Տպել
12.01.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
1 / 3

Հունվարի 12-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսում ՀՀ ջրային օրենսգրքում, «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծերը միտված են ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը, շրջակա միջավայր արտանետվող կեղտաջրերի աղտոտման ծավալների նվազեցմանը:

Ըստ հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կկարգավորվեն ջրահեռացման հետ կապված իրավահարաբերությունները, կսահմանվեն կեղտաջրերի ու ջրահեռացման համակարգերի տեսակները եւ ըստ վերջիններիս՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը եւ մոնիտորինգին ներկայացվող պահանջները: Նախատեսվում է կեղտաջրերի կրկնակի օգտագործում՝ օրենսդրությամբ թույլատրելի նպատակներով՝ համապատասխանեցնելով որակի պահանջվող նորմերին:

Հարակից զեկուցող, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանն առաջարկել է ջրահեռացման եւ ջրամաքրման գործառույթները մեկտեղել՝ իրականացնելով պիլոտային ծրագիր:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար: