Տպել
06.02.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ
1 / 7

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 6-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Յան Վելերսը (Բելգիա) եւ Յասնա Օմչեկը (Խորվաթիա), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետ Զոիլա Կոմբալիան (Իսպանիա), ԵԽ Վենետիկի հանձնաժողովի Քարտուղարութան իրավաբան Գրիգորի Դիկովը եւ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունից հանդիպել են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը եւ Արամ Սարգսյանը:

Ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի հետ երկարատեւ, արդյունավետ համագործակցությունը` Էդմոն Մարուքյանը համոզմունք է հայտնել, որ փորձագետների մասնակցությունն ու առաջարկները նպաստավոր կլինեն նման կարեւոր օրենքի նախագծի ընդունման համար:

«Դուք պատմական մի երկրում եք, որի ժողովուրդն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը: Հայ ժողովուրդն այս տարածաշրջանում գոյատեւել է նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգապահպան գործունեության շնորհիվ: Բնականաբար, եկեղեցու կարծիքն ու դերակատարումը մեծ է լինելու այս օրենքի նախագծի քննարկման եւ ընդունման հարցում»,- ասել է Արամ Սարգսյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները նշել են, որ օրենքի նախագծի քննարկման շրջանակում նախատեսվում են հանդիպումներ, որից հետո օրինագծի վերաբերյալ խմբակցությունը կներկայացնի իր դիրքորոշումը:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հաջորդ հանդիպումը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի,  Տիգրան Ուրիխանյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ էր: Միքայել Մելքումյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր հոդվածներում բազմիցս անդրադարձել է կրոնական կազմակերպությունների խնդիրներին` ընդգծելով, որ օրենքի նախագիծը բավականին լուրջ քննություն պետք է անցնի: Գեւորգ Պետրոսյանի խոսքով` պետք է բացառվի անչափահասների ներգրավումը կրոնական կազմակերպությունների գործունեության մեջ:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Կորյուն Նահապետյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Ռուստամ Մախմուդյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել օրենքի շուրջ քննարկումների եւ համատեղ աշխատանքի առնչությամբ, իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել խմբակցության անդամներին:

Հրայր Թովմասյանը հանգամանալից պատասխանել է փորձագետների հարցերին` անդրադառնալով օրենքի նախագծի որոշ կարեւորագույն դրույթների: Հարցերը վերաբերել են կրոնական կազմակերպությունների գրանցմանը, իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը:

Արմեն Աշոտյանը, անդրադառնալով օրենքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների, կարեւորել է դրանց հստակեցման անհրաժեշտությունը: «Մենք ցանկանում ենք ապահովել հայ առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակը, ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի ինստիտուտ, որտեղ խղճի ազատության անվան ներքո չաշխատեն այլ բնույթի կազմակերպություններ»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝  ԵԽ Վենետիկի հանձնաժողովի Քարտուղարութան ներկայացուցիչ Գրիգորի Դիկովը ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հարցմանն ի պատասխան ասել է. «Հանդիպումները բավականին արգասաբեր էին: Վենետիկի հանձնաժողովի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության իշխանության հետ միշտ էլ եղել է կառուցողական: Հուսով եմ՝ այցի ընթացքում բավականաչափ տեղեկատվություն կունենանք, որպեսզի հավասարակշիռ եզրակացության հանգենք, որում հաշվի կառնվեն եւ եվրոպական չափանիշները, եւ, միեւնույն ժամանակ, Հայաստանի բացառիկ կարգավիճակը»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...