Տպել
19.12.2017
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը
1 / 4

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:

Եվրոպացի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկվող թեմաները: Պարոն Աշոտյանի խոսքով՝ մեր քաղաքացիները, ունենալով շփումների լայն դաշտ, բարեփոխումներ ասելիս այնուամենայնիվ ընկալում են Եվրոպա, որի հետ համագործակցության հիմքում ընկած չեն լոկ քաղաքական շահեր, խոսքն ընդհանուր արժեհամակարգի մասին է: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն ամրապնդել է իր տեղը Արեւելյան գործընկերության տարածքում՝ որպես ազատ եւ ինքնիշխան երկիր՝ առաջնահերթությունը տալով անվտանգությանը:

Ըստ բանախոսի՝ նոր համաձայնագիրը կայունության եւ խաղաղության լրացուցիչ գործոն կարող է լինել: Քաղաքական համագործակցության կիզակետում կայուն քաղաքական միջավայրի ստեղծումն է: Պարոն Աշոտյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, նշել է, որ Հայաստանն այն տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համագործակցելով ավելին ավելիի դիմաց ձեւաչափով՝ Հայաստանն ակնկալում է եվրոպական քաղաքական ինստիտուտների աջակցությունը:

Անդրադառնալով համաձայնագրի վավերացմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի այն, սակայն այն իրավական փաստաթուղթ դառնալու համար պետք է վավերացվի նաեւ ԵՄ ազգային խորհրդարանների կողմից:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր ելույթում նշել է, որ նոյեմբերին ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նրա կարծիքով՝ այս պատմական համաձայնագրի հիմքում ընկած է հավատարմությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգին:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության շրջանակում կողմերի համագործակցությանը՝ պարոն Քարիմը նշել է, որ այն գործիք չէ, որն ուղղորդում է Հայաստանին ընտրություն կատարել ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ:

Հայաստանն ունի կամք՝ իրականացնելու բարեփոխումները քաղաքացիական հասարակության պահանջներին եւ ԵՄ առջեւ ստանձնած պարտավորություններին համահունչ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունները պետք է զուգակցվեն օրենսդրական համագործակցությամբ: Հայաստանի համար 2017 թվականը նշանավորվել է համաձայնագրի ստորագրմամբ: Սկսվել է համաձայնագրի վավերացման գործընթացը, եւ նախատեսվում է այն ավարտել հաջորդ տարվա գարնանը: Պարոն Նազարյանի խոսքով՝ ՀՀ-ին հաջողվել է իրագործել ստանձնած պարտավորությունները: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, այն կարեւոր կետ է մերձեցման համար: Նա նշել է, որ տարածաշրջանի կայունացման հարցում ՀՀ-ն իր հանձնառությունը երբեք չի պայմանավորելու արտաքին գործոններով: Կարեն Նազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշմանը հավատարիմ լինելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերընթաց են ապրում, որն արձանագրելը իսկապես հաճելի է:

ՀՀ-ն առաջին պետությունն է, որը բանակցել է ԵՄ-ի հետ նոր տեսակի փաստաթղթի ստորագրման շուրջ: Նոր համաձայնագրի ստորագրումը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում բարեփոխումների իրականացման համար: Ըստ դեսպանի՝ նոյեմբերի վերջում հնարավոր է եղել ընդլայնել օժանդակության նոր ծրագրի շրջանակը, որով ԵՄ-ն իր աջակցությունը Հայաստանին կավելացնի 20-25 տոկոսով: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում պարզ օրակարգ ունի՝ միտված խաղաղության պահպանմանը եւ բարեփոխումներին օժանդակելուն: Իսկ Հայաստանը նախաձեռնել է բարեփոխումների հավակնոտ գործընթաց, եւ ԵՄ-ն առաջնահերթ է համարում Հայաստանի ապագայի համար անչափ կարեւոր այս գործընթացներին օժանդակելը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ազդեցությանը քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա, նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ-ի համար բեկումնային ժամանակաշրջանում: Սակայն որեւէ համաձայնագիր կամ օրենսգիրք չի կարող օգնել, եթե չլինի բարեփոխումներն իրականացնելու կամք: Տիկին Զոհրաբյանը համաձայնագիրը համարել է մեր երկրի համար բազմաթիվ դռներ բացելու ունակ բանալի, եթե ճիշտ կիրառվի: Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը եւ Հայաստանը կանգնած են լրջագույն փոփոխությունների շեմին, որոնք իրականացնելու համար պետք է աջակցեն միմյանց. այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել նաեւ Եվրոպայի առջեւ: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես եվրոպական տարածք է, եւ մենք պիտի կարողանանք գտնել ճիշտ մոտեցում այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Եվրոպացի գործընկերներին սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական կառավարման համակարգին անցման հետ առնչվող հարցերի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Էդմոն Մարուքյանը:

Ընտանեկան օրենսգրքի բարեփոխումներին անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսել է 2017 թվականի ապրիլին եւ նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի զեկույցը վերաբերել է ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը եւ հիմնարար սկզբունքներին:

Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացը:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել նաեւ եվրոպացի պատգամավորները:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքը կշարունակվի դեկտեմբերի 20-ին:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...