Տպել
24.01.2018
ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է Ազգային ժողով
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը եւ խմբի անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւայի հետ:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար:

Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքն ու միջազգային տարբեր հարթակներում համագործակցության խորացումը:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա հարաբերությունները՝ ընդգծելով բուլղարահայ համայնքի դերը դրանց ամրապնդման հարցում:

Զրուցակիցները կարեւորել են համագործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Բուլղարիայի նախագահի գլխավորած պատվիրակության Հայաստան սպասվելիք պաշտոնական այցին, ընդգծել երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ հուշագրի ստորագրումը: