Տպել
24.01.2018
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 24-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ Լարս Ադակտուսոնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերի: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ոչ թե արագ, այլ խելամիտ քայլերի արվեստով՝ նպատակ ունենալով խուսափել բաժանարար գծերից: Այս համատեքստում կարեւորվել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի դերը՝ համադրված Ռուսաստանի հետ բարեկամական եւ ռազմավարական դաշնակցային հարաբերություններով:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ չնայած ազգային խորհրդարաններից յուրաքանչյուրն ունի քաղաքական օրակարգի կազմավորման իր առաջնահերթությունները, այնուամենայնիվ, հայկական կողմն ակնկալում է համաձայնագրի վավերացման գործընթացի խթանում, ինչում իրենց դերը կարող են ունենալ նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ արցախյան շարժումը, որի 30-ամյակը լրանում է այս տարի, ոչ մի կերպ չի կարող բնութագրվել որպես աշխարհաքաղաքական: Այս առնչությամբ նա հավելել է, որ հակամարտությունը բացառապես ազգային է՝ հիմնված Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքների իրացման ցանկության, Ադրբեջանի հետ արժեհամակարգային տարբերությունների եւ դրանց հաղթահարման անհնարինության վրա: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից ակնկալվում է առավել ակտիվ ներգրավվածություն հակամարտության կարգավորման գործընթացում՝ առանց խոչընդոտ դիտարկելու Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակի» առկայությունը: Այս համատեքեստում Արմեն Աշոտյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածության հարցը հակամարտության կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ նրա կամարտահայտությունը կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու:

Հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծապես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերն ու ջանքերը՝ հարցի լուծման եւ տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Կողմերը փաստել են, որ հակամարտությունը չի կարող լուծում ունենալ առանց Արցախի ժողովրդի:

Զրուցակիցները եվրոպական խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնն իր այցի շրջանակում այցելելու է նաեւ Արցախ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...