Տպել
15.02.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ, հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթեւանա` նպաստելով դրանց էժանացմանը: Ըստ նախագծի` 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, անդրադառնալով հանձնաժողովականների բարձրացրած հարցերին, նշել է, որ արդեն իսկ ՀՀ հարկային օրենսգրքով լայն գործիքակազմ է առաջարկվել գների բարձրացումը զսպելու համար, իսկ նախագծով ակնկալվող փոփոխությունները բացասական հետեւանքներ են պարունակում, որոնք եւս պետք է հաշվի առնել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը, իրատեսական է գնահատել «Ելք» խմբակցության առաջարկած նախագիծը:

Մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նախագծի ընդունումը խնդիրներ կարող է առաջացնել 2018 թ. առանց այն էլ ռիսկային բյուջեի կատարման համար:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ: