National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.01.2018
Ազգային ժողովն սկսել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 8

Հունվարի 15-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ այս հարցի առնչությամբ ՀՀ Նախագահի առաջարկները՝ իր նախաձեռնությամբ հունվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետեւ պատգամավորները հաստատել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունվարի 15-ին գումարված հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն» կատարելու մասին» օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելը:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», ՀՀ ԱԺ «Ծառուկյան», ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունների հեղինակած «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը : Դրանով խստորեն դատապարտվում են ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությամբ պայմանավորված թիրախավորված գործողությունները: Ինչպես նշել է պարոն Մախմուդյանը՝ 2014թ. իրականացվել են հարձակումներ եզդիներով բնակեցված Սինջար քաղաքի վրա (Իրաքի հյուսիս), որտեղ սպանվել է ավելի քան երեք հազար մարդ, երկու հարյուր հազար եզդի դարձել է փախստական, առեւանգվել են մոտ 5000 կին ու աղջիկ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը: Ռուստամ Մախմուդյանը ցավով նշել է, որ դեռեւս նման ցեղասպան գործողությունները կրում են շարունակական բնույթ: Պատգամավորի խոսքով՝ եզդիների նկատմամբ կատարվածը դատապարտելու, դրանք ցեղասպանություն որակելու ուղղությամբ արձագանքել ու իրենց կոշտ գնահատականներն են տվել մի շարք պետություններ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Ըստ հիմնական զեկուցողի՝ եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության դատապարտմանը ՀՀ Ազգային ժողովը նոր չէ, որ անդրադառնում է. դեռեւս հինգերորդ գումարման ընթացքում մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ նույնպես շրջանառության մեջ դրված է եղել համանման նախագիծ, իսկ այսօր քննարկվող նախագծին օրեր առաջ միացել են ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր չորս խմբակցությունները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ խնդիրները, որոնք արտահայտված են հայտարարության նախագծում, նախեւառաջ մարդասիրական ու համամարդկային են: Համահեղինակի խոսքով՝ քննարկվող հարցի շուրջ համախմբվել են խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերը՝ հաշվի առնելով երեք կարեւոր հանգամանք. հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, գիտակցում են այդ վիշտը, ՀՀ տարածքում որպես լիիրավ քաղաքացիներ՝ ապրում են հազարավոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ եզդիներ եւ նրանց նկատմամբ կատարված քաղաքական, պատմական, ռազմական անարդարությունն ու ոճրագործությունը պետք է հստակ գնահատական ստանան: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը գնահատական է տալիս նման երեւույթներին:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ կատարվածը միջազգային տարբեր կառույցներ որակել են ցեղասպանություն: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանը միաձայն կողմ կքվեարկի քննարկվող հարցին:

ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել մի շարք պատգամավորներ

Ըստ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի՝ եթե միջազգային հանրությունը կամ գերտերությունները ժամանակին ընդունեին հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանությունը, ապա այսօր չէին լինի եզդիների կամ այլ ժողուվուրդների ցեղասպանություններ: Նա նշել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտել է եզդիների նկատմամբ կատարվածը: Պարոն Հասանովը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել հայտարարության նախագծին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս կարեւորել է հայտարարության ընդունումը: Ըստ նրա՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է կատարվել եւ ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու կանխարգելման գործում նախաձեռնությունների հեղինակ պետք է լինի նաեւ Հայաստանը: Ըստ բանախոսի՝ մեր երկրում կա ազգային փոքրամասնություն եւ նրա իրավունքների պաշտպանությունն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս Հայաստանի եւ հայ ժողովրդի պարտականություններից է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հայտարարության նախագիծն ունի պատմական նշանակություն: Նրա խոսքով՝ որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք դիրքորոշում արտահայտելու մարդկության դեմ իրականացված այս հանցագործության դատապարտման եւ կանխարգելման հարցում: Նա արձանագրել է, որ միջազգային մասնագիտական շրջանակները տեղի ունեցածը փաստերի հիման վրա բնորոշում են ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանություն, որին զոհ են գնացել ոչ միայն եզդիներ, այլ նաեւ քրիստոնյաներ եւ ոչ սունի մահմեդականներ:

Կարեւորելով նախագծի ընդունումը՝ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը կարծիք է հայտնել, որ նման հանցագործության կանխարգելման եւ դատապարտման հարցում հայ ժողովուրդն ունի պատմական առաքելություն եւ եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, ապա հնարավոր է ցեղասպանության այլ դրսեւորումներ տեղի չունենային: Պատգամավորը կարեւորել է հայտարարության նախագծի գործնական կիրառումը՝ նշելով, որ ժամանակն է միջազգային կազմակերպություններից պահանջելու ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների պատշաճ միջազգային գնահատական եւ հատուցում:

ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովի համոզմամբ՝ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւս կարեւորել է այս նախաձեռնության ընդունումը, անդրադարձել ցեղասպանությունների կանխարգելմանը, ճանաչմանը եւ իրազեկմանը: Նրա խոսքով՝ որեւէ ազգի նկատմամբ նման ոճրագործությունը երբեք վաղեմության ժամկետ չի կարող ունենալ:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հայտարարության նախագծի ընդունման հարցում խորհրդարանական քաղաքական ուժերի փոխհամաձայնությունը: Պարոն Շարմազանովը խորհրդանշական է համարել նախագծի ընդունումը հոբելյանական տարում՝ 2018 թվականին. 1948 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան:

«ՀՀ խորհրդարանականներիս խնդիրը պետք է լինի ոչ միայն պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման համար եւ թուրքական ժխտողականության դեմ, այլ նաեւ պետք է լինենք առաջամարտիկն ընդդեմ ցեղասպանություն երեւույթի եւ, որը շատ ավելի կարեւոր է, այն կեղծ ցեղասպանությունների, որոնց մասին փորձում են խոսել «նոր ստեղծված» տարբեր պետություններ»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արմեն Ռուստամյանը: Խմբակցության ղեկավարը կարեւորել է լրամշակված տարբերակում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ նշելով, որ «ցեղասպանական գործողություն» եզրույթը տարատեսակ մեկնաբանության առիթ էր տալիս: Պարոն Ռուստամյանը կարեւորել է նախագծով ահաբեկչական խմբավորման կողմից կատարածը ցեղասպանություն որակելը, քանի որ որեւէ խմբավորման կողմից ցանկացած ոճրագործություն ահաբեկչություն չէ:

Եզրափակիչ ելույթներում Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներին ու մտահոգություններին:

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը կեղտաջրերի մաքրման եւ հեռացման համակարգային լուծումներ առաջարկելն է: Սահմանվում է պահանջ, ըստ որի բոլոր համայնքները կամ համապատասխան կազմակերպությունները պետք է ապահովեն կեղտաջրերի մաքրման եւ հեռացման հասանելի ծառայություններ: Կառավարությունն առաջարկում է մինչեւ 2030 թվականն այս գործընթացն իրականացնել հիմնականում մասնավորի ներգրավմամբ՝ խթանելով պետության դրամաշնորհային քաղաքականությունը, մասնավոր բարեգործական կազմակերպությունների գործունեությունը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա կարեւորել է ներդրումային ծրագրերի իրականացումը եւ կարծիք հայտնել, որ արտադրական տեսանկյունից մաքրման գործառույթներն արդյունավետ կարելի է իրականացնել նաեւ տեղային մաքրման կայանների միջոցով:

Արտահայտվելով նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ բնապահպանական խնդիրների լուծմանը կողմ է դրամաշնորհների, բայց ոչ վարկային միջոցների հաշվին, իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ նախագծով պետք է հաշվի առնվեն համայնքի ֆինանսական հոսքերի ռիսկերը: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, կարեւորելով համակարգի կայացումը, ընդգծել է, որ պետք է ուժեղացվեն այն երաշխիքները, որոնք հնարավորություն կտան մասնավոր կազմակերպություններին ներդրումներ կատարելու: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն անդրադարձել է ծրագրի իրականացման հարցում ֆինանսական միջոցների առկայությանը:

Եզրափակիչ ելույթներում Արամ Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանն անդրադարձել են հնչեցված մտահոգություններին:

Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը : Փորձ է արվում հստակեցնել տնտեսական գործունեություն նախաձեռնելիս վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման համար լիցենցիա ստանալու կարգն ու պետական տուրքին առնչվող որոշակի հարցեր: Հիմանական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշել է, որ փաթեթով, ինչպես գործող օրենքում է, մեկ լիցենզիա է տրվելու, սակայն 5 ուղղությունների համար կլինեն առանձին ներդիրներ: Յուրաքանչյուր գործունեության համար առաջարկվում է 60.000 դրամ պետական տուրք սահմանել, իսկ նշված ուղղություններից երկրորդ անգամ իրականացնելու դեպքում սահմանված պետական տուրքն առաջարկվում է նվազեցնել 10.000-ական դրամով:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը կառավարության համար ընդունելի է:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով : Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է դեպքի վայրն ապահովելու համար հետաքննության մարմինների համար սահմանել միասնական համապատասխան վարքագծի կանոններ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ համաձայնագիրը նպատակ ունի կարգավորելու երկու պետությունների քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունները: Արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիները կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով՝ հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից, եթե տվյալ պետությունն այլ ընթացակարգ չի սահմանում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան: Առաջարկում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը, երթուղիների սպասարկման մրցույթները իրականացնել մեկ փաթեթով. կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի բոլոր երթուղիները: Նախատեսվում է ներդնել նաեւ միասնական տոմսային եւ տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգեր:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթի նպատակն է կարգավորել եւ առավել արդյունավետ դարձնել ուղեւորափոխադրումները մարզերում ու համայնքներում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Օրինագծով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրման դեպքում նախատեսվում է նախազգուշացում, արարքը նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու դեպքում կնշանակվի տուգանք միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը փաստել է, որ լրամշակված տարբերակը բարելավվել է:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը զբոսաշրջության զարգացման հարցում առանձնակի կարեւորել է ժամանակակից ենթակառուցվածքների արդիականացումը նաեւ հեռավոր մարզերում, ճանապարհների որակի բարելավումը:


Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Գալուստ Սահակյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Կարինե Աճեմյանի եւ Մարգարիտ Եսայանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», կառավարության հեղինակած «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի, Կարեն Ավագյանի, Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի հունվարի 16-ին:


15.01.2018
Կկայանա ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի ատենախոսության պաշտպանությունը
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի ատենախոսության պաշտպանությունը կայանալու է հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում գործող ԲՈՀ-ի «Իրավագիտության» 041 մասնագիտական խորհրդում (0028, ք. Երեւան-28, Կիեւյան 8): ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am