ներկա են եղել պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, առաողջապահության ոլորտի մասնագետներ, բժիշկներ եւ փորձագետներ հանրային հատվածից: Նման արտահերթ քննարկում անցկացնելու անհրաժեշտություն է առաջացրել «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ հանրության ունեցած դժգոհության եւ մտահոգության ալիքը: Ինչն է հիմք հանդիսացել պատվաստումներ սկսել 13 տարեկան աղջիկների շրջանում եւ որն է ծրագրի ներդրման գլխավոր պատճառը: Խորհրդարանականների հարցին ի պատասխան ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը փաստել է, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանում գտնվում է արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակի ռիսկային խմբում: Ըստ նախարարության տվյալների՝ 2016-ին մեր երկրում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության 2999 դեպք: Ամեն տարի այս հիվանդության հետեւանքով մեր երկրում մահանում է 120-130 կին: 2016 թվականին մահացել է 105, իսկ 2015-ին` 127 կին: Արդեն մեկ շաբաթ է, ինչ հանրապետությունում մեկնարկել է ծրագիրը, որի արդյունքում ունենք պատվաստված 89 աղջիկ, նշել է Գայանե Սահակյանը եւ հավելել, որ հետպատվաստումային որեւէ խնդիր չի արձանագրվել: Պատգամավորները բարձարացրել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են պատվաստանյութի արդյունավետությանը, պատվաստվելուց հետո հնարավոր առողջական խնդիրներին, կանխարգելման լայն պաշտպանություն ապահովելու հանգամանքին եւ պոլիկլինիկակաները համապատասխան միջոցներով ապահովելուն: Ի պատասխան նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ պատվաստումները կունենան 100 տոկոս անվտանգություն եւ արդյունավետություն: Պատվաստանյութն ի զորու է չեզոքացնել քաղցկեղի 6 տեսակ, ուստի ապագայում չի բացառվում, որ կպատվաստվեն նաեւ տղաները, իր խոսքում հավելել է նախարարը:

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար Հայաստանն ստացել է 178, 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ:

Հանձնաժողովում ի գիտություն են ընդունվել ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով մասնագիտական քննարկումների արդյունքները:

Այնուհետեւ հանձնաժողովում քննարկվել են ՀՀ կառավարության առաջարկած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագծերը: Ինչպես նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, փոփոխությունները պայմանավորված են ՀՀ նոր Սահմանադրության դրույթների իրացմամբ եւ միջազգային պարտավորությունների կատարմամբ:

Հանձնաժողովականները նախագծերի վերաբերյալ ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնք սահմանված կարգով կքննարկվեն ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 19-ին գումարվելիք արտահերթ նիստում:

Նիստում հաստատվել է նաեւ «Խորհրդարանական վերահսկողության 2018 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում» լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է սննդի անվտանգության ապահովման համակարգում կենդանական ծագման մթերքի անվտանգության եւ շրջանառության փուլում պատշաճ վերահսկողության ապահովման, ինչպես նաեւ կենդանական ծագման մթերքի անվտանգության առաջնային երաշխավոր հանդիսացող անասնաբուժական համակարգի առկայության հանգամանքով: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի վարչական տարածքում համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար տեղական վճարի եւ ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափի սահմանում՝ փոխհատուցման գումարի չափով: Արդյունքում՝ համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց համայնքի ավագանին իրավասու կլինի իր որոշմամբ սահմանել մատուցվող ծառայությունների դրույքաչափերը` ըստ ծառայության տեսակների (պատվաստում` բացառությամբ գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրով նախատեսված միջոցառումների, բուժում, ախտորոշում եւ այլ վճարովի անասնաբուժական ծառայություններ) եւ դրա միջոցով ոչ միայն անասնաբույժին վճարել մրցունակ վարձատրություն, այլեւ խրախուսել նրա աշխատանքը եւ համալրել նաեւ համայնքի բյուջեն: Փաթեթի ընդունումը կնպաստի համայնքներում անասնաբույժների ինստիտուտի ձեւավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն եւ վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ: Կլուծվի նաեւ սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական՝ կենդանական ծագման մթերքի անվտանգության եւ շրջանառության փուլերում պատշաճ վերահսկողության խնդիրը:

Փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում :

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկել եւ եզրակացություն է ներկայացրել դեկտեմբերի 19-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը եւ գործող մեխանիզմների կատարելագործմանը:

Նշվել է, որ ներկայում արձանագրվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազումներ եւ ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների? այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք իրենց արտացոլումը կունենան նաեւ ՀՀ-ում համապատասխան սակագների վրա, ապա այդ պարագայում ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագներն ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արեւային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արեւային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` 50 տոկոսից ցածր լինելու դեպքում:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներում ամրագրված է, որ արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների թույլատրելի դրվածքային հզորությունը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտը, հնարավորություն ընձեռելով էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ, միեւնույն ժամանակ առավելագույնը 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը թողնել անփոփոխ ֆիզիկական անձանց համար, որն ամրագրված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում:

Նախագծերի ընդունմամբ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի Հայաստանի տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերն առնչվել են ոլորտի, արեւային էներգիայի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սահմանափակման եւ այլ խնդիրների:

Բոլոր հարցադրումներին տրվել են հստակ պարզաբանումներ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ օրենքը կյանքի կոչվելով հնարավորություն կտա համակարգում իրականացնել լուրջ ներդրումներ, ինչն էլ իր հերթին կնպաստի բնագավառի զարգացմանը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երկրորդ ընթերցման է ներկայացրել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ եւս 10 օրինագծերից բաղկացած օրենսդրական փաթեթը:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի բեռի թեթեւացմամբ: Նախատեսվում են վարչական մարմինների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման նոր ուղղություններ, մասնավորապես? վարչական մարմնի վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում:

Խոսրով Հարությունյանն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումը՝ նշելով, որ այն կարգավորում է ոլորտում առկա մի շարք հարցեր:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթին տվել են դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ եւս 36 օրինագծերից բաղկացած օրենսդրական փաթեթը:

Փաթեթի նպատակը հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաեւ տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշել է, որ ակնկալվում է նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտներում, ինչպես նաեւ գործառնությունների եւ գործարքների իրականացման ժամանակ:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները ներկայացրել են առաջարկություններ, որոնց հիմնական մասն ընդունվել է:

Մշտական հանձնաժողովը օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Նույն օրը ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն դեկտեմբերի 19-ին գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը? կից օրենսդրական փաթեթով հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենքում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոխոխությամբ: Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը:

Արթուր Հովհաննիսյանը հանձաժողովի քննարկմանն է ներկայացրել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը», «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը՝ կից օրենսդրական փաթեթներով:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ դատական օրենսգիրքը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին` կից օրենսդրական փաթեթով:


18.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ՀՀ-ի քսանհինգամյա համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որն արձանագրել է դրական զարգացումներ: ՀՀ ԱԺ նախագահն անդրադար...

18.12.2017
«Ռազմավարական հաղորդակցություն» թեմայով աշխատաժողով Դիլիջանում
«Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ Տավուշի մարզի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում դեկտեմբերի 16-17-ը կազմակերպվել էր «Ռազմավարական հաղորդակց...

18.12.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 18.12.2017, ժամը 11:00, 414 սենյակ, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 18.12.2017, ժամը 13:00, 314 սենյակ, ...